երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:
Հանդիպման սկզբում շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել բարեկամ Շվեդիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանման ու կայուն զարգացմանն ուղղված աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման գործընկերների համակարգման հարթակի վերջերս կայացած հանդիպման ընթացքում ներկայացված ռազմավարական կառավարման նոր համակարգը և դրանով նախատեսված վեց ռազմավարությունների ուղղությունները:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում Շվեդիայի ներգրավվածության հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: