հինգշաբթի, 2 հոկտեմբերի 2025
«Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման միջոցները կավելացվեն շուրջ 12,6 մլրդ դրամով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազի փողոցի ձախակողմյան մաս հասցեում գտնվող, 18,293,121 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,0735 հա հողամասն ամրացվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն 2025 թվականի հունիսի 2-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Կառավարության, Մարինե Վարդանյանի, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Երևանի քաղաքապետի և Մարինե Վարդանյանի միջև 01.02.2003թ. կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Վճռի հիման վրա 2025թ. օգոստոսի 5-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Աջափնյակ Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է. «Պետական և համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերջին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ: 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար»:
«Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման միջոցները կավելացվեն շուրջ 12,6 մլրդ դրամով
Գործադիրը որոշում է ընդունել՝ պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված «1239 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրի «12001 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման գծով ծախսերը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ: 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող և կառուցվող անշարժ գույքերի հետ կապված: Նշված հանգամանքով պայմանավորված 2024 թվականի վերջին ամիսներին արձանա-գրվել է վարկառուների (համավարկառուների) կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավել աճի, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել 2025 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակում նախատեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար (ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականի ընթացքում կազմել է 49,973 իսկ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 61,954):
Որոշմամբ առաջարկվում է Կոմիտեի 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված «1239 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրի «12001 Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» միջոցառման ծախսերը ավելացնել 12,587,642.5 հազար դրամով, որից` 7,260,000.0 հազար դրամը «1241 Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրում» ծրագրի «12001 Առև-տրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակներում տարեկան կտրվածքով առաջացած խնայողությունների հաշվին, իսկ 5,327,642.5 հազար դրամը «1043 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «11018. Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման շրջանակներում տարեկան կտրվածքով առաջացած խնայողությունների հաշվին: Որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, ինչպես նաև որոշմամբ առաջարկվող նվազեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:
Խոսելով մարզերում կառուցապատման աշխատանքների խթանման մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Մի բան է Երևանին կպած մարզերը, մի այլ բան է Երևանի և այդ մարզերի սահմանը: Այսինքն՝ Երևանին կպած մարզերի քաղաքներում կառուցապատման խթանման գործիքը դեռևս պետք է աշխատի: Բայց միևնույն ժամանակ, չպետք է ունենանք մի իրավիճակ, որի արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը մարզերի հետ»: Մհեր Գրիգորյանը հավելել է, որ այս առումով լրացուցիչ կարգավորումների կարիք կա:
Կշարունակվի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը
Ներկայացնելով Կառավարության որոշումը՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է. «2023թ. հուլիսի 27-ին Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը՝ սահմանելով որպես արդյունքային ցուցանիշ 35 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ ունենք շուրջ 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը, ըստ էության, մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքները ընթացքի մեջ են: Այսպիսով՝ արձանագրում ենք, որ Կառավարության կողմից սահմանված թիրախը ոչ միայն կատարվել է, այլ նաև գրեթե կրկնապատկվել է»: Էկոնոմիկայի նախարարի խոսքով, սույն որոշմամբ, առաջարկվում է ծրագիրը դադարեցնելու փոխարեն, շարունակել ջերմատնային ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը նոր պայմանով՝ 2 տոկոս սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցմամբ: «Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026թ. հունվարի 1-ից: Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը 8 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 3-9 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը 7 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը 6 տոկոսային կետով: Հիշեցնեմ նաև, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ: Վարկի մարման ժամկետը 8 տարի է»,- հավելել է Գևորգ Պապոյանը:
Այսպիսով՝ Կառավարության որոշմամբ, կփոփոխվեն Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը և կհստակեցվեն շինարարության ավարտից հետո շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ժամանակահատվածը։
Որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազեցնել յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը՝ հաշվի առնելով ծրագրով սահմանված ցուցանիշի գերազանցումը և դիմումների մեծ թիվը, ինչպես նաև հստակեցվում է ծրագրի շրջանակում շինարարության ավարտից հետո շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ժամանակահատվածը։ Մասնավորապես, որոշմամբ հնարավորություն է տրվում շահառուներին շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հավաստող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և այլ փաստաթղթերը ներկայացնել ջերմատան կառուցման աշխատանքների համար ծրագրով սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո երկամսյա ժամկետում։ Միաժամանակ, ծրագրի բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, որոշմամբ նշված դրույթին տրվում է հետադարձ ուժ։
Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով արտադրանքի արտահանման հարցին՝ նշել է. «Ինչ-որ պահի սուբսիդավորման ծրագրի տրամաբանությունը պետք է արդեն ձևավորենք՝ այս հանգամանքը հաշվի առնելով: Ցանկացած արտահանում լավ է, սակայն դիվերսիֆիկացված արտահանումը պետք է լինի վերջնական նպատակը, որպեսզի այս բիզնեսների ռիսկը չկուտակվի մեկ ճանապարհի կամ մեկ շուկայի վրա, հակառակ դեպքում՝ կսկսեն պրոբլեմներ, և այս ներդրումների էֆեկտները, որոնք ակնկալում ենք մենք և սեփականատերերը, ուղղակի տեղի չեն ունենա»:
Գևորգ Պապոյանն իր հերթին նշել է. «Այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով ավելի քան 300 հեկտարն է: Ջերմոցները և ջերմատները հիմնականում 1000 հեկտարը Արմավիրի մարզում է, 272 հեկտարը Արարատի մարզում, 145 հեկտարը Կոտայքի մարզում: Հիմնականում այս երեք մարզերում են կենտրոնացված»: Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ Հայաստանից արտահանվող բանջարեղենի գրեթե 100 տոկոսը ջերմոցների և ջերմատների արտադրանք են և հավելել, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանվել է 121 800 տոննա պտուղ բանջարեղեն, ի տարբերություն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում արտահանված 108 600 տոննայի:
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև որակի սերտիֆիկացման հարցին. «Պետք է ունենալ որակի սերտիֆիկացման այնպիսի համակարգ, որպեսզի այն երկրներում, որտեղ արտահանվում է այս արտադրանքը, հարց չառաջանա, և մաքսային հսկողության գործառույթը, ըստ այդմ, թեթևանա: Հակառակ դեպքում՝ մեր տնտեսվարողները կունենան կամ ունենում են լուրջ խնդիրներ, որը կարծում եմ, որ պետք է լուծենք, ինչն առաջին հերթին բխում է իրենց շահերից: Եվ ամենակարևորը՝ սերտիֆիկատ թողարկողի վարկանիշն այնպիսին պետք է լինի, որպեսզի այդ փաստաթղթով տնտեսվարողը հանգիստ անցնի՝ առանց լրացուցիչ հսկողական գործառույթի»:
Մի շարք ոլորտների զարգացման նպատակով Գերմանիայի Կառավարության կողմից կտրամադրվի անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև 15 600 000 եվրո
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմք է ընդունվել 2023թ․ նոյեմբերի 21-ին Երևանում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը, ինչպես նաև 1998թ․ հուլիսի 27-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները:
Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը․ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3 100 000 եվրո (երեք միլիոն հարյուր հազար եվրո), ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 000 եվրո (երեք հարյուր հազար եվրո):
ԳԴՀ կառավարությունը Համաձայնագրի 1-ին կետով ներկայացված՝ վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 600 000 եվրո ընդհանուր արժեքով (տասնհինգ միլիոն վեց հարյուր հազար եվրո)։ Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ/GIZ):
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «5․1 «ՀՀ արտահանման ռազմավարության և կից ճանապարհային քարտեզի մշակում և իրականացում» կետից․ ԳԴՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացում՝ նպաստավոր միջավայրի ստեղծում առևտրային հարաբերությունների խթանման համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ծրագրերի իրականացման վերաբերյալ լուսաբանման աշխատանքները և ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար տրամադրումը:
Այս համատեքստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ գերմանահայկական հիմնադրամի կողմից հսկայական աշխատանք է կատարվում թե՛ էներգետիկ ոլորտի հետ կապված, օրինակ՝ Հայաստանում տեղադրված արևային պանելների հսկայական մասն այդ ծրագրերի արդյունք է, թե՛ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված վարկային ծրագրերը, կանանց ձեռներեցությունը և այլն: Լուսաբանման համատեքստում Մարտին Գալստյանը նաև հավելել է, որ այս ծրագրերի շահառուների համար այս տարվա ընթացքում մարզերում անցկացվում են միջոցառումներ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր հերթին նշել է. «Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում նաև Շրջակա միջավայրի նախարարությունը երկարատև հաջող համագործակցության պատմություն ունի: Մասնավորապես՝ հենց հիմա մեկնարկում է 26 մլն եվրո դրամաշնորհային ծրագիր, որն ուղղված է կենսաբազմազանության պահպանությանը Հայաստանում, մասնավորապես՝ մեր ազգային պարկերի, արգելոցների և արգելավայրերի կառավարման պլանների մշակում և ամբողջությամբ վերազինում, նաև նորաստեղծ էկոպարեկային ծառայության վերազինում, Հայաստանի անտառային համակարգի բարեփոխում և վերազինում: Արդեն ավարտին է մոտենում KfW բանկի հետ համագործակցությամբ նաև 8 մլն եվրո դրամաշնորհային միջոցի ծրագիրը, որը հիմնականում ուղղված էր Սյունիքում գործող պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանը, մասնավորապես՝ 7 պահպանվող տարածքներն են վերազինվել, կառավարման պլաններ են մշակվել և հարակից համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել. Մի շարք գյուղերում, օրինակ՝ Ներքին Հանդ, Շիկահող գյուղերում փոխվել են պատուհաններ, տրամադրվել են արևային ջրատաքացուցիչներ, էներգախնայող վառարաններ, Կապան համայնքում են իրականացվել աշխատանքներ, աղբահանության ոլորտում, հրշեջ ծառայության ոլորտում: Ինչպես նաև, կար Եվրոպական միությունը Սևանա լճի համար ծրագրի շրջանակներում Գերմանիայի Կառավարության համաֆինանսավորումը: Այդ ծրագիրն էլ արդեն ավարտին է մոտենում, որի շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված լճի էկոհամակարգի պահպանությանը»:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ ամփոփ զեկույցի պատրաստումը, այն Կառավարության նիստում քննարկումն ու արդյունքների արձանագրումը:
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է՝ միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին
Կառավարության որոշմամբ, «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միացնելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը կհամալրվի նոր ներուժով: ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգվել է
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխություն» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրի ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հունիսի 24-ին, որով նախատեսվել է Հայաստանին տրամադրել 25.5 մլն եվրո վարկային միջոցներ, սակայն ժամանակի ընթացքում ՖՆ առաջարկով և ԵՆԲ համաձայնությամբ վարկային միջոցների շուրջ 8.8 մլն եվրոն չեղարկվել է՝ դառնալով շուրջ 16.66 մլն եվրո: Ֆինանսական պայմանագրի 2-րդ փոփոխությամբ վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգվել էր մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը: Այս ընթացքում մասհանվել է 13.6 մլն եվրո, չմասհանված միջոցների ընդհանուր չափը կազմում է 3.06 մլն եվրո։ Վերոնշյալ փոփոխությամբ նախատեսվում է ԵՆԲ վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 30.12.2025թ., ծրագրի կատարումն ավարտել մինչև 31.12.2026թ., ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ ծրագրի իրականացմանն առնչվող տեղեկատվության և հաշվետվության ներկայացման վերջնաժամկետներում:
Բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների շրջանակը՝ դրանում ներառելով Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը և թվով 26 համայնքների: Գործող կարգավորումների համաձայն ոչ բոլոր համայնքներն են գնման մրցակցային ընթացակարգերը կազմակերպում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Մասնավորապես թվով 70 համայնքներից համակարգի միջոցով գնումներ կատարում են թվով 44-ը: Մնացած համայնքները գնումներն իրականացնում են թղթային եղանակով: Որոշմամբ առաջարկվում է էլեկտրոնային գնումների համակարգում թղթային գնումներ իրականացնող համայնքներին ևս: Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաև թղթային եղանակով գնումներ կատարող Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը: Որոշման ընդունման արդյունքում բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։
Կապահովվի ՏԻՄ (ազդակիր բնակավայրերի/համայնքների) կողմից ռոյալթիից մասհանումների հաշվին համայնքների/բնակավայրերի զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացը
Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` պետական բյուջեից համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով հատկացվող համայնքային մասհանումների ապահովման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքների բնակավայրերին յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով (2 տոկոս) և կարգով հաշվետու տարում անհրաժեշտ է հատկացնել համապատասխան համայնքային մասհանումներ:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 1212 ծրագրի 12026 (Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ) միջոցառմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին հատկացնել 84,747.3 հազ. դրամ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքին՝ 305,297.7 հազ. դրամ, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին՝ 112,963.4 հազ. դրամ, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Կապան և Մեղրի համայնքներին համապատասխանաբար հատկացնել 277,119.9 հազ. դրամ, 522,555.9 հազ. դրամ և 332,000.0 հազ. դրամ:
Որոշման ընդունման արդյունքում կապահովվի Տեղական ինքնակառավարման մարմինների (ազդակիր բնակավայրերի/համայնքների) կողմից ռոյալթիից մասհանումների հաշվին համայնքների/բնակավայրերի զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացը, որը ենթադրում է պետական բյուջեի միջոցների բաշխման և օգտագործման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման որոշակի պարտավորություններ ՏԻՄ-երի և գործընթացի համար պատասխանատու պետական մարմինների համար։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ ամբողջական էլեկտրոնային համակարգ կձևավորվի
Գործադիրը որոշում է կայացրել, որը բխում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ ամբողջական էլեկտրոնային համակարգ ունենալու անհրաժեշտությունից։ Առաջարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1235 «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի 31001 «Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառման համար հաստատված գումարից ծախսեր նախատեսել նույն ծրագրի ներքո (ԲԳԿ՝ ԲՏԱՆ), ԿԳՄՍ նախարարությունը որպես միջոցառման կատարող (ԲՍԿ)՝ ծախսը նախատեսելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով:
Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արդեն իսկ կազմակերպվել է գնման գործընթաց «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան և հայտերի բացումը նախատեսվել էր 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, որի արդյունքում պարզ է դարձել, որ հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «Լանս» ՍՊԸ, որին էլ և հանձնաժողովը ճանաչել է որպես ընտրված մասնակից, որի առաջարկած գինը 369,750․0 հազար դրամ է, ներառյալ ԱԱՀ: ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման և արձանագրման, ԱՈՒՊ և ԱՈՒԶՊ ձևավորման և ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի նոր ենթահամակարգերը միանալով դպրոցական մակարդակի ԿԱՊԿ՝ արդեն գոյություն ունեցող գնահատման արձանագրման տեղեկատվական էլեկտրոնային համակարգին՝ կձևավորեն մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որը կծառայի որպես կառավարման գործիք ԿԱՊԿ/ԿԶԱՊԿ ունեցող երեխաներին ծառայություն մատուցող բոլոր օղակների դերակատարների ու որոշումներ կայացնողների համար։
Համակարգը կնպաստի մեկ միասնական համակարգում տվյալների պահպանմանը, գործընթացների համակարգմանը, ստանդարտացմանը, վերահսկողությանը և կառավարմանը, տեղեկատվության արագ փոխանակմանը։ Միաժամանակ համակարգը հնարավորություն կընձեռի երեխաներին վերաբերող առցանց լրացված տվյալներն անմիջապես հասանելի դարձնել նաև ծնողներին՝ հեշտացնելով երեխաների առաջընթացի հսկողությունը և անհատական ուսուցման պլանի ընթացքի գնահատումը։ Առաջարկվող համակարգը լինելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մի մաս և նման համակարգի առկայությունը կնպաստի վարչարարության նվազման, ժամանակի խնայողության և ավելի թափանցիկ ու հաշվետվողական գործընթացի առկայությանը:
Կիրականացվեն Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր և «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար
Կառավարությունը կայացրել է որոշում, որը բխում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար անցկացնելու նպատակով հավելյալ 146,924.9 հազար դրամ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:
Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերը և «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը հնարավորություն կապահովեն վոլեյբոլ և լող մարզաձևերին ծանոթանալու հնարավորության այն երեխաների համար, ովքեր նախկինում վոլեյբոլ չեն խաղացել կամ լող մարզաձևով չեն զբաղվել, դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ կարմատավորեն ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարը, դպրոցներում դասավանդող ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը և վոլեյբոլ մարզաձևի մասին գիտելիքների փոխանցումը:
Յուրաքանչյուր մրցաշարի 2 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, մասնակից աշակերտները, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները և ուսումնական հաստատությունները կպարգևատրվեն Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական խոշոր պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով: Մրցաշարերի անցկացման արդյունքում ակնկալվում է ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակի էական աճ, բնակչության կենցաղում ակտիվ հանգիստ և առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի աճ ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական ծրագրերի անցկացման խթանում և բարելավում:
Ռոմելա Մանուկյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում
Գործադիրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ Ռոմելա Մանուկյանը՝ 3 տարի ժամկետով: