Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 ապրիլի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը նշել է, որ ներկայացվող օրինագիծն ամփոփ հաշվետվություն է մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման, ինչպես նաև 2004թ. իրականացված մասնավորեցման գործարքների և մասնավորեցված ընկերություններում պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Ըստ զեկուցողի, հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները և իրականացված միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում առավելագույն ներդրումներ ներգրավել և ընկերությունները վաճառել ներդրողներին՝ գործարար ծրագրերին համապատասխան: Այդ կերպ, հաշվետու ժամանակաշրջանում գերակայել են ուղղակի վաճառքի և մրցույթի ձևով մասնավորեցման գործարքները: Ծրագրում ընդգրկված 69 ընկերություններից 48-ը (կամ 69%-ը) մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձևով, 15-ը (կամ 22%-ը)՝ մրցույթով և 6-ը (կամ 9%-ը)՝ աճուրդով: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գերակշիռ մասը վաճառվել է դրանց աշխատավորական կոլեկտիվներին, 17-ը՝ նախօրոք հայտնի գնորդներին, 3-ը՝ վարձակալներին և 3-ը՝ ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին: Հաշվետվության համաձայն, մրցույթով մասնավորեցված 15 ընկերությունների շարքում, ամենախոշոր գործարքը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մասնավորեցումն է, որի պետական սեփականություն հանդիսացող 957334 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ անվանական արժեքով, մասնավորեցվել են գերմանական և տեղացի ներդրողներին: Նշվել է, որ գործարքի արդյունքում նախատեսվում են շուրջ 150-200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որոնք կուղղվեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ծրագրերի իրականացմանը: Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են 6 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, ինչպես նաև 11 միավոր պետական գույք: Ըստ հաշվետվության, 2005թ. հունվարի 1-ի դրությամբ, լուծարման գործընթացում են գտնվել մասնավորեցման բոլոր ծրագրերում ընգրկված 214 ընկերություններ, որոնցից 108-ը ներկայացվել է սնանկացման և բոլորի վերաբերյալ կայացվել է դատական վճիռ, 56-ը լուծարվել է, իսկ 50 ընկերություն գտնվում է լուծարման գործընթացում: Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման մասին որոշում է ընդունվել ծրագրում ընդգրկված 8 ընկերությունների վերաբերյալ, 7-ի լուծարումն ավարտվել է:

Հաշվետվության համաձայն, 2001-2003թթ. ՀՀ պետբյուջեի՝ մասնավորեցումից ստացված ընդհանուր մուտքերը կազմել են 2 մլրդ 752 մլն դրամ և 45 մլն ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ ընկերությունների մասնավորեցումից ստացված գումարները կազմել են 2 մլրդ 387,1 մլն դրամ և 45 մլն ԱՄՆ դոլար, «փոքր» օբյեկտներից՝ 297,8 մլն դրամ և անավարտ շինարարության օբյեկտներից՝ 67,1 մլն դրամ: Ընդահանուր առմամբ, պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները, 2005թ. հունվարի 1-ի դրությամբ, կազմել են 78 մլրդ 244 մլն107.5 հազար դրամ, իսկ 2004թ. ընթացքում՝ 2 մլրդ 752 մլն 29.6 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել նաև «Մտավոր սեփականության բնագավառում պետական կառավարման» հայեցակարգին: Փաստաթղթում՝ հաշվի առնելով նշված ոլորտում զարգացած երկրների փորձը, վերլուծվում է մտավոր սեփականության իրավական պահպանության, ինչպես նաև տնտեսության մեջ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման ներկա վիճակը, ներկայացվում են առկա խնդիրները և առաջարկում դրանց լուծման ուղիները: Հայեցակարգով նախատեսվում են նաև արդյունաբերական սեփականության , հեղինակային իրավունքի ոլորտները կանոնակարգող օրինագծերի, օրենսդրական ակտերի մշակում կամ դրանցում փոփոխությունների ու լրացումների իրականացում, գյուտարարներին, փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներին մտավոր սեփականության իրավական պահպանության, օգտագործման և անհրաժեշտ տեղեկատվության ու խորհրդատվության ապահովում, մտավոր սեփականության բնագավառում առաջացած խնդիրների քննարկման և կարգավորման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, ՀՀ մտավոր սեփականության գործակալության կադրերի պատրաստման և մասնագիտական որակավորման կատարելագործում և այլն:

Նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի հաղորդումը 2004թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկանքի համաձայն, 2004թ. հանձնաժողովի կողմից բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում 29 երկրներից հանրապետություն են ներմուծվել 18.42 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 124 կազմակերպությունների հասցեով, այդ թվում՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեներով համապատասխանաբար 7.1 մլրդ և 11.32 մլրդ դրամ արժեքով: Դրանց 50.54 տոկոսը առողջապահության բնագավառի բեռներ են՝ դեղորայք, բժշկական պարագաներ և սարքավորումներ: Զեկուցողը նշել է, որ 2004թ., 2003թ-ի համեմատությամբ, ներմուծված բեռների մաքսային արժեքը նվազել է 9.69 մլրդ դրամ արժեքով, իսկ 2004թ., 2003-ի համեմատությամբ, ներմուծված բեռների մաքսային արժեքը նվազել է 9.69 մլրդ դրամի չափով, ինչը պայմանավորված է մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելով: Բեռների 70.89 տոկոսը ներմուծվել է ԱՄՆ-ից, 5.85 տոկոսը՝ Իտալիայից, 3.8 տոկոսը՝ Գերմանիայից և 3.41 տոկոսը՝ Իրանից: Ըստ տեղեկանքի, մասնավորապես, ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով տարվա ընթացքում Հայաստան են ներմուծվել շուրջ 170 տոննա բեռներ՝ 13.7 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ, 2004թ. ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կառուցվել և վերակառուցվել է 231 բնակարան, 9 բնակելի շենք, կառուցվել է 2 ջրագիծ, վերանորոգվել է 8-ը, վերկառուցվել և վերանորոգվել է 20 դպրոց: Հանձնարարվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ վերահսկողություն սահմանել համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնություն և բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների ու մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 250 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հայաստանի գրողների միությանը տրամադրելու համար, Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվելիք ասմունքի հանրապետական փառատոնի անցկացմանն աջակցելու նպատակով: Որոշմամբ 1 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանի պետական համալսարանին տրամադրելու համար, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված քարոզչական միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը ֆինանսավորելու նպատակով:

Վերաբաշխում կատարելով ՀՀ 2005թ. պետական բյուջեում, կառավարությունը, իր պահուստային ֆոնդի միջոցներից, հատկացրել է նաև 14 մլն դրամ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արմավիրի մարզի Հացիկ համայնքում 120 հա հողատարածքի ոռոգման նպատակով խորքային հոր հորատելու համար, ևս 15 մլն և 4 մլն 500 հազար դրամ համապատասխանաբար Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարաններին՝ հողօգտագործողներին աջակցելու նպատակով կարտոֆիլի տնկանյութ ձեռք բերելու համար:

Գործադիրը հավանություն է տվել սովորողների գնահատման հայեցակարգին, որը պայմանավորված է գործող գնահատման համակարգի բարեփոխումների իրականացման համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ: Ըստ հայեցակարգի, դպրոցի ավարտական քննությունների և բուհի ընդունելության մրցույթի կազմակերպման գործընթացի միասնականացումը հնարավորություն կընձեռի սովորողների համար ստեղծել քննություն հանձնելու նպաստավոր և հավասար պայմաններ, բարելավել կրթության որակի պետական ու ներդպրոցական վերահսկողությունը, ապահովել քննությունների անցկացման պատասխանատվությունը, գնահատման օբյեկտիվությունը և այլն: Հայեցակարգը կնպաստի նաև ՀՀ կրթական համակարգի վարկանիշի բարձրացմանը և նրա ինտեգրմանը միջազգային կրթական համակարգին: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ մինչև հանրակրթական դպրոցների 2006/2007 ուսումնական տարվա ավարտական քննությունների անցկացումը՝ ապահովել հայեցակարգին համապատասխան գնահատման նոր համակարգի ներդնումը:

Նիստում հաստատվել է նաև բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը: Դրանով սահմանվում է, որ նշված չափորոշիչները ձևավորվում և հաստատվում են ՀՀ-ում գործող բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության յուրաքանչյուր մասնագիտության համար (դրա մեջ մտնող մասնագիտացումների հաշվառմամբ): Կարգի համաձայն, յուրաքանչյուր մասնագիտության (մասնագիտացման) համար հաստատվում է մեկ չափորոշիչ, որի պահանջների ապահովումը պարտադիր է տվյալ մասնագիտությամբ (մասնագիտացման) ուսուցում իրականացնող հաստատության համար:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է ՀՀ 2005/2006 ուսումնական տարվա՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը: Որոշման համաձայն, սահմանվել են մագիստրատուրա ընդունելության համար 350 տեղ՝ անվճար հիմունքներով, պետական կրթաթոշակով և պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ասպիրանտուրա ընդունելության համար առկա ուսուցմամբ 224 տեղ՝ անվճար հիմունքներով, պետական կրթաթոշակով և պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով, դոկտորանտուրա ընդունելության համար 11 տեղ՝ անվճար հիմունքներով, պետական կրթաթոշակով: Սահմանվել է նաև, որ 2005/2006 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության անվճար ուսուցմամբ տեղերը, ըստ մասնագիտությունների, բուհերում ու գիտական կազմակերպություններում բաշխում և տեղադրում է ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը՝ ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի համաձայն: Թույլատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ ներկայացված հայտերի, տեղադրել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր: Կառավարությունը հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծով առաջարկվում է թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում կառուցել աշխատած միջուկային վառելիքի՝ մինչև 50 տարի պահման ժամկետով, չոր եղանակով պահպանման պահեստարան:

Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ, գործադիրը նշված նախարարության աշխատակազմում ստեղծել է հասարակության հետ կապերի բաժին:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը: Այն լրամշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N1922-Ն որոշման: ՀՀ տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը չի ներառվել որոշման մեջ, հաշվի առնելով, որ այն հաստատվել է ՀՀ կառավարության 1997թ. հոկտեմբերի 16-ի «ՀՀ մարզային ենթակայության և համայնքների սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշմամբ:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի լրացման կարգը, գրառումների ձևաթղթերի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշ: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, վկայականների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող ձևաթղթերի նմուշները:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ կրթութան և գիտությոն նախարարության «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական երաժշտական ուսումնարան» ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական մասնաշենքի առաջին հարկի աջակողմյան թևից 215.0 քմ տարածքը հետ վերցնել ու 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ այն Վանաձորի մասնաճյուղին անհատույց օգտագործման հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսավորման համաձայնագրի (ՏԱՍԻՍ-ի 2004թ. միջուկային անվտանգության գործողությունների ծրագիր)», «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի եվրաատլանտյան կառույցների բնագավառներում համագործակցության մասին» հուշագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև դեսպանությունների համար շինությունների և հողատարածքների փոխադարձ անհատույց տրամադրման մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ, որը պայմանավորված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջների, մաքսային վարչարարության կատարելագործման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների կատարմամբ, ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կարգի հստակեցմամբ, ինչպես նաև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների նկատմամբ հսկողության ուժեղացմամբ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է մաքսային ծառայողի համազգեստի ձևը՝ ըստ մաքսային ծառայության հատուկ կոչումների, ինչպես նաև մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 6-ի «ՀՀ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համազգեստի ձևը սահմանելու մասին» N 802-Ա որոշումը:

Այլ որոշումներով, գործադիրը հավանություն է տվել «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին», ինչպես նաև «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանցով, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, առաջարկվում է ներմուծվող և արտադրվող ծխախոտի արտադրանքի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման համար հաստատագրված վճարների չափն արտահայտել ՀՀ դրամով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Երևանի Ավանի թաղային համայնքի ղեկավար Հարություն Մարգարյանի լիազորությունները և սահմանված կարգով նշանակել ու անցկացնել թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Այլ որոշումներով գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել համապատասխանաբար «ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N1027-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ Լոռու մարզի Մեծավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N1447-Ն որոշումների մեջ: Դրանցով Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.05 հա հողերը փոխադրվել են բնակավայրերի հողերի կատեգորիա՝ կառուցապատման համար, իսկ Մեծավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության հողերից 4.0 հա արոտավայր փոխադրվել է հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ սահմանապահ ուղեկալի շինարարության նպատակով:

 

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ