Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 սեպտեմբերի 2025

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես են եկել հայտարարություններով


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը

 

Հարգարժա՛ն տիկին Կոս,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:

Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ Երևանում՝ Ձեր առաջին պաշտոնական այցի շրջանակում։ Սա կարևոր հնարավորություն է Հայաստան–ԵՄ ընդլայնվող գործընկերության շուրջ մտքերի փոխանակման և մեր համատեղ օրակարգի առաջմղման համար։

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր գործընկերության առաջնահերթությունների, դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների և համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով՝ այդ թվում քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով։ Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը։

Լիահույս եմ, որ նոր օրակարգը կստանա հաստատում այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան–Եվրամիություն գործընկերության խորհրդի կողմից։ Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին։

Այս առումով հետևողական շարունակելու ենք աշխատանքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Եվրամիության շարունակական աջակցությունը։ ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ապահովման ճանապարհին։

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին։ Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար։

Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և, մեր կարծիքով, ներդաշնակ՝ ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության հետ։ Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը։ Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մեկնարկեց մեր միջև բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը։ Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ կողմից հաստատված Դիմակայունության և աճի պլանի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը։

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի Հանձնակատար Կոսին ու պատվիրակությանը շնորհակալաություն հայտնել կառուցողական և արդյունավետ քննարկումների համար։ Համոզված եմ որ այսօրվա մեր քննարկումներն ու պայմանավորվածությունները մեր գործընկերությանը կհաղորդեն նոր ուժ և դինամիկա։

Խոսքը սիրով տրամադրում եմ Ձեզ, տիկին հանձնակատար:

 

***

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունը

Շատ շնորհակալություն, պարոն փոխվարչապետ։ Մեծ ուրախություն է այսօր լինել Երևանում՝ իմ առաջին պաշտոնական այցի շրջանակում ձեր երկրում՝ Հայաստանում։ Իրականում սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց վստահ եմ, որ վերջինը չի լինելու։
Տարածաշրջանում ընթանում են խորքային փոփոխություններ, և երեք տասնամյակից հետո առաջին անգամ կա իրական հնարավորություն խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում։ Եվ հենց դրա համար եմ ես այսօր այստեղ։ ԵՄ–Հայաստան համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, և մենք երբևէ այսքան մոտ չենք եղել։

Մենք պատրաստ ենք հարաբերությունները զարգացնել էլ ավելի։ Խաղաղության հեռանկարը հնարավորություն է տալիս բացելու այնպիսի առևտրային ուղիներ, որոնք փակ են եղել մեկ դար։ Պետք է օգտագործենք այս պահը և ներդրումներ կատարենք հաղորդակցությունների, տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտում։

Բայց սա նաև խաղաղության մեջ ներդրումներ կատարելու ժամանակն է։ Երբեմն, երբ խոսում ենք տնտեսական հարաբերությունների, առևտրի կամ ընդհանուր համագործակցության մասին, մոռանում ենք, թե որքան կարևոր է ապրել խաղաղության մեջ։ Իսկ Եվրոպան հիմնված է խաղաղության վրա, Եվրոպան խաղաղության գործընկեր է, և Հարավային Կովկասը, Հայաստանը, այդ փոփոխությունների կարևոր մասն են՝ ապահովելով խաղաղությունը Եվրոպայում և Հարավային Կովկասում։

Դա նշանակում է ավելի քան 200 միլիոն եվրո՝ աջակցելու հաղորդակցությունների, դիմադրողականության և հայկական բիզնեսների ներդրումներին։ Այս աջակցությունը ընդգծում է Եվրոպայի վճռականությունը՝ կանգնելու Հայաստանի կողքին։

Այն նաև վկայում է, պարոն փոխվարչապետ, ձեր վճռական հանձնառության մասին՝ իրականացնել բարեփոխումներ կենսական կարևորության ոլորտներում։ Դրա համար էլ, ինչպես դուք ասել ու հայտարարել եք, մենք համաձայնվել ենք սկսել բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը՝ համակարգելու լայնածավալ ծրագրի իրականացումը։ Քաղաքական երկխոսությունը հարթակ կլինի՝ որոշելու առաջնահերթությունները և վերահսկելու առաջընթացը։

Մենք կշարունակենք աշխատել նաև «Global Gateway» ռազմավարության շրջանակներում։ 2021 թվականից մենք արդեն մոբիլիզացրել ենք ավելի քան 2,5 միլիարդ եվրո ներդրումներ։ Բայց կարող ենք անել ավելին։

Նախ, ես ուրախ եմ, որ ստորագրել եմ նոր համաձայնագրեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Մեկը կօգնի հարթեցնել մաքսային ընթացակարգերը սահմանին։ Մյուսը նախատեսված է փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների կարիքների համար։

Երկրորդ, մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի հիմնական ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին։ Եվ վերջապես, մենք ակտիվորեն աշխատում ենք խաչաձև տարածաշրջանային կապի օրակարգի մշակման վրա՝ Եվրոպան Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով կապելով Կենտրոնական Ասիայի հետ։ Ինձ համար՝ որպես հանձնակատար, շատ կարևոր է ավելի լավ ճանաչել ձեր երկիրը։


Այսօր ունեմ բազմաթիվ հանդիպումներ քաղաքական մակարդակում։ Արդեն հանդիպել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Իսկ վաղը կայցելեմ Սևանի ազգային պարկ, Նորաշեն։

Կգնամ նաև, եթե ճիշտ եմ արտասանում, Սախկունք։ Այնտեղ կսովորեմ, թե ինչպես է պատրաստվում ձեր ավանդական լավաշը։ Եվ ինչպես հասկացա, երիտասարդ սերունդները նախատեսում են ինձ սովորեցնել նաև հայկական պարեր։
Չգիտեմ, թե դուք, սիրելի լուսանկարիչներ և օպերատորներ, հրավիրվե՞լ եք այդ պահին։ Բայց ինձ համար սա նաև իմ գնահատանքի նշանն է՝ ձեր ինքնության, ձեր մշակույթի, ձեր ավանդույթների հանդեպ, որոնք մենք Եվրոպայում իսկապես շատ ենք գնահատում։ Կայցելեմ նաև «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»։
Ինչպես միշտ անում եմ, այստեղ էլ կհանդիպեմ այն կանանց հետ, որոնց ես անվանում եմ Հայաստանի հզոր կանայք։ Որտեղ էլ լինեմ՝ անդամ երկրներում, թեկնածու երկրներում կամ գործընկեր երկրներում, ես միշտ ուզում եմ հանդիպել այն կանանց հետ, ովքեր հաջողությունների են հասել կամ կարևոր է նրանց հետ խոսել։
Պարոն փոխվարչապետ, շուտով դուք կնշեք ձեր անկախության օրը։ 34 տարի։ Նույնքան տարի է, որքան իմ փոքր Սլովենիան՝ ձեր երկրի պես։ Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ Հայաստանի ողջ ժողովրդին։

Ձեր անկախությունը նշելու այս պահին ուզում եմ ընդգծել, որ ձեր նվիրումն ու դիմադրողականությունը, խաղաղության հանդեպ ձեր հանձնառությունը բացառիկ են։ Եվրոպան կանգնելու է ձեր կողքին տարածաշրջանի նոր էջում։ Կարող եք հույս դնել մեզ վրա։

Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։


 

Սեպտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ