Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մարտի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Վերաբաշխում կատարելով «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ բնական աղետներից տուժած Տավուշի մարզի հողօգտագործողներին աջակցելու նպատակով գարնանացան գարու և կարտոֆիլի տնկանյութ ձեռք բերելու համար: Եվս 8 մլն դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ կենսապատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխման նպատակով սառնարան-ավտոմեքենա ձեռք բերելու համար:

Նիստում գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ին «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխան, ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Փախստականներին բնակարանով ապահովելու համար սերտիֆիկատների ձեռքբերում» ծրագրում ընդգրկվող ընտանիքների առավելագույն թվաքանակը սահմանել ընդամենը 760, այդ թվում՝ ըստ հանրապետության մարզերի, Արագածոտն 94, Արարատ 243, Արմավիր 173, Գեղարքունիք 51, Լոռի 46, Շիրակ 29, Սյունիք 58, Վայոց Ձոր 16, Տավուշ 50:

Կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել Արարատի մարզի Արմաշի, Երասխի, Եղեգնավանի, Սուրենավանի, Պարույր Սևակի և Գոռավանի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և հիշյալ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

Հաստատվել են նաև ՀՀ Արարատի մարզի Այգեստանի, Այգեզարդի, Արաքսավանի, Արևշատի և յոթ տասնյակ այլ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրերը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի վարչական շենքի (Տիգրան Մեծի 4) 9238 քմ ընդհանուր տարածքից 4600 քմ-ն ձեռք բերել որպես պետական սեփականություն՝ այդ ընկերության կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող սովորական անվանական 5043 հատ բաժնետոմսերը (որը կազմում է ընկերության կանոնադրական կապիտալի 48.67 տոկոսը) ընկերության ձեռք բերմանը ներկայացնելու միջոցով: Որոշումն ընդունվել է նշված ընկերությունում պետական կառավարման գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Գործադիրը հատատել է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու մրցույթի կազմակերպման առաջարկ ներկայացնելու հրավերի փաթեթը՝ նշված գործընթացները կանոնակարգելու նպատակով: Ի գիտություն է ընդունվել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված «Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմաններ»-ը հանդիսանում են առաջարկ ներկայացնելու հրավերի փաթեթի բաղկացուցիչ մաս: Սահմանվել է, որ «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի վարձակալությամբ փոխանցելու ժամկետը 10 տարի է: Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման մեջ, նախատեսվել է վարձակալությամբ փոխանցելու առանձին դեպքերում ՀՀ կառավարության կողմից այլ կարգ սահմանելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մրցույթի առանձնահատկությունները:

Կառավարությունը հաստատել է «Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արգելված թունաքիմիկատների ցանկը»: Որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիային համապատասխան և ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի՝ 1998թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1508-Ն որոշման:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 57 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» և «Մարտունի» ջրօգտագործողների ընկերություններում 2005թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներն ապահովելու նպատակով (այդ թվում՝ «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը՝ մինչև 25 մլն դրամ և «Մարտունի» ջրօգտագործողների ընկերությանը՝ մինչև 32 մլն դրամ): Նույն որոշմամբ մինչև 5 մլն դրամ է հատկացվել նաև Լոռու մարզպետարանին՝ մարզի Սպիտակ քաղաքային համայնքի փողոցների նորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդից 190 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներ, վկայականներ ու տուփեր պատրաստելու նպատակով:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ: Որոշումն ընդունվել է նշված տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների անվտանգությունը բարձրացնելու և ներդրումների խրախուսման նպատակով: Մասնավորապես, հաշվի առնելով մրցութային հանձնաժողովների աշխատանքային փորձը, կարգում որոշ դրույթներ պարզեցվել ու հստակեցվել են, ինչպես նաև խստացվել են տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին վերաբերող որոշ դրույթներ:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Խորենացի 3 շենքից 2522.69 քմ և Խորենացի 7 շենքից 98 քմ տարածքները հետ վերցնել և դրանք ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վերաբաշխումը կատարվել է նշված պետական կառավարչական հիմնարկների փաստացի զբաղեցրած տարածքների պետական գրանցումն իրականացնելու համար: Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 3-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 330-Ա, ինչպես նաև 2003թ. հունիսի 17-ի «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 866-Ա որոշումների մեջ:

Մեկ այլ որոշմամբ, նախկինում ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումին պատկանող, ներկայումս պետական կառավարման որևէ մարմնի հաշվեկշռում չհաշվառված Երևան քաղաքի Ավան թաղամասի Ծարավ Աղբյուրի փողոցի N 55 ա հասցեում գտնվող շենքն ամրացվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:

Գործադիրը որոշել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության անշարժ գույքի տարածքներից առանձնացնել 10466,48 քմ ընդհանուր մակերեսով տարածքները և գնահատված արժեքով միանվագ վճարման պայմանով օտարել դրանց վարձակալ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին:

Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի «Եղեգիսի անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ի Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքի վարչական սահմաններում գտնվող 518 հա և Աղավնաձորի համայնքի 295 հա հողատարածքները փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և սեփականության իրավունքով հանձնել նշված համայնքներին:

Նիստում կառավարությունը որոշել է հաստատել ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 2219.5 հա պահուստային ֆոնդի հողերից փոխադրել 2113.8 հա-ն (որից 55.6 հա վարելահող, 643.5 հա արոտավայր, 1414.7 հա այլ հողեր) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում 35 հա վարելահողը աճուրդով օտարելու համար, 0.7 հա այլ հողերը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման համար և 105 հա այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, ընդերքօգտագործման նպատակով: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և որոշվել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 5.7 հա հողերը փոխադրել՝ բնակավայրերի հողերի կատեգորիա (0.7 հա վարելահողը), բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար և 5 հա արոտավայրը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, ընդերքօգտագործման համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ