չորեքշաբթի, 25 ապրիլի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը հաստատեց 2001 թվականի ընթացքում իրականացվող 2 բարեգործական ծրագիր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրեց հանրապետությունում 2000 թվականի տևական երաշտի հետևանքների մեղմացման նպատակով Նիդերլանդների Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կաղմից կարտոֆիլի տնկանյութի ներմուծման և բաշխման ծրագիրը:
Քննարկվեց և հաստատվեց «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կողմից ներկայացված ծրագիրը, որով նախատեսվում է կրթական և սոցիալական ոլորտներում բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերել ԼՂՀ Քաշաթաղի և Վրաստանի Ախալքալակի շրջանների բնակչությանը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Հանձնաժողովը նպատակահարմար գտավ առաջարկել նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետներին ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով ներկայացնել իրենց ենթակա ոլորտի համար հրատապ և հեռանկարային բարեգործական ծրագրերի վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ: Անհրաժեշտ համարվեց ներկայացված առաջարկությունները քննարկել դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև դրանք տեղադրել ինտերնետային ցանցում: