երկուշաբթի, 19 հունվարի 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչի և խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Էրիկ Պոպին և Վիվիեն Լյուբզանսկիին Հայաստանում և համոզմունք հայտնել, որ նրանց այցը կնպաստի առաջիկա խաղերին պատրաստվելու համատեղ ջանքերին։
Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է Վիվիեն Լյուբզանսկիին Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու հմտությունները լավագույնս կծառայեն կոմիտեի ակտիվ գործունեությանը:
Էրիկ Պոպը և Վիվիեն Լյուբզանսկին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել ՀՀ Կառավարության հետ սերտ համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել կազմակերպչական աշխատանքների, ենթակառուցվածքների նախապատրաստման ընթացքին, մտքեր փոխանակել տարբեր դիտարկումների և առաջարկությունների շուրջ:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության կողմից ներդրվող ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ արդյունավետ աշխատանքը թույլ կտան լավագույնս կազմակերպել և անցկացնել խաղերը Հայաստանում:










