երեքշաբթի, 4 նոյեմբերի 2025
Մենք հավատում ենք, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու հանդիսանում է ոչ միայն նպատակ, այլև կայուն զարգացման նախապայման. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովին, հանդես եկել ելույթով.
«Մեծարգո վարչապետ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ձերդ գերազանցություն դեսպաններ,
Գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ,
Սիրելի հյուրեր,
Ուրախ եմ ողջունել ձեզ այս ճանաչված հարթակում, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես հայեցակարգային քննարկումների, գաղափարների և նախաձեռնությունների փոխանակման կարևոր մեխանիզմ՝ միտված մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը:
Այսօրվա մեր քննարկման առանցքային թեման լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքական ուղեգծին՝ կառուցելու խաղաղ, կայուն, անվտանգ և տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան, որտեղ բոլոր պետություններն առաջնորդվում են փոխադարձ հարգանքով և հավասարությամբ:
Տիկնայք և պարոնայք,
Մենք ապրում ենք բարդ և անհանգիստ աշխարհում: Ժամանակակից մարտահրավերները, անվտանգային սպառնալիքները, տարածաշրջանային հակամարտությունները, կլիմայական փոփոխությունները, մատակարարման շղթաների խզումները և սննդային անվտանգության խնդիրները փոխում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության տրամաբանությունը: Նման պայմաններում խաղաղության հաստատումը պետք է լինի բոլորիս գերակա նպատակն ու պատասխանատվությունը: Հենց այս տրամաբանությամբ է, որ Հայաստանի Կառավարությունը հանդես է գալիս որպես խաղաղության և կառուցողական երկխոսության ջատագով՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ուժի կիրառման բացառման սկզբունքների վրա: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու հանդիսանում է ոչ միայն նպատակ, այլև կայուն զարգացման նախապայման:
Առաջնորդվելով այս համոզմունքով՝ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը շրջադարձային էր և կայուն խաղաղության ու փոխվստահության նոր էջի բացման իրական հիմքեր է ստեղծել:
Այսօր կարող եմ ուրախությամբ փաստել, որ խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ: Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսուն է:
Հարգելի գործընկերներ,
Մեր նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ կշահեն բոլորը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և ամբողջ տարածաշրջանը: Մենք ձգտում ենք, որպեսզի հաղորդակցության ուղիները դառնան ոչ թե մրցակցության, այլ համագործակցության տարածք: Վստահ ենք, որ տարածաշրջանի ապաշրջափակումը, խաղաղության հաստատումը և կողմերի միջև առկա պատմական հնարավորության լիարժեք իրագործումը կապահովեն ոչ միայն տարածաշրջանում կայունություն և խաղաղություն, այլ նաև կխթանեն ժողովուրդների միջև կապը և իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսական աճի և երկրների ներդրումային միջավայրի վրա:
Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի՝ միավորելով շուկաները, մշակույթները և ժողովուրդներին:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025» համաժողովը։ Երկօրյա բարձր մակարդակի միջոցառումը կրում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը և համախմբել է պաշտոնյաների, դիվանագետների, փորձագետների 17 երկրից:
Միջոցառման հիմնական նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների զարգացման խթանումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևաչափերի ձևավորումը։
Ֆորումը կայանում է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակի պայմաններում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։
            










