չորեքշաբթի, 8 հոկտեմբերի 2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Իսպանիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) գագաթնաժողովի շրջանակում կայացած «Ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով բարձր մակարդակի կլոր-սեղան քննարկմանը։
Պանելային քննարկման ընթացքում Հայաստանի, Կանադայի, Լիտվայի, Ուկրաինայի, Իսպանիայի բարձրաստիճան պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության, լրագրողական համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ապատեղեկատվության և մանիպուլյացիոն տեղեկատվության տարածման հետևանքները ժողովրդավարության և պետական կառավարման արդյունավետության վրա։ Մասնակիցները կարևորել են թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության դերը տեղեկատվական միջավայրի կայունության և հանրային վստահության ամրապնդման գործում։
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության մոտեցումները տեղեկատվական հուսալիության ապահովման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ խնդրի արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ է կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել բաց կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմները, իրականացնել թվայնացման և հանրային ներգրավման բարեփոխումներ՝ ապահովելով քաղաքական գործընթացների առավել թափանցիկություն և հանրային վերահսկողություն։
Քննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային փորձի փոխանակման, մարդու իրավունքների և խոսքի ազատության պահպանման, ինչպես նաև համագործակցության խորացման անհրաժեշտության վրա՝ նպատակ ունենալով ձևավորել առողջ և վստահելի տեղեկատվական միջավայր։