հինգշաբթի, 4 սեպտեմբերի 2025
Կառավարությունը լավարկել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նախքան զեկուցվող հարցը ներկայացնելը, նշել է, որ այսօր ՀՀ-ն նշում է Փրկարարի օրը և շնորհավորել բոլորին փրկարարի մասնագիտական տոնի առիթով: «Փրկարար ծառայողներն իրենց գործունեության ընթացքում բազմիցս առիթներ են ունեցել ապացուցելու, որ անձնվիրաբար ծառայում են ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր անձի, եթե կա դրա կարիքը: Նաև ուզում եմ նշել, որ Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգը ևս պատրաստ է, և դրա ուժով ծառայությունը կշարունակի է՛լ ավելի արդյունավետ կերպով մատուցել ծառայությունը հանրությանը»,- ասել է ՆԳ նախարարը:
Մհեր Գրիգորյանը միացել է շնորհավորանքին. «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում իրենց աշխատանքի համար»:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝
1. վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,
2. գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,
3. այլ պետություններում ստացած և 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։
Ինչպես նշել է Արփինե Սարգսյանը, սեպտեմբերի 1-ից սկսած՝ այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայականն իրենց մոտ պահելու: Իսկ մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ երբ չկար պլաստիկը, ենթարկվում էին վարչական պատասխանատվության: «Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վարորդական վկայականները գեներացված են, և նույնականացման համակարգի միջոցով մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայական, կարող են տեսնել համապատասխան հարթակում»,- ասել է նախարարը:
Արփինե Սարգսյանը հայտնել է նաև, որ հաշվառման վկայագիրը ևս սեպտեմբերի 1-ից հասանելի կլինի թվային միջավայրում: «Եթե քաղաքացին առաջին անգամ է ձեռք բերում այս երկու փաստաթղթերը, ապա կարող է ընտրել պլաստիկ տարբերակով ստացումը և թվային տարբերակով ստացումը: Թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում անձը, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեխանձնագրի տարբերակը, ապա այս դեպքում վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս»,-նշել է ՆԳ նախարարը:
Հաջորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննություններին: Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում: «Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել որ օրն է հասանելի և եթե պայմանականորեն՝ տեսական քննությունը հանձնել են Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, և մոտակա օր հասանելի է, ասենք՝ Շիրակի ստորաբաժանումում , ապա կարող են գործնական քննությունը հանձնելու համար գրանցել տվյալ մարզում», -ասել է Արփինե Սարգսյանը: Նախարարի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի նաև քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության բալանսավորմանը և հերթերի կրճատմանը։
Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցի առուվաճառքի թվային ձևաչափով կազմակերպման նախաձեռնությունը:
Կապահովվի դրոշմավորման ծածկագրով ապրանքի շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիությունը
Գործադիրը սահմանել է Հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները:
Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, այս մեխանիզմը թույլ կտա ապրանքների ամբողջական շարժը վերահսկել, ինչը կնպաստի ստվերի կրճատմանը:
Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում է՝ հաշվարկային փաստաթղթում որպես առանձին ֆայլ կցելու միջոցով, 2026թ. հունվարի 1-ից «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքերում, հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ժամանակ՝ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing)՝ հսկիչ (նույնականացման) նշանները հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով կամ բջջային հավելվածով՝ հսկիչ (նույնականացման) նշանները սկանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելը։ Նախատեսվում է, որ հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է դրոշմավորված ապրանքները ստացողին՝ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին, իսկ մինչև այդ ժամկետը հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելու դեպքում՝ ստորագրման պահից կամ մինչև այդ ժամկետը ստացողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստելու դեպքում՝ հավաստման պահից։ Ըստ հիմնավորման՝ կարգավորումների նպատակը շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիության, ինչպես նաև դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ հարկային մարմին ճիշտ տեղեկատվության փոխանցման ապահովումն է։ Մասնավորապես, դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխությունները թույլ կտան տեսնել, թե տվյալ դրոշմավորման ծածկագրով ապրանքը շրջանառության որ փուլում է և ում մոտ է գտնվում (արտադրող/ներմուծող, մատակարար, գնորդ և այլն), ինչպես նաև այդ կարգավորումներով հստակեցվում են, թե շրջանառության շղթայի այս կամ այն փուլում որ տնտեսվարողն է իրավասու իրականացնել ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն՝ դրանց հետագա շրջանառությունը ապահովելու նպատակով։
Կառավարությունը սահմանել է նաև Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը: Նախատեսվում է, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը փոխանցվելու է բջջային հավելվածի միջոցով՝ մինչև դրոշմավորված ապրանքը շրջանառությունից հանելը, մասնավորապես, հետևյալ դեպքերում՝ նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքը այլ ապրանքի (այդ թվում՝ կիսաֆաբրիկատի) արտադրության (պատրաստման) մեջ կամ սեփական կարիքների համար օգտագործում, նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի (բացառությամբ խմբային փաթեթավորման և ապրանքի հավաքածուի) մասնակի օտարում, ծառայության մատուցման ընթացքում նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի օգտագործում, եթե դրա արժեքը ներառվում է ծառայության արժեքի մեջ:
Կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով ավելի քան 22 մլրդ 887 մլն դրամ է հատկացվել
Կառավարության որոշմամբ ավելի 22 մլրդ 887 մլն դրամի կհատկացվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, գույքով ապահովմանը:
Կրթության ոլորտի գծով որոշմամբ կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 21.8 մլրդ դրամ, որը հիմնականում ուղղված է դպրոցաշինության ծրագրերին, մասնավորապես՝ 8,95 մլրդ դրամ հատկացվում է դպրոցների կառուցման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման նպատակով, 2,5 մլրդ դրամ հատկացվում է կրթահամալիրների կառուցման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման նպատակով, 9,3 մլրդ դրամ հատկացվում է դպրոցների հիմնանորոգման/վերանորոգման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման, ինչպես նաև նոր օբյեկտների շինարարության մեկնարկման նպատակով: 0,43 մլրդ դրամ կհատկացվի մանկապարտեզների կառուցման ծրագրին՝ Լեռնավանի մոդուլային մանկապարտեզի կառուցման համար 2025թ-ի բյուջեով հատկացումների, ինչպես նաև Ակնաշենի մանկապարտեզի կառուցման աշխատանքների ծավալների ավելացման նպատակով։ Երկու մանկապարտեզներում էլ նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: 0,4 մլրդ դրամ կհատկացվի դպրոցների մասնակի նորոգման ծրագրին՝ թվով 12 դպրոցի ենթակառուցվածքների և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Որոշմամբ 0,2 մլրդ դրամ հատկացվում է ԲՈՒՀ-երի շենքային պայմանների և գույքային հագեցվածության ծրագրերին՝ Ազգային ագրարային համալսարանի և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի շարք մասնաշենքերի բարեկարգման և ուսումնական պրոցեսի կազմակերպման համար պայմանների ստեղծման նպատակով:
Մշակույթի ոլորտի գծով որոշմամբ կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 1․02 մլրդ դրամ, որը հիմնականում ուղղված է թատերահամերգային կազմակերպությունների գույքով ապահովմանը և մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես՝ նշված հատկացումների շրջանակում կարևորագույն նշանակություն ունեն Մատենադարանի թանգարանի ճակատային մասի արձանախմբի վերանորոգումը, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի տան հիմնանորոգումը, թատերահամերգային կազմակերպությունների գույքային հագեցվածության բարելավումը: Թատերահամերգային կազմակերպություններին նոր արդիական ձայնահնչյունային նշված համակարգերի և լէդ էկրանների տրամադրումը ոչ միայն կազդի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, այլ նաև հնարավորություն կտա գեներացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Սպորտի ոլորտի գծով որոշմամբ կատարվող կապիտալ ծախսերը կազմում եմ 63․8 մլն ՀՀ դրամ, որը հիմնականում ուղղված է նոր ծրագրերին, ինչպիսիք են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոցի հիմնանորոգման նախագծումը, Անի համայնքի Մարալիկ քաղաքի մարզադաշտի վերակառուցման նախագծումը, Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի ջեռուցման իրականացումը։
Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ
Կառավարության որոշումներով Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ, իսկ Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ:
Մարզպետները շնորհակալություն են հայտնել վստահության համար:
«Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատելը՝ ի նպաստ հայրենի մարզի զարգացման»,- ասել է Վահրամ Խաչատրյանը:
Արեն Մկրտչյանը նշել է.«Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի Հանրապետության և մասնավորապես՝ Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում»:
Փոխվարչապետը հաջողություն է մաղթել մարզպետներին իրենց գործունեությունում:
Աշխատանք փնտրող անձանց կտրվի առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու և ծառայություններ ստանալու հնարավորություն
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որի արդյունքում ակնկալվում է ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգը՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։ Ըստ այդմ՝ հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու: Այն հնարավոր կդարձնի գործատուների համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:
Դրամական խրախուսում՝ մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին
Կառավարությունը հաստատել է Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը չափերը: Ըստ հիմնավորման՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների թվին են դասվում այն փառատոները, մրցույթներն ու մրցանակաբաշխությունները, որոնք ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների ՝ ինչպես օրինակ, Թատերարվեստի համաշխարհային կազմակերպությունը, Եվրոպական փառատոնային ասոցիացիա, Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի և այլոց կողմից։ Միջազգային հեղինակավոր մրցույթները, փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին. միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։ Դրամական խրախուսում տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի: Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660 հազար դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։ Արդյունքում՝ կկարևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, մշակույթի գործիչների և ինքնազբաղ արվեստագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր, որը կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը:
Վարժական հավաքներ՝ սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներ, կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Ակունք գյուղում լոլիկի և վարունգի աճեցման նոր ջերմատուն կկառուցվի
Կառավարության որոշմամբ «ԱՄ-ԷՍԿԱ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում կառուցել նոր 5,807մ2 մակերեսով ջերմատուն՝ լոլիկի և վարունգի աճեցման: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 139 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման և 142 մլն դրամի ներդրում ջերմոցի հավաքման և տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 33 աշխատատեղ՝ 90 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ մինչև 39-ի 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 139 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 6.9 մլն դրամ։
Կապանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամաս 70 հասցեում գտնվող անշարժ գույք օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 53 700 000 դրամ։ Որոշմամբ նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թ. հուլիսի 7-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գնի նվազեցման։
Օրենսդրական նախաձեռնություն
Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով ներկայացված կարգավորումներով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը: Մասնավորապես` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակում է նախատեսվել տղամարդկանց համար (55 տարեկան), կանանց համար (53 տարեկան), ինչպես նաև կանանց համար նշյալ իրավունքից օգտվելու տարիքային շեմը տարբերակվել է՝ ելնելով հղիությունը փաստացի կրելու հանգամանքից (53 տարեկան, եթե կինն է փաստացի կրում հղիությունը, և 55 տարեկան, եթե կինը հղիությունը փաստացի չի կրում): Նախագծով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերից հանվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները` կանանց և տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքել վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39 մլն եվրո , իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6 մլն եվրո: