Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 մարտի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է այսօր առավոտյան ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի շենքի մուտքի մոտ իրականացված պայթյունին, որը տեղի է ունեցել կոմիտեի նախագահի ծառայողական մեքենայի մուտքին մոտենալու պահին: Դատապարտելով երևույթը՝ վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ եթե ահաբեկման այդ փորձն ուղղված է պետական բյուջեի մուտքերն ապահովող մարմինների՝ մաքսային կոմիտեի, հարկային ծառայության ընթացիկ գործունեության դեմ, որոնք զգալիորեն ակտիվացրել են ջանքերը ստվերային տնտեսության դեմ պայքարում, ապա նման գործողության հեղինակները պետք է հստակ իմանան, որ պետական այդ մարմինները շարունակելու են նույնպիսի հետևողականությամբ իրականացնել ՀՀ նախագահի և կառավարության կողմից իրենց առջև դրված հանձնարարականները՝ ուղղված նախատեսված ծրագրերի ժամանակին և պատշաճ կատարման ապահովմանը. «Որևէ մեկը չպետք է հույս ունենա, թե նմանատիպ քայլերով երբևէ կարող է խոչընդոտել վերոհիշյալ մարմինների աշխատանքը», - նշել է կառավարության ղեկավարը:

Նիստում քննարկված հարցերից գործադիրը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատել է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը: Այն սահմանում է գլխավոր հատակագիծը որպես անցումային շրջանի քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ՝ նախանշված խնդիրների փուլային լուծումներով: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հետ համատեղ, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 16-ի N 833 որոշմամբ սահմանված ժամկետներում ավարտել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնել կառավարության քննարկմանը: Քաղաքապետին հանձնարարվել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ համատեղ, 2005-2006թթ. ընթացքում ավարտել Երևանի տարածքային հատակագծման և «Երևան քաղաքի քաղաքամերձ գոտու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:

Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի ոռոգման ցանցի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով կնքված պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի համար տրամադրել եզրակացություն՝ «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևան քաղաքի ոռոգման ցանցի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացումը մինչև 2005թ. հուլիսի 1-ը ապահովելու նպատակով:

Նիստում հավանություն է տրվել նաև «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին: Որոշումն ընդունվել է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկ»-ին, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին համապատասխան: Ըստ հայեցակարգի, օրենքը նպատակաուղղված է իրավաստեղծ մարմիններում իրավական ակտերի ընդունման անմիջական մասնակցություն չունեցող անձանց շահերն այդ գործընթացում ներկայացնելու հնարավորությունների ապահովմանը: Լոբբիստական գործունեության առարկա են ՀՀ նորմատիվ ակտերը և դրանց նախագծերը, այդ գործունեության ոլորտից դուրս են դատական ակտերը:

Կառավարությունը, ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, մինչև 130 մլն 68.8 հազար դրամ է հատկացրել՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Պետական բյուջեի «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով նախատեսված այդ միջոցները կհատկացվեն ՀՀ արտաքին գործերի, մշակույթի և երիտասարդության հարցերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին: Մեկ այլ որոշմամբ, 102 մլն 93.5 հազար դրամ է հատկացվել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար: Այդ միջոցները կհատկացվեն ՀՀ մշակույթի և երիտասարդության, ֆինանսների և էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմին:

Նիստում գործադիրը որոշում է ընդունել 2005թ. օգոստոսին Երևանում համահայկական խաղերի համաշխարհային կոնգրես և բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի համահայկական առաջնություն կազմակերպելու վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 12 մլն 115.8 հազար դրամ է հատկացվել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին: Որոշմամբ հաստատվել է նաև բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի համահայկական առաջնությունը նախապատրաստող կազմկոմիտեի կազմը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին ու մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման մեջ, գործադիրը համապատասխան դրամական պարգևատրումներ է նախատեսել նաև հիշյալ առաջնություններում 1-3 տեղեր գրաված ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների համար:

Մեկ այլ որոշմամբ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակների հաշվարկման կարգը: Դրանով հաշվարկվելու են այն թռիչքային մասնագետների կենսաթոշակները, որոնց կենսաթոշակների չափերը հաշվարկվել են իրենց պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարից: Սահմանվում է, որ անկախ կենսաթոշակառուի դիմելու հանգամանքից՝ 2005թ. փետրվարի 1-ից կենսաթոշակները կվերահաշվարկվեն ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի՝ հաշվի առնելով օրենքով սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Կարգով սահմանվում է նաև, որ եթե կենսաթոշակառուն մինչև 2005թ. մայիսի 1-ը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնի, ապա նրա կենսաթոշակը կարող է վերահաշվարկվել 2005թ. փետրվարի 1-ից: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 3-ի «Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը հաստատելու մասին» N 808-Ն որոշումը:

Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ-ում երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները: Այդ կապակցությամբ համապատասխան լրացում և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի N 2179 որոշման մեջ: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև կրթության և գիտության նախարարներին՝ մինչև 2005թ. հունիսի 15-ը կառավարություն ներկայացնել «Որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները» վերակազմակեպելու, ինչպես նաև «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ» ստեղծելու մասին առաջարկություն և ժամանակացույց:

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից հատուկ ծառայողների վերապատրաստման ծառայությունների ձեռք բերման գծով 2005թ. պետական պատվերի կատարման նպատակով, գործադիրը սահմանել է, որ պետբյուջեի «Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին պետք է իրականացվի 165 ծառայողի վերապատրաստման ծառայություն: Որպես նշված պետական պատվերի նախահաշվային արժեք, մեկ վերապատրաստվողի մեկ ժամվա արժեքը 2005թ. համար սահմանվել է 495 դրամ:

Առանձին որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է միջուկային տեղակայանքների շահագործման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության, ՀՀ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ ՀՀ-ից դրանց արտահանման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը: Հաստատվել են նաև ՀՀ միջուկային նյութերի, հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ ՀՀ-ից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու բաղադրիչների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու կապակցությամբ (2004թ. դեկտեմբերի 8-ի ՀՕ- 167-Ն) առաջացել է լիցենզավորման ենթակա «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների» արտադրության լիցենզիա տալու համար պետական տուրք գանձելու անհրաժեշտություն: Նկատի է առնվել նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքը չի կարգավորում պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիների, հումքի, մթերքի և այլ բեռների արտահանման ու ներմուծման ընթացքում պետական մարմինների կողմից իրականացվող ծառայությունների կամ գործողությունների դիմաց պետական տուրքերը ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացը: Օրինագծով կարգավորվում են նշված խնդիրները, ինչպես նաև վերանայվում է անասնաբուժական հսկողության ենթակա հումքի և մթերքի, կենդանիների, կերերի և այլ բեռների, փորձաքննություն անցկացնելու և մասնագիտական եզրակացություն տալու համար մատուցած ծառայության դիմաց գանձվող պետական տուրքի դրույքաչափը, որը նախատեսվում է սահմանել բազային տուրքի 5-ապատիկի չափով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 22- ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված՝ առաջին 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծության հրապարակմանն առնչվող փոփոխություններով:

Մեկ այլ որոշմամբ չեղյալ է ճանաչվել ՀՀ կառավարության 1996թ. օգոստոսի 6-ի N 241 որոշումը, որն առնչվում է ՀՀ-ի և ՌԴ- միջև 1993թ.-ին իրականացված միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքերի կարգավորման խնդրին:

Ռուբեն Շուգարյանի՝ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի «ՀՀ-ի և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքները կազմակերպելու մասին» N 743-Ա որոշման մեջ, գործադիրը որոշմամբ հաստատված համակարգման աշխատանքային խմբի կազմում Ռ. Շուգարյանի փոխարեն, ընդգրկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանին:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի N 120 որոշման մեջ, կառավարությունը սահմանել է, որ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարներն այսուհետ եվրոպական գոտու երկրներում ծառայող դիվանագետներին կվճարվեն եվրոյին համարժեք դրամով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին՝ դոլարին համարժեք դրամով: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափերը սահմանող N 123 որոշման մեջ:

Նիստում հաստատվել է «ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքներին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար համապատասխան մարմնի կողմից տրվող տեղեկանքի ձևը:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 2 մլն 553 հազար դրամ գնահատված՝ ՀՀ առողջապահության նախարարության Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 13 հասցեում գտնվող N 63 դեղատուն դուստր ձեռնարկություն «փոքր» օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

Առանձին որոշումներով գործադիրը հաստատել է նաև ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային և Շահումյանի գյուղական համայնքների, Մասիսի քաղաքային և Սայաթ-Նովայի գյուղական համայնքների, Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային և Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղական համայնքների, Մեծամորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրերը: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն է կատարվել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ, որը պայմանավորված է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2005թ. հունվարի 27-ից ուժի մեջ մտած փոփոխություններով և լրացումներով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ