Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 օգոստոսի 2024

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարը 10%-ի փոխարեն կսահմանվի 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից կդառնա 6000 դրամ










Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գործադիրը որոշում է կայացրել, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն -մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես օրինակ առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների հետ։ Արդյունքում ստացվել են երկարաձգման հայտեր՝ հաշվի առնելով առաջարկի հարցման փուլի հայտերի նախապատրաստական աշխատանքների ծավալները, արձակուրդային սեզոնը, աշխատակազմերի պակաս հասանելիությունը։ Բացի այդ, գնահատող հանձնաժողովի նախապատրաստական նիստից հետո նախատեսված ոչ ուշ քան 55 աշխատանքային օր ժամկետը ոչ ուշ քան 75 աշխատանքային օր ժամկետով փոխարինելու առաջարկը ևս գնահատվում է անբավարար։ Որակավորված հայտատուներից ստացված կարծիքների հիման վրա նշված փաստաթղթերի վերլուծությունը պատշաճ իրականացնելու համար առաջարկվում է առաջարկի հրավերը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու համար գնահատող հանձնաժողովի նախապատրաստական նիստից հետո սահմանել ոչ ուշ քան 95 աշխատանքային օր ժամկետ։ Ուստի կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է ողջամիտ օրերի քանակով ավելացնել վերոնշյալ ժամկետը։

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե առաջարկվող ժամանակացույցի համաձայն նոր ձևաչափով անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը երբ է նախատեսվում, ինչին ի պատասխան Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատասխանել է. «2025 թվականի մարտին, եթե պրոցեսն ամբողջովին հարթ ընթանա, կունենանք հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքում: Մինչև մեկ տարի ժամկետում, այսինքն՝ մինչև 2026 թվականի մարտը հաղթող գործընկերը կապահովի ենթակառուցվածքը. պետք է սերվերային տնտեսությունն ամբողջովին նորը լինի, ամբողջովին նոր արտադրական պրոցես պետք է կազմակերպի, հնարավորություն պետք է ունենա Երևանում և մարզերում գրասենյակներ ձեռք բերել, նոր աշխատակիցներ ունենալ և անցում կատարել ծառայությունների մատուցմանը»: Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Մենք կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սահմանն անցնել այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին»:

Մհեր Գրիգորյանը թեմայի շրջանակում հիշեցման կարգով նշել է. «Պարոն Սանոսյան, օգտվելով առիթից՝ դա նաև նշանակում է, որ մենք մեր օդանավակայանում այսօրվանից պետք է մտածենք, թե ինչպես ենք կազմակերպում տեխնիկական հագեցվածության բարելավման գործընթացը, որպեսզի այդ թվում՝ բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի. ոչ թե որպես անձնագիր-բուկլետ, այլ որպես քաղաքացուն անձնագիր-ծառայություն մատուցող, որպեսզի այդ թվում՝ մեր օդանավակայանում այդ համակարգը լիարժեք գործի նոր անձնագրերի համակարգի ներդրման օրվանից»:

Բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների տրամադրման համաձայնագիր է ստորագրվել

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է. 1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, 2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, 3. պետական գնումների համակարգի արդիականացումը, 4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, 5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, 6. ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը, 7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Թեմայի շրջանակում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դիտարկում է արել. «Վերջերս պարբերաբար լրատվամիջոցներով, այսպես ասած, սենսացիաներ են պտտվում այն մասին թե Հայաստանի Հանրապետության պարտքը ինչ շեմը հատեց։ Ուզում եմ ասել, որ ամեն տարվա բյուջեով, մենք նկարագրում ենք, թե Հայաստանի Հանրապետության պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու։ Մենք նախորդ տարի հրապարակում ենք նաև, թե ինչ չափով պետական պարտատոմսեր ենք թողարկելու, այդ թողարկումների օրացույցն ենք նախանշում, և ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այս բոլոր հարցերը պարզ են բոլորի համար, և որևիցե նորություն չկա։ Այս վարկային ծրագիրը և մյուս վարկային ծրագրերը, որոնք մենք կներկայացնենք կառավարության հաստատմանը, դրանք բոլորը նորություն չեն և նախապես հայտարարված են, աղբյուրները հայտնի են, և այս ծրագրով էլ մենք առաջ ենք շարժվում»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ կարևոր է ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը, որը վերաբերելի է ոչ միայն պետությանը, այլ ցանկացած բիզնեսին և անհատին:

Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 1 մլրդ 428 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,428,851.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ներկայացնելով մանրամասներ որոշման վերաբերյալ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է. «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կդառնա, որ այս տարվա ընթացքում, միայն սուբվենցիոն ծրագրերի համար Կառավարությունը հատկացրել է 13,730 մլն դրամ։ Եթե մարզերով նշեմ, ապա Արարատի մարզին կհատկացնենք 423 մլն դրամ հետևյալ ծրագրերի համար՝ Արարատի համայնքի Արարատ բնակավայրում մարզադպրոցի կառուցում, Մասիս համայնքի Հայանիստ, Սայաթ-Նովա բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում և նորոգում, Արտաշատ համայնքի՝ Աբովյան, Արևշատ և Դեղձուտ բնակավայրերում փողոցների նորոգում և Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում ոռոգման համակարգերի կառուցման նորոգման համար։ Արմավիրի մարզին կհատկացնենք 425 մլն դրամ երկու ծրագրերի համար՝ Մեծամորի թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման համար և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման համար։ Գեղարքունիքի մարզին կհատկացնենք 16 մլն դրամ՝ Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի կառուցման աշխատանքների համար և Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման համար։ Լոռու մարզին կհատկացնենք շուրջ 174 մլն դրամ։ Ծրագրերը հետևյալն են՝ Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բն․ Սոս Սարգսյանի անվան գրադարանի մասնաշենքի հիմնանորոգում, Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի ամբողջական վերանորոգում և տարածքի բարեկարգում, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգում,Սպիտակ համայնքի՝ Սպիտակի, Կաթնաջրի և Լուսաղբյուրի բնակավայրերում տարբեր աշխատանքներ են տարվում, ջրահեռացման համակարգեր, սելավատարեր և հենապատերի կառուցում։ Կոտայքի մարզին մեկ ծրագրի համար կհատկացնենք 31 մլն դրամ՝ Գառնիում խմելու ջրի խողովակների անցկացման ծրագիր։ Շիրակի մարզին կհատկացնենք 356 մլն դրամ՝ Գյումրի համայնքի «Գոհար» մանկապարտեզի վերանորոգման համար, Գյումրու ԲԲՇ-ների էներգաարդյունավետ արդիականացում Մուշ-2 թաղամասում։ Մեկ կարևոր ծրագիր՝ Գյումրի համայնքի կարիքների համար ձեռք են բերվել 10 ավտոբուսներ և 10 էլեկտրական միկրոավտոբուսներ քաղաքային տրանսպորտի կազմակերպման համար: Շուրջ 200 մլն դրամ կհատկացնենք։ Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքը երկրորդ փուլով ավարտում ենք և Ախուրյան համայնքի մանկապարտեզների և Քեթի բնակավայրի մանկապարտեզի բակերի բարեկարգման և այլ աշխատանքների համար գումար կհատկացնենք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի շրջանակում նշել է, որ անհրաժեշտ է ծրագրերի լուսաբանումն այնպես կազմակերպել, որպեսզի ներդրողների ու մասնավորի մոտ սպասումներն արտացոլվեն նաև իրենց ներդրումների պլանի մեջ, որպեսզի տնտեսվարողները հստակ հասկանան՝ պետությունն ինչ ծավալի պատվեր է պլանավորում իրականացնել, օրինակ, շինարարության ոլորտում: Փոխվարչապետը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը լուսաբանման կազմակերպման պլան մտածել, որպեսզի մասնավոր հատվածն իմանա, որ օրինակ, եռամյա կտրվածքով պետությունը պլանավորում է որոշակի ծավալի հավելյալ պահանջարկ գեներացնել:

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարը 10%-ի փոխարեն կսահմանվի 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից կդառնա 6000 դրամ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել: Միաժամանակ, որոշմամբ շահառուներին հնարավորություն է տրվում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։ Որոշմամբ նախատեսվում է բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հիմք ընդունել սահմանված ժամկետում ներկայացված վերջին տեղեկատվությունը՝ ժամկետը սահմանելով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ այդ ժամկետից հետո տվյալները չեն տրամադրվում: Որոշմամբ առաջարկվում է նաև, որ բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, քանի որ նախատեսվում է բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարի բանկը՝ իր սահմանած եղանակով։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Նշված 12 ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։ Որոշման մեջ ներառված է վճարման ցուցակի ցանկը։ Որոշմամբ հստակեցվում է, որ վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր:

Թեմայի շրջանակում Մհեր Գրիգորյանը նշել է, որ ըստ տվյալների, նախորդ ամիս Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկ առևտրի ծավալը և հավելել, որ չնայած դրան անհրաժեշտ է անընդհատ վերլուծել իրավիճակը, լավարկել այն, որպեսզի և՛ պարբերաբար ավելացվի թոշակառուների վաստակը, և՛ ճշգրտվեն թիրախները, և՛ խթանվի թոշակառուների կողմից անկանխիկ եղանակով կատարվող ծախսերը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է օրենքի մեջ կատարել համապատասխան լրացումը, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ծառայության զինծառայողների վրա: Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթները կտարածվեն նաև ծառայության զինծառայողների վրա:

Կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունմամբ ԵԱՏՄ կարգերին համապատասխան, ԲԱ շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները կհամապատասխանեցվեն Համաձայնագրով սահմանված պահանջներին: Այս որոշման ընդունմամբ կկանխվեն Հայաստանի Հանրապետությունում ԲԱ մատակարարման ընդհատումներով և հնարավոր սղությամբ պայմանավորված բժշկական սպասարկման հնարավոր խափանումները: «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման «բժշկական արտադրատեսակների սպասարկում» տեսակի համար սահմանված պահանջի համապատասխանեցումը այդ տեսակի բովանդակային և գործունեության իրականացման տրամաբանական ընթացքի ապահովմանը: Որոշման ընդունմամբ բժշկական արտադրատեսակների սպասարկում տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայով կթույլատրվի բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվել և լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում և այդ վայրից դուրս:

Նոր համաձայնագիր է ստորագրվել Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նոր համաձայնագրով առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից կանոնադրությանը համապատասխան և պաշտոնում հաստատվում է լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։ Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ռեկտորի և որպես գործատու հանդես եկող ու համալսարանի հիմնադիրների անունից գործող հայկական կողմից լիազորված մարմնի միջև կնքված աշխատանքային պայմանագրով: Որպես լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը: Նոր համաձայնագրով հստակ ձևակերպված են համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները:

Հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և զգալիորեն նվազեցնել ստվերը

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: Որոշմամբ առաջարկվում է հաստատել կաթնամթերքի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։ Հայաստանի Հանրապետությունում ներդրված է ժամանակակից էլեկտրոնային համակարգ, որը ներդաշնակ ինտեգրվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և ծառայում է Հայաստանում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը նպաստում է թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

100 մլն դրամի նվիրատվություն՝ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով

Գործադիրը հավանություն է տվել նաև 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նա-խագծին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրով նախատեսվում է բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների փորձագիտական գնահատման իրականացումը կունենա նաև կանխարգելիչ ուղղվածություն

Կառավարության նիստում ընդունվել է որոշում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որը նպատակ ունի կարգավորել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման ներկայացվող դեպքերի մասնագիտական փորձաքննությունը: Սույն որոշման ընդունման արդյունքում առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կողմից բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների փորձագիտական գնահատման իրականացումը կունենա նաև կանխարգելիչ ուղղվածություն: Միաժամանակ, ներգրավվող նեղ մասնագետների գործունեության արդյունքում որակական նոր մակարդակի կբարձրացվի բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցերի մասնագիտական փորձագիտությունը և որի հիման վրա հնարավորություն կստեղծվի հետագայում ներդնել արհեստական ինտելեկտի հիման վրա դեպքերի փորձաքննության իրականացման համակարգ:

Նոր խմբագրությամբ կշարադրվեն նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների մի շարք ստուգաթերթեր

Նիստում գործադիրը որոշում է կայացրել, որով բարելավել է 2018 թվականի N 1139-Ն որոշման N1 և N2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի կրթության ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: Այդ նպատակով՝ սույն որոշմամբ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել մի շարք ստուգաթերթեր: Որոշման ընդունման արդյունքում նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն ոլորտի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացումը:

Երկարաձգվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և մայրության նպաստի նշանակման ժամկետները

Կառավարությունը որոշում է կայացրել, որի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և մայրության նպաստի նշանակման ժամկետների երկարաձգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ը դիմելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Առկա են դեպքեր, երբ չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի համար ևս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք դիմումներ չեն ներկայացվել կամ ներկայացրել են սահմանված ժամկետից ուշ, որի արդյունքում մայրության նպաստ նշանակելը մերժվել է։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։

518 150 000 դրամ կհատկացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թվով 5931 անձանց 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար

2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շահառու հանդիսացող ընդհանուր թվով 5931 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ: ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի «1225 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՛ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն» միջոցառումից կհատկացվի 518 150 000 դրամ: Ֆինանսական միջոցների նվազեցմամբ արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի ակնկալվում:

Կբարեկարգվեն Երևանի թվով 15 մանկապարտեզի բակերը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 1,480,580.5 հազար դրամ գումարը բաշխել ըստ օբյեկտների։ Որոշմամբ գումար է հատկացվում Երևանի արդեն իսկ հիմնանորոգված/վերակառուցված կամ շինարարական աշխատանքները 2024թ․ ավարտվող թվով 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար։ ՀՀ 2024թ․ պետական բյուջեով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար նախատեսվել էր գումար, որը չէր բաշխվել համապատասխան օբյեկտներով՝ պայմանավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայությամբ։ Ներկայումս թվով 15 մանկապարտեզի համար փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են /կցվում են/ և անհրաժեշտություն է առաջացել նախատեսված գումարի մի մասը բաշխել ըստ օբյեկտների։ Բակերի բարեկարգման համար 9 մանկապարտեզի համար արդեն կնքվել են կապալային աշխատանքների գնման պայմանագրեր՝ «Գնումների մասին» օրենքի 15–րդ հոդվածի 6–րդ մասին համապատասխան։ Հարկ է նշել նաև, որ 2 մանկապարտեզի մասով (հ․ 82 և հ․ 90) Երևանի համայնքի բյուջեով նախատեսվել է գումար՝ կապալային աշխատանքների համար կնքված պայմանագրի 30%–ի չափով, ինչպես նաև 1 մանկապարտեզի (հ․ 63)՝ տեխնիկական հսկողության համար կնքված պայմանագրի 100%-ի չափով և ներկայիս Նախագծով բաշխվում է տարբերության գումարը։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար կառուցված նոր շենքի ներքին հարդարման, Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքներ կիրականացվեն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 137,095.4 հազար դրամ գումարի չափով՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով: Վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի 1168 ծրագրի 11003, 32001 և 32007 միջոցառումներով նախատեսված գումարների մի մասը, որի հետագայում ամբողջական կամ մասնակի վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է: Որոշման ընդունման արդյունքում կամբողջականացվեն «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքային պայմաններ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև Երվանդ Մանարյանի 100–ամյակին նվիրած միջոցառումները։

Կապահովվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը

Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, եղանակը, նպատակը: Նախատեսված բացառությունները վերաբերում են այն դեպքերին, որոնց նկատմամբ որոշմամբ սահմանվող կարգավորումները կիրառելի չեն, քանի որ այդ ոլորտների համար կան գործող կարգավորումներ՝ այդ ոլորտներում տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունների հաշվառմամբ։ Այսպիսով, որոշման կարգավորման առարկան և նպատակը հստակեցնելու նպատակով, առաջարկվում է սահմանել բացառություն, որը թույլ կտա հեշտորեն և ամբողջական ընկալել վերոգրյալ իրավական ակտերի բովանդակությունը և յուրաքանչյուր գործընթացի/հարաբերությունների առանձնահատկությունները:

Կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումները

Կառավարությունը հաստատել է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշմամբ առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման մասով։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։ Փոխադրավարձի փոփոխությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Բացի այդ՝ որոշմամբ սահմանվում են նաև երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորումները։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ