Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մայիսի 2025

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել









Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունն հետևյալն է. Արարատի մարզում կա 5 ծրագիր՝ շուրջ 85 մլն դրամ համաֆինանսավորմանբ, Արմավիրի մարզում՝ 7 ծրագիր՝ 101 մլն դրամի ֆինանասավորմամբ, Գեղարքունիքի մարզում 11 ծրագիր՝ 16 մլն դրամ համաֆինանսավորմամբ, Լոռու մարզում՝ 2 ծրագիր՝ շուրջ 232 մլն դրամ, Շիրակի մարզում 2 ծրագիր՝ 16 մլն դրամ, Տավուշի մարզում 6 ծրագիր՝ 261 մլն դրամ: «Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք ՀՀ 2025 թվականի պետբյուջեից 5 մլրդ 46 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- նշել է փոխնախարարը:

Գումարներ են հատկացվել հետևյալ ծրագրերի համաֆինանսավորմանը. Արմավիրի մարզում՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Սևան փողոցի տուֆով սալարկման աշխատանքներ (ավարտված, տուֆապատվել է 0,98 կմ երկարությամբ և 3017 քմ մակերեսով ճանապարհ), Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում (շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 3,51 կմ ջրատար, ոռոգվող հողատարածքը՝ 98 հա, շահառուները՝ 105 տնտեսություն), Արաքս համայնքի Գայ և Ապագա բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 6,58 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 230 հենասյուն և նույնքան լեդ լուսատու), Արմավիր համայնքի Արաքս բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 8,52 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց, շահառուների թիվը՝ 1725), Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե 4 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 545 քմ մակերեսով տանիք, շահառուների թիվը՝ 46 բնակիչ), Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Երկաթուղայիններ, Տերյան և Թումանյան փողոցների ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 0,94 կմ երկարությամբ ոռոգման ցանց, շահառուների թիվը՝ 170 բնակիչ, թիվ 1 և թիվ 2 դպրոցները, թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները, ինչպես նաև բնակավայրի բուժամբուլատորիան), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի թիվ 3Բ, 2Բ1, 8Բ1, 2-րդ թաղամաս թիվ 2Բ շենքերի հարթ տանիքների վերանորոգում և 1-ին թաղամասի 4Բ2 շենքի վերելակի հորանի տանիքի վերանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են 5 բազմաբնակարան շենք տանիք՝ 1680քմ մակերեսով, շահառուների թիվը՝ 523 բնակիչ), Լոռու մարզում՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Զ․ Անդրանիկի, Սայաթ-Նովա և Պիոներների փողոցների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ ճանապարհ), Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում (ավարտված, կառուցվել է 120 քմ մակերեսով միահարկ շինություն, շահառուների թիվը՝ 2400), Շիրակի մարզում՝ Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում /2-րդ փուլ/ (ավարտված, վերանորոգվել է 292 քմ տարածք, շահառուների թիվը՝ 1340), Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբատ 1 թաղամասի 8, 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք՝ 400 քմ ընդհանուր մակերեսով), Տավուշի մարզում՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սայաթ Նովա և Թուխիկյան փողոցների, Մետաղագործների փողոցի՝ դեպի սեփական տներ տանող ճանապարհների և բակերի ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել են ընդհանուր 7706 քմ մակերեսով և 0,9 կմ երկարությամբ փողոցներ), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Անկախության 17 և 19 , Մայիսի 28 փողոցի 41, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան N4 թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 76%, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք՝ 4050 քմ ընդհանուր մակերեսով), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող ճանապարհների, Ծաղկավան բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, հիմնանորոգվել են ընդհանուր 4417 քմ մակերեսով և 1,17 կմ երկարությամբ փողոցներ), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գայի 84, Շամախյան 2Ա բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք՝ 1006 քմ ընդհանուր մակերեսով), Նոյեմբերյան համայնքի կարիքների համար երկու աղբատար մեքենայի ձեռքբերում (ավարտված), Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 75 քմ մակերեսով հենապատ, սալապատվել է 26 քմ հատակ):

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Մենք շարունակում ենք հաստատել նոր փաթեթներ, պարբերաբար քննարկում ենք համայնքներից ստացված, մարզպետարանների միջոցով մեզ ուղարկված հատկապես այն ուղղությամբ նախագծերը, որոնք իրենց ուղղվածությամբ համապատասխանում են Կառավարության ներդրումային առաջնահերթություններին և հատկապես՝ ուղղված են մեր բնակավայրերում ջրամատակարարման ենթակառուցվածքների նորացմանը, ոռոգման համակարգերին, գազամատակարարման հարցերին, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին և իհարկե, նախակրթական հաստատություններին»,-ասել է փոխվարչապետը և տեղեկացրել, որ այս տարվա ընթացքում արդեն կան հաստատված բազմաթիվ նախագծեր:

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: Մոնիթորինգի համակարգի արդիականացման հիմքում դրված են 2023թ․ Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար Արևելյան գործընկերության երկրներում» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգով նախատեսված բաղադրիչները: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում ԱՀԿ (առողջապահության համաշխարհային կազմակերպության)-ի կողմից առաջարկվող հիմնական աղտոտիչների չափման հնարավորություն և տեղեկատվության իրական ժամանակում հասանելիության ապահովում 14 անշարժ (Երևան քաղաքում 6 դիտակայան) դիտակայանների միջոցով, արտակարգ իրավիճակներում օդի աղտոտվածության չափման հնարավորություն, ինչպես նաև մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում օդի աղտոտվածության ժամանակավոր գնահատում 2 շարժական դիտակայանների միջոցով, օրգանական աղտոտիչների (բենզոլ, բենզապիրեն և այլ ցնդող օրգանական միացություններ) և փոշու մեջ ծանր մետաղների (կադմիում, կապար, նիկել, արսեն և այլն) ներառում դիտարկումների համակարգում՝ քիմիական լաբորատորիայի արդիականացում, օդի որակի մոնիթորինգի սարքավորումների (անշարժ և շարժական դիտակայաններ) ստուգում՝ ռեֆերենս լաբորատորիայի առկայություն, մթնոլորտային օդի աղտոտվածության բաշխվածության, անշարժ աղբյուրներից արտանետումների տվյալների հետ համադրման մոդելավորում, կանխատեսման գործիքակազմի ստեղծում:

Որոշմամբ, նախատեսվում է նաև Երևան քաղաքում և մարզերում մթնոլորտային օդի որակի բարձրացնելու նպատակով շինարարության և հանքարդյունաբերության բնագավառում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջի (առաջնահերթ Երևան քաղաքում մինչև 2025թ․ դեկտեմբերի 1-ին տասնօրյակ) սահմանում, շինարարության բնագավառում մթնոլորտային օդի պահպանության պահանջների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ վերանայում և խստացում, համապատասխան ուսումնասիրությունների իրականացում և դրանց հիման վրա համակարգային լուծման մշակում՝ տեխնիկական զննության շրջանակներում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացման, տեխնիկական զննության կայանների վերազինման, արտանետումների ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման եղանակով, Երևան քաղաքում կանաչ տարածքների ավելացում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ցուցանիշներն ապահովելու համար, իրազեկման իրականացում, բացատրական աշխատանքներ օրենսդրությամբ սահմանված մթնոլորտային օդի պահպանության պահանջների, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար մարդածին երևույթների և դրանց հետևանքների վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են շրջակա միջավայրի, մասնավորապես՝ օդի որակի վերաբերյալ ճիշտ տեղեկությունները, քանի որ բոլոր որոշումներն ածանցվում են իրավիճակի վերաբերյալ ճիշտ գնահատականներից: «Առանց ժամանակակից մշտադիտարկման համալիր ենթակառուցվածքի դժվար է արձագանքել, և այն միջոցառումները, որոնք Դուք թվեցիք, ինչպես մշտական կայանների, այնպես նաև միջոցառումների մեջ կա նշված՝ շարժական կայանների ձեռքբերման կարևորության մասին, դրանք այն անհրաժեշտ գործողություններն են, որոնք պետք է թույլ տան այդ որակյալ տեղեկությունների բազան ձևավորել: Բայց չափազանց կարևոր է նաև, որ համագործակցությունը տեսչական մարմինների հետ լինի այնպես օպերատիվ և արդյունավետ, որ մեր կողմից կատարված դիտարկումներին հետևեն նաև որոշումներ: Եվ այդ որոշումները կանխարգելեն այնպիսի գործունեության հնարավորությունը, որոնք չարտոնված վնաս են հասցնում օդի որակի»,-ասել է փոխվարչապետը:

Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման ընդունումը թույլ կտա Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և վերոնշյալ պետությունների միջև քաղաքական ու միջպետական վստահության խորացման տեսանկյունից վիզային ռեժիմի վերացումը կարող է դիտվել որպես հաջորդական և կարևոր քայլ՝ նպաստելու բարենպաստ միջավայրի ձևավորմանը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Օմանի Սուլթանության և Քուվեյթի Պետության հետ հնարավոր երկկողմ վիզային ռեժիմի ազատականացման, տուրիստական հոսքերի ավելացման, ինչպես նաև այլ փոխշահավետ համագործակցային նախաձեռնությունների իրականացման համար:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ այն կնպաստի զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, ինչպես նաև երկրում ներդրումային հնարավորությունների խթանմանը:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի վերաբերյալ

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է. «Օրենքների նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 37 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ Զինված ուժերում օրենքով սահմանված 24 ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել է 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն: Մինչև 16 տարին լրանալը, զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ: Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման: Միաժամանակ, առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ: Հավելեմ նաև, որ նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին է, և այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նախարարական կոմիտեով: Ըստ այդմ՝ ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում: Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանն ըստ էության համաձայն է այս փոփոխություններին, և առաջիկայում՝ մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև Ազգային ժողովում: Հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է և զգայուն է և անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարևոր է, որ այն նաև պատշաճ քննարկում անցնի Ազգային ժողովում»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների սկզբունքային առանձնահատկությունն ա՞յն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում Կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի, որը նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման, շատ զգայուն՝ ինչպես դուք նշեցիք, և էական փոփոխությունների պարագայում:

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան, միևնույն ժամանակ, մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը:

Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին Կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասն առկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված: Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո, կստանա նաև 5 մլն դրամ պարգևավճար: Եվ այստեղից էլ այս թվերը. խոսքը վերաբերում է 18 և 24 մլն դրամ Կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կկարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 մլն դրամ պարգևավճարը, որն ստանձնել է Կառավարությունը:

Բայց ինչպես նշեցիք՝ ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը դեռ պիտի սահմանի Կառավարությունը: Յուրաքանչյուր զորակոչից առաջ Կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից: Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն՝ Կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»:

Տիգրան Խաչատրյանը հավելել է. «Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես Դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են տարկետման այդպիսի իրավունքներ: Եվ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջությամբ մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ և այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու Ձեր կողմից նշված ձևաչափերով»:

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

Կառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում է Սվարանց բնակավայրում իրականացնել «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագիրը՝ Սվարանց գյուղում Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ Կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած և սույն ծրագրի շահառու դառնալու համաձայնություն տված 20 ընտանիքների համար 20 բնակելի տների կառուցում, նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 անասնագոմերի կառուցում, նշված 20 տների կահավորում և 20 հատ արևային տաքացուցիչների տեղադրում, ինչպես նաև 34 հատ արևային տաքացուցիչների տեղադրում գյուղի բնակիչների տների համար, գյուղի վարչական շենքի, բուժկետի և մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակի կառուցում և գերեզմանատան բարեկարգում: ՀՀ փոխվարչապետի 2025 թ. մարտի 4-ի համապատասխան որոշմամբ ծրագիրը որակվել է բարեգործական:

Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կարգավորումներն ուղղված են ուսանողների առաջադիմության խրախուսմանը: Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացրել է ուսանողների առաջադիմության վերլուծություններ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի, Գորիսի և Վանաձորի պետական համալսարաններից ստացված տեղեկատվության համաձայն: Արդյունքում՝ ակնկալվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրել ըստ կիսամյակների՝ խրախուսելով ուսանողների առաջադիմությունը: Մասնավորապես, մեկ կիսամյակի արդյունքում կրթաթոշակի տրամադրումը, հատկապես մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում (մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է) կնպաստի կրթության որակի բարձրացմանը՝ խրախուսելով ուսանողներին կենտրոնանալ առաջադիմության վրա: Որոշումը կտարածվի 2025/2026 ուստարվանից պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները հետաձգելու նպատակով: Հաշվի առնելով դրոշմավորման նոր համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ծավալը և տնտեսվարողների կողմից բիզնես գործընթացների համապատասխանեցման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամկետները՝ որոշմամբ առաջարկվում է դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում սահմանված էր 2025 թ. մարտի 1-ից տարբերվող ժամկետ, նույնականացման միջոցներով դրոշմավորումը նախատեսել 2026 թ. հունվարի 1-ից։ Որոշմամբ առաջարկվում է նաև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտում ներառվող տվյալների ցանկում լրացնել ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը։

2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիր

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 448 անձնագիր: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (205 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (243 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Մասնավորապես՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքի կատարումը կնախատեսվի որպես հանցագործություն։ Միաժամանակ, մասամբ կխստացվի Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն կսահմանվի համապատասխան սուբյեկտների կողմից 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելու, նշված անձանց այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին ներգրավելու, ինչպես նաև՝ 16-ից մինչև 18 տարեկան անձանց կողմից նշված առարկաները, սարքերը կամ գործիքները կրելու համար։ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ոստիկանության՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացնելու իրավունքը։

Կառավարությունը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի փոփոխությամբ ամրագրվում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու համար որպես առաջնային և հիմնական տարբերակ դիտարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակ այցելելը՝ որպես բացառություն oրենքով հստակ սահմանված դեպքերի համար: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակ սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթայի տարբերակով ներկայացման և դրանք էլեկտրոնային տարբերակի վերածելու կարգը:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք կրող՝ գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի գետաողողատներից արդյունահանում իրականացնելիս գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի և (կամ) անդառնալի գնահատվող դեպքերի բացառում:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ դաշինքին միանալը կհանդիսանա որպես լայն հնարավորություն մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչների պահպանման և թվաքանակի ավելացման հարցում: Դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտությունները, մոնիտորինգը, խնդրի ավելի մանրամասն ուսումնասիրությունը և խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործումը: Դաշինքը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների և զարգացման, իրազեկության բարձրացման և այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մաս կազմելու մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն և պահպանությունը: Դաշինքը հանդես կգա նաև որպես շահերի պաշտպան՝ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի իրականացման գործում։

Հավանություն է տրվել «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն և ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաև անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու և բացառելու ուղղությամբ։ Կոնվենցիան կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում։ Այն կիրառվում է աշխատանքում բռնության և ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից։ Կոնվենցիայի վավերացումը կխթանի, մասնավորապես՝ աշխատավայրի անվտանգության և առողջության պահպանմանը. կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը` ապահովելու անվտանգ և առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը և ոտնձգություններին, ինչը կարևոր է աշխատողների անվտանգության և բարեկեցության բարելավման համար:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոց ամրացնելու մասին» որոշում. ՀՀ սեփականություն հանդիսացող՝ 15.900.000 ՀՀ դրամ արժողությամբ «Mercedes-Benz GLE 350» մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված ուսումնական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման/վերանորոգման գործընթացի որակով և ժամանակին կատարման նպատակով: Արդյունքում՝ կապահովվի ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների պատշաճ գործունեությունը։

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզ Վայք քաղաքի Ալավերդյան փողոց, 54/2 հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել Վայք համայնքին՝ գույքը որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ համայնքի ղեկավարը գրությամբ տեղեկացրել է, որ Վայք քաղաքում առկա է 2 մանկապարտեզ, որոնք գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ, և խմբասենյակների ոչ բավարար քանակի պատճառով Վայք քաղաքի երեխաների շուրջ 25-30%-ը զրկված է նախադպրոցական կրթության ստանալու հնարավորությունից։

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ - պահանջարկ համամասնությունը։

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, սահմանել, որ 2026 թ. հունվարի 1-ից այդ ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նույնականացման միջոցներով՝ համաձայն հիմնական մոդելի:

Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ