չորեքշաբթի, 24 սեպտեմբերի 2025
Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու գործում
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի անդամների հետ՝ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչական պատվիրակ Պիեր-Անտուան Մոլինայի գլխավորությամբ:
Այս հանդիպմամբ տրվել է Ֆրանսիա–Հայաստան փոխանակումների մեկնարկը՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ: Ֆրանսիական կողմի փորձը հաշվի է առնվելու Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման և անցկացման գործընթացում:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ փորձը մեծ նշանակություն կունենա հայկական կողմի համար՝ հետագա աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու գործում:
Պիեր-Անտուան Մոլինան ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել տեխնիկական և գործնական կարողություններով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն հայ գործընկերներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղերի կազմակերպման նպատակով մինչ այժմ իրականացված աշխատանքներին և հետագա քայլերին: