Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 հոկտեմբերի 2025

Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ










Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,582,206 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզի 2 ծրագիր՝ 153.7 մլն դրամ, Արարատի մարզի 2 ծրագիր՝ 210.9 մլն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր՝ 199.6 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր՝ 125.9 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր՝ 192.8 մլն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր՝ 25 մլն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 158.5 մլն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 186 մլն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 263.8 մլն դրամ, Տավուշի մարզի 2 ծրագիր՝ 66 մլն դրամ: «Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է փոխնախարարը:

Գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզի՝ Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 87%-ը, կառուցվել է 10,8կմ երկարությամբ խմելու ջրագիծ), Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրում խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը, կառուցվել է 2,7կմ երկարությամբ խմելու ջրի սնուցող ցանց), Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում նախադպրոցական հաստատության կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 35%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 50 սանի համար), Արարատ համայնքի Արարատ, Նոյակերտ և Զանգակատուն բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, ասֆալտապատվել է 1,0 կմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 90 սանի համար, իրականացվում են լրացուցիչ ծավալի չնախատեսված աշխատանքները), Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 850 քմ, շահառուների թիվը՝ 60 սան), Արմավիր համայնքի Արաքս բնակավայրից Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցում (ավարտված, կառուցվել է 5,3 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուների թիվը՝ 416 տնտեսություն), Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման և Արաքս բնակավայրի ջրահեռացման համակարգերի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է 1,2 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 62 տնային տնտեսություն, վերակառուցվել է 0,3 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուների թիվը՝ 31 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի թիվ 5Բ, 6Բ2, 2-րդ թաղամասի թիվ 1Բ, 3Բ շենքերի հարթ տանիքների վերանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 1600քմ ընդհանուր մակերեսով հարթ տանիքները, շահառուների թիվը՝ 502 բնակիչ, 144 բնակարան), Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 68%-ը, արդյունքում համայնքը կունենա 3 մասնաշենք 3207 քմ ընդհանուր մակերեսով, 10 խմբասենյակով հիմնանորոգված մանկապարտեզ՝ 300 սանի համար), Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում (ավարտված, կառուցվել է ընդհանուր 7,6 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ, կառուցվել է 150 խմ տարողությամբ ջրամբար Դրախտիկ բնակավայրում, շահառուները՝ 127 տնային տնտեսություն), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Վ․ Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է ընդհանուր 1720 քմ մակերեսով բակային տարածքներ), Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում (ավարտված, լրացուցիչ կառուցվել է 0,47 կմ երկարությամբ նոր ջրագիծ, շահառուները՝ 23 տնային տնտեսություն), Լոռու մարզի՝ Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Դաշտադեմ, Նովոսելցովո, Պետրովկա, Կաթնառատ, Միխայլովկա բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում, Նորամուտ և Բլագոդարնոյե բնակավայրերի ՕԿՋ-ների վերանորոգում և կառուցում և Կաթնառատ բնակավայրի կոյուղագծի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 70%-ը, կառուցվում է 12 կմ երկարությամբ խմելու ջրագիծ և 0,4կմ երկարությամբ կոյուղագիծ), Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցների հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 2,7 կմ երկարությամբ ճանապարհ), Կոտայքի մարզի՝ Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,3կմ երկարությամբ ճանապարհ), Շիրակի մարզի՝ Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 4,9կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 1696 տնային տնտեսություն), Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 90 %-ը, կառուցվել է 14,8կմ երկարությամբ գազատար։ Շահառուները՝ 1041 տնային տնտեսություն), Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է քլորակայան և 3,6 կմ երկարությամբ ջրատար, շահառուները՝ 223 տնային տնտեսություն), Սիսիան համայնքի Նար-Դոս փողոցի, Նար-Դոս-Գ․Նժդեհ ճանապարհահատվածի, Խանջյան 1ա, 3ա, Հ․Ազոյան 2, 2ա, 4, 6, 8, 10, Որոտան 2ա, Շիրվանզադե 2ա, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգում (ավարտական փուլ, հիմնանորոգվել է թվով 18 բազմաբնակարան բնակելի շենքերը սպասարկող Նար-Դոս փողոցի շուրջ 17980 քմ և Նար-Դոս-Գ․Նժդեհ շուրջ 6910քմ ճանապարհահատվածները), Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վարդան Զորավար փողոցի բարեկարգում և ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 0,67կմ ճանապարհ), Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հորբատեղ, Հորս, Արտաբույնք, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներ (ավարտված, վերանորոգվել է 1,4կմ երկարությամբ ոռոգման ջրի ցանց և 6182 խմ ծավալով ջրավազան, շահառուների թիվը 450 տնային տնտեսություն), Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում «40 աղբյուր» ջրաղբյուրի ջրագծի կառուցում (ավարտված, կառուցվել է 3կմ երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանց, շահառուները՝ 80 տնային տնտեսություն), Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ տանող ճանապարհի կառուցում՝ սալարկմամբ (կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը, հիմնանորոգվել է 0,9 կմ երկարությամբ ճանապարհը), Տավուշի մարզի՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Երիտասարդական 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքի հիմնանորոգում, ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 1024քմ մակերեսով պահեստի հարակից տարածքը), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սպանդարյան 1 և 2 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում (կատարված է շինարարական աշխատանքների 65%-ը, իրականացվում է տուֆ քարով սալարկում՝ շուրջ 1525քմ մակերեսով):

Կբարելավվեն խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2025 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն, ըստ որոնց՝

- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը,

- Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվում է մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «2025 թ. խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը,

- Ծրագրի շրջանակում 2025 թ. խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար պայմանագրերի կնքման մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։

Արդյունքում՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, քանի որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցով: Գևորգ Պապոյանը նշել է նաև, որ ընթացիկ տարում արտադրված խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. «Խաղողի մթերումները սկսվել են օգոստոս ամսվա երրորդ տասնօրյակից: Մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում: Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է մթերվել: Պլանավորվում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»:

Փոխվարչապետը, անդրադառնալով որոշմանը, կարևորել է այս գործիքի կիրառումը՝ մթերող կազմակերպությունների համար լուծում է խաղողի մթերման համար անհրաժեշտ վարկերի ներգրավման հարցը, որովհետև Կառավարության երաշխավորությամբ բանկի համար լրացուցիչ երաշխիք է, որ այդ վարկերը կսպասարկվեն: «Վարկերն այս ժամանակահատվածում սպասարկվել են ամբողջ ծավալով, և երբևէ առիթ կամ անհրաժեշտ չի եղել, որ Կառավարության կողմից նախապես հայտարարված երաշխիքները կիրառվեն: Այսինքն՝ չենք ունեցել այնպիսի դեպք, որ Կառավարությունը ստիպված լինի իր երաշխիքների ուժով առևտրային բանկերի նկատմամբ մարել այնպիսի վարկային պարտավորություններ, որոնք ներգրավված են եղել խաղողը մթերելու համար: Այսինքն՝ կարող ենք ասել, որ գոնե առ այսօր, սա այն արդյունավետ գործիքներից մեկն է, որ մի կողմից՝ օգնել է մեր կազմակերպություններն անհրաժեշտ չափով վարկային ռեսուրսներ ներգրավելով ապահովեն խաղողի բնականոն մթերումների ընթացք, և մյուս կողմից՝ չենք ստեղծել այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին լրացուցիչ ֆինանսական ծախսեր կրելու առիթ դառնալ», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է 2025 թ. խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով: Շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը:

Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ

Կառավարության որոշմամբ Կոլյա Միքաելյանը ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ էլ Վահագն Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: Վահագն Արսենյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի»:

Փոխվարչապետը նորանշանակ մարզպետին մաղթել է հաջողություններ՝ Վայոց ձորի մարզում ծրագրերը զարգացնելու գործում:

Մասնակի փոխհատուցում կտրամադրվի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողների վնասը մեղմելու նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում՝ վնասը որոշակի չափով մեղմելու նպատակով։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վերջին տարիներին կարկուտի հաճախականությունը և ինտենսիվությունը բավականին մեծացել է, որի հետ կապված մեծ վնասներ են հասցվում գյուղատնտեսությանը։ Մասնավորապես՝ 2024 թ. կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանքատարածություններն ու այգետարածքները կազմել են մոտ 13 000 հեկտար, իսկ 2025 թ.՝ ավելի քան 11 800 հեկտար: «2020 թ.-ից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր: 2025 թ. Կառավարությունն ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80 %-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վնասաբերության 200 % գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Հատկանշական է նաև, որ Կառավարությունն աջակցություն է ցուցաբերում նաև կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը՝ վարկային և փոխհատուցման բաղադրիչներով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարկտապաշտպան ցանցերը»,- ասել է նախարարը։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 2024 թ.-ից, այդ իսկ պատճառով որոշմամբ առաջարկվում է և՛ 2024, և՛ 2025 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասի դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի վնասը կազմել է 40-100 տոկոս:

Ըստ նախարարի՝ փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, և ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում կազմակերպվի գյուղատնտեսական գործունեություն: «Ըստ այդմ՝ սահմանվում է, որ այն ֆերմերները, որոնք Կառավարության կողմից արդեն ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսերի մշակության համար, 2024-2025 թվականներին չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար»,- ասել է նախարարը:

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները, ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը:

Գևորգ Պապոյանը հայտնել է նաև, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավարկման նպատակով իրականացվում են քննարկումներ և ուսումնասիրություններ՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 2024-2025 թթ. կիրառելիության խնդիր է արձանագրել:

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2024-2025 թթ. համար կարկուտի հասցված վնասի հատուցում նախատեսվում է այն պատճառով, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ներդրված գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգն ունեցել է որոշակի խնդիրներ: «Դա էլ ակնհայտ է դարձրել, որ 2024 և 2025 թվականներին այդ համակարգը հասանելի չի եղել գյուղացիական տնտեսությունների համար՝ ընդունելով, որ դրա պատճառները պետք է լավ հասկացված լինեին, մեխանիզմները համապատասխանաբար վերանայվեին դեռևս նախորդ տարի», -ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկն ու Կառավարությունն աշխատում են, որպեսզի այդ համակարգը բերեն այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի գործարկել նորացված արդյունավետ համակարգ. «Սա հստակորեն ուզում եմ նշել, որ նաև մեր հայրենակիցները լավ պատկերացնեն, որ այն պահից, երբ հայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք՝ ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որն ընձեռում է ապահովագրական համակարգը, և մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով: Այսինքն՝ կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, և եթե տարվա ընթացքում կա՛մ կարկուտը, կա՛մ երաշտը, կա՛մ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն, կլինի նաև համապատասխան հատուցում»:

Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ այժմ գյուղատնտեսական ապահովագրության ոլորտին առնչվող իսպանական և թուրքական փորձն է ուսումնասիրվում, որոնք համարվում են եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն այս ոլորտում:

Մարալիկում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոց 3 բանկ հասցեում գտնվող շենք-շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը որոշմամբ սահմանվել է օգոստոսի 18-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 68 400 000 ՀՀ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ շինությունը կառուցվել է 1978 թվականին։ Այն նախկինում օգտագործվել է որպես Հայագրոբանկի մասնաճյուղ, եռահարկ է՝ բաղկացած նկուղից, առաջին և երկրորդ հարկերից։ Շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 871,99 քառ. մետր, որից 765,21 քառ. մետրը կազմում է բանկի շենքը, 61,38 քառ. մետրը՝ ավտոտնակը, 45,4 քառ. մետրը՝ պարիսպը։ Տրանսպորտային մատչելիությունը գնահատված է՝ լավ։

Կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոցներ հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ սեփականություն հանդիսացող, Ներքին գործերի նախարարությանը ամրացված` 497,314,974 ՀՀ դրամ սկզբնական արժեքով տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ Ներքին գործերի նախարարությունը գրությամբ դիմել է, որ իր հաշվեկշռում գտնվող 40 տրանսպորտային միջոցներ ( որոնցից 30-ը գտնվում են անսարք, իսկ 10-ը վթարված վիճակում)՝ կոմիտեին ամրացնելու և հետագայում օտարելու առաջարկով։ Կոմիտեի կողմից «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է գնահատել վերոնշյալ տրանսպորտային միջոցները։ Գնահատվել է 39 տրանսպորտային միջոց, 1 միավոր տրանսպորտային միջոց եղել է վթարված, մեքենայի վրայից բացակայել են կարևոր հանգույցներ և դետալներ, կորցրել է ապրանքային տեսքն ու նշանակությունը, ուստի հնարավոր չի եղել այն գնահատել որպես տրանսպորտային միջոց, հետևաբար վերոնշյալ տրանսպորտային միջոցը չի ընդգրկվել հավելվածում:

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա մինչև որսի արգելքը։ Ըստ այդմ՝ իրականացվում է փոփոխություն, որով սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի։ Արդյունքում՝ 2025 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1123 տոննա :

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ միայն իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին։

Ֆանտան գյուղում կկառուցվի ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում

Կառավարության որոշմամբ «Բիզնես բուկետ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Չարենցավանի Ֆանտան գյուղում կառուցելով ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում: Ծրագրի շրջանակվում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 270 մլն դրամի շինարարական և հողային աշխատանքների իրականացման, հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման և այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ, մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլն դրամ:

 

Հոկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ