երեքշաբթի, 14 հոկտեմբերի 2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովին նվիրված բացիկի մարմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է հատուկ դրոշմակով երկկողմանի բացիկի մարմանը՝ նվիրված «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովին:
Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, արձանագրել, որ տարեցտարի այս միջոցառումն ավելի բարձր մակարդակով է անցնում, ավելի հետաքրքիր և արդիական թեմաներ են քննարկվում, ինչպես նաև հերթական անգամ մարվում է Հայփոստի արտադրանքը՝ նամականիշի կամ բացիկի տեսքով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, այս ամենը ցույց է տալիս, թե պետությունն ինչ կարևորություն է տալիս ոլորտին: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին բարձր մակարդակով միջոցառումը կազմակերպելու և հերթական անգամ հետաքրքիր թեմա ընտրելու համար:
Հաջորդիվ տեղի է ունեցել բացիկի մարման արարողությունը, որն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովի շրջանակում մարված բացիկի դիմերեսին պատկերված է «Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովի լոգոտիպը, իսկ բացիկի դարձերեսին պատկերված է 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար: Բացիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: