Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 օգոստոսի 2025

Քայլեր են ձեռնարկվել խաղային գործունեության ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ










Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության որոշմամբ, սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը։ Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 28.07.2025թ. «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 670-Լ որոշմամբ ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում պետք է հայտարարի Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթ։ Սահմանվել է նաև, որ օպերատորի առաջին ընտրությունն անցկացվում է որակի և արժեքի վրա հիմնված ընտրության գնահատման եղանակով։

Կարգավորման նպատակն է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորում՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար: Որոշման ընդունմամբ ապահովվում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպելու և անցկացնելու՝ օրենսդրությանը համապատասխանող, թափանցիկ, մրցակցային և կանխատեսելի մեխանիզմների կիրառումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետ կարգավորմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Ուզում եմ ավելացնել, որ այս հարցը տարեսկզբից գտնվում է Կառավարության աշխատանքային քննարկումների առանցքում: Վարչապետի հանձնարարությամբ, մի շարք խորհրդակցություններ ենք ունեցել: Արդեն նշվեց, որ սա այն ոլորտն է, որ պետական բյուջեի եկամուտների զգալի մասնաբաժին է ապահովում: Համապատասխանաբար արդյունավետ վարչարարությունն այն կարևոր հարցերից մեկն է, որին պետք է ձգտել: Առ այսօր իհարկե հաշվետվողական մեխանիզմները փորձել են այնպես կարգավորել դաշտը, որ հնարավորինս ամբողջական հայտարարագրում տեղի ունենա, և հարկերը վճարվեն իրական տնտեսական գործունեության արդյունքներից, բայց նաև նշվեց, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում երկրորդ բաղադրիչը, որը մարդկանց եկամուտների հարկման բաղադրիչն է»:

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած:

Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման այդ չափանիշները և իրականացման կարգը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել է, որ վերը նշված իրավական փաստաթղթում կան որոշակի խնդիրներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման գործող կարգի՝ ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատումը դիտարկվում է որպես սեփական գործունեության վերլուծություն: Վերջինս պետք է միտված լինի հաստատության գործունեության բարելավմանը և զարգացմանը։ Արտաքին գնահատումն էլ իր հերթին իրականացվում է ուսումնական հաստատության վերջին երեք տարիների գործունեության արդյունքներով, ինչպես նաև հիմնված է վերջինիս վերջին երեք տարիների գործունեության՝ ներքին գնահատման արդյունքների վրա: Սույն ընթացակարգը ռիսկային է, քանի որ ներքին գնահատումն այս դեպքում հաստատության համար կարող է դիտարկվել ոչ թե ներքին ինքնավերլուծության, այլ արտաքին գնահատման պահանջները բավարարելու գործիք։ Ներքին և արտաքին գնահատման այս տեսակ փոխկապակցվածությունը վճռորոշ ազդեցություն է ունենալու ներքին գնահատման արդյունքների հավաստիության և օբյեկտիվության վրա։ Այս մեխանիզմը կրթական համակարգի ներսում սահմանափակում է հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ խոչընդոտելով բարելավման ոլորտները բացահայտելը և ռեսուրսների արդյունավետ բաշխումը։

Որոշման համաձայն՝ հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է նախագծի 23-րդ կետով սահմանված՝ հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատման արդյունքում նախագծի 2-րդ գլխում սահմանված՝ հաստատության գործունեության բարձր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա: Մրցույթին դիմող հաստատությունները չպետք է ընդգրկված լինեն նախագծի 23-րդ կետում սահմանված՝ ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունների ցանկում: Հաստատությունների ցանկում չեն կարող ընդգրկվել այն հաստատությունները, որտեղ սովորում է ոչ պակաս, քան 50 աշակերտ: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր: Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից:

Ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատություններին աջակցելու, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, կրթության որակի փոփոխությանն ուղղված մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և դպրոցը՝ որպես սոցիալական դրական միջավայր ձևավորելու աշխատանքների իրականացմանն աջակցելու համար նախարարի հրամանով 2 տարի ժամկետով վերջիններիս կցվում են մենթոր հաստատություններ, որոնք նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցներն են կամ հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցներ: Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկը հաստատվում է Նախարարի հրամանով սահմանված հանձնաժողովի կողմից, յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 30-ը՝ Նախարարի հրամանով: Յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատությունների ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Նախարարի հրամանով բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված հաստատությունները ֆինանսական խրախուսում ստանալուն հաջորդող 3 տարվա ընթացքում չեն կարող դիմել սույն որոշմամբ սահմանված մրցույթին: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների նորարարական ծրագրերում և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների բարելավման ծրագրերում ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միայն ընթացիկ (գործառնական) ծախսերի ուղղություններով և չեն կարող ուղղված լինել կապիտալ ծախսերին:

Արդյունքում յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատությունների համար, ըստ ծրագրի, սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին: Իսկ ցածր կատարողականի դեպքում՝ Հաստատության մշակած բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար: Ֆինանսական միջոցները կարող են ծախսվել ներկայացված բարելավման ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ուղղությամբ:

Որոշման ընդունման արդյունքում բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով վերջիններին աջակցելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում: Արդյունքում կներդրվի ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգ՝ ներառելով ինչպես հստակ սահմանված վերջնարդյունքների, այնպես էլ՝ ուսումնառության միջավայրի, գործընթացի, որակի ապահովման գործող համակարգերի գնահատումը: Կձևավորվի համապատասխանության որակի հավաստման համակարգ: Կբացահայտվեն ուսումնական հաստատությունների կարիքները, կստեղծվի մրցակցային միջավայր, ինչն ավելի արդյունավետ կդարձնի վերջիններիս աշխատանքը՝ նպաստելով ուսման որակի արդյունավետության բարձրացմանը:

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և հրապարակվող տեղեկության հասանելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռմիջադեպերի մասին ծանուցելու, դրանք կանխարգելելու և լուծելու, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջների, համապատասխանության գնահատման կամ աուդիտի, ինչպես նաև սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ հստակեցվում է կիբեռանվտանգության ոլորտի պետական քաղաքականությունը մշակող մարմնի՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և կիբեռանվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումն ապահովող մարմնի՝ ի դեմս Ինքնավար մարմնի, ինչպես նաև նշված ոլորտում պետական այլ իրավասու մարմինների լիազորությունները: Որոշման մշակման հիմքում դրված են ԵՄ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի 2022/2555 դիրեկտիվի (NIS 2) կարգավորումները, ինչպես նաև ուսումնասիրվել և հաշվի է առնվել Էստոնիայի, Մոլդովայի, Սինգապուրի, Ալբանիայի,Վրաստանի, Ուզբեկստանի և այլ երկրների միջազգային փորձը:

Որոշման ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։

Որոշման ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի՝ միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

Որոշմամբ առաջարկվում է, որ նոր ձևավորվող մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվեն տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ, իսկ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը կհամարվի պետական ծառայության առանձին տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են Նախագծով: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները կհամարվեն քաղաքացիական ծառայողներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հանրության մեդիագրագիտության կոնտեքստը և նշել. «Հատկապես տվյալների փոխանցման և տեղեկատվության փոխանցման տեսանկյունից տեսնում ենք, թե ինչքան հարցեր են առաջանում հենց հանրային ոչ բավարար վարքականոնի արդյունքում, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում: Եվ պետք է հիշեցնել, որ կրթության բարեփոխումների առանցքում նաև մեդիագրագիտության և մեդիակարողունակության ձևակերպումն է որպես առանցքային կոմպետենցիա՝ սկսած նախադպրոցական տարիքից: Այդ իմաստով իսկապես կարևոր փաթեթ ենք քննարկում»:

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում:

Որոշման ընդունմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ:

Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը

Գործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը: Որոշմամբ առաջարկվող 6,600.0 հազար դրամը կհատկացվի «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից: 1011 ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ միջոցառման գծով 6.6 մլն դրամ գումարի նվազեցման ոչ ֆինանսական ցուցանիշների նվազեցում չի կատարվի։

-1011 «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառում գծով. 5 ամսվա փաստացի ծախսը կազմում է՝ 8,974,289.1 հազար դրամ, 9 ամսվա հաստատված (ճշտված) բյուջեն է՝ 17,277,240.0 հազար դրամ, կանխատեսվող 9 ամսվա ծախսը կկազմի՝ 16,558,302.9 հազար դրամ (միջին ամսական ծախսը՝ 1,839.7 հազար դրամ), կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցը կկազմի՝ 718,937.5 հազար դրամ: Առաջարկվում է 9 ամսվա կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցից նվազեցնել՝ (6,600.0) հազար դրամ: Տարեկան հաստատված (ճշտված) բյուջեն է՝ 22,738,421.0 հազար դրամ, կանխատեսվող տարեկան ծախսը կկազմի՝ 22,654,846.8 հազար դրամ (միջին ամսական ծախսը՝ 2,032.0 հազար դրամ, ավելացումը պայմանավորված է նոր համակարգի ներդրմամբ), կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցը կկազմի՝ 83,574,2 հազար դրամ: Առաջարկվում է տարեկան կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցից նվազեցնել՝ (6,600.0) հազար դրամ, տարեկան արդյունքային ցուցանիշները նվազեցում չի նախատեսվում: 1011 ծրագրի 12001 միջոցառման գծով շրջանառվում է ևս մեկ նախագիծ՝ 80.0 մլն դրամի, որով կներկայացվի արդյունքային ցուցանիշների նվազեցումը: ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ՝ անապահովության գնահատման նոր համակարգին անցումն իրականացվում է փուլային տարբերակով՝ սույն թվականի մարտի 17-ից անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է միայն ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Գնահատման նոր համակարգով նպաստի միջին չափը կազմելու է շուրջ 49 330 դրամ, իսկ գործող անապահովության նպաստի միջին չափը կազմում է 33 350 դրամ։ Ինչը նշանակում է, որ գնահատման նոր համակարգով կանխատեսվել է շահառուների թվի նվազում՝ նպաստի միջին չափի բարձրացման պայմաններում։ Միջոցառման գծով մինչև տարեվերջ լրացուցիչ գումարի պահանջ չի առաջանա:

Օրենսդրական նախաձեռնություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերա-բերյալ Հայաստանի Հանրապե¬տության կառավարության օրենսդրական նախա¬ձեռ-նությանը: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից: Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով: Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը:

Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական ԲՈւՀ-երի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից` կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման և հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ: ԲՈւՀ-երի և խոշոր ու միջին բիզնեսների շրջանում իրականացված հարցման հիման վրա կանխատեսվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25%-ով։

Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը

Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025թ. պետական բյուջեի 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» 42012 միջոցառմամբ 2025թ․ ինն ամսվա համար նախատեսվել է 10,029,980.0 հազ. դրամ, իսկ տարվա համար 13,529,980.0 հազ. դրամ, սակայն միջոցառման աշխատանքների իրականացման մրցութային գործընթացների երկարաձգմամբ պայմանավորված հնարավոր է նախատեսված միջոցներից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը 2025թ. ինն ամսվա համար հատկացնել 828,000.0 հազ. դրամ, իսկ տարվա համար հատկացնել 1,035,000.0 հազ. դրամ: 1,035,000.0 հազ. դրամի չափով միջոցները միջոցառման շրջանակներում օգտագործելու նպատակով վերջինս վերաբաշխվել է 2026-2028թթ. ժամանակահատվածի համար:

Որոշման ընդունմամբ՝ հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին կհասցվի ծրագիրը, ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից կհասնի մինչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում:

Որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբ

Գործադիրը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը: «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետություն հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում ստացվել են առաջարկություններ, մասնավորապես՝ բուհերի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է․ 1.հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ 2. ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից 3. պարգևատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին:

Որոշման ընդունումը կսահմանի միջոցառման շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ինչը կնպաստի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելուն, ինչը դրական ազդեցություն կունենա թե΄ հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե΄ հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա: Նախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը:

Կապահովվի Հանրային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը

Կառավարության որոշմամբ, սահմանվել է փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը: Որոշմամբ առաջարկվում է սահմանել Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը՝ հստակեցնելով Փաստահավաք հանձնաժողովի կողմից Հանրային խորհրդի հաստատմանը եզրափակիչ զեկույց ներկայացնելու ժամկետը, լսումների և քննարկումների իրականացման ընթացակարգերը, Փաստահավաք հանձնաժողովի կողմից նիստերի միջոցով աշխատանքների կազմակերպման ընթացքը և որոշումներ ընդունելու կարգը, Փաստահավաք հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման միջոցները և գործավարության կարգը: Կառավարության որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հանրային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, առաջարկվում է սահմանել Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը, Փաստահավաք հանձնաժողովում ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների առաջադրման հայտի ձևը, թեկնածուների կողմից ներկայացվող հայտարարության ձևը:

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունը

Գործադիրը հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը: Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը մոտարկման պահանջները։

Որոշման ընդունմամբ կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունը՝ հիմնված գիտական տվյալների, միջազգային լավագույն փորձի և հանրային առողջության և բնական էկոհամակարգերի պաշտպանության սկզբունքների վրա, կդրվեն մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման ցուցանիշներ՝ հիմք ընդունելով առողջապահական ռիսկերը, բնապահպանական բաղադրիչը, կմշակվի աղտոտվածության չափման հստակ մեթոդաբանություն, կտեղայնացվի ստանդարտացված մեթոդները, դիտակայանների տեղադրման տարածական պլանավորում կիրականացվի՝ հիմնվելով աղտոտվածության տարածական բաշխման, բնակչության խտության և գոտիների և ագլոմերացիաների դասակարգման սկզբունքների վրա, կմշակվեն դիտակայանների միատեսակ չափանիշներ՝ ներառյալ տեխնիկական սարքավորումները, մոնիթորինգի հաճախականությունը և կալիբրացիոն պահանջները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը: Որոշմամբ, նախատեսվում է հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների, սահմանել յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները, սահմանել յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը։ Արդյունքում՝ կկազմակերպվի դիտակետերի ռացիոնալ ցանց՝ միաժամանակ ապահովելով ֆիքսված, ինդիկատիվ և մոդելային մեթոդների համադրման հնարավորություն, կբարձրանա մոնիթորինգի տվյալների տարածական ներկայացուցչականությունը և համադրելիությունը, կձևավորվեն օդի որակի վերահսկման ծրագրերի և ռազմավարությունների մշակման հստակ հիմքեր։

Օգոստոս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ