Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 մարտի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ՀՀ տարածքում 2005թ. գարնանային հեղեղումների դեմ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու նպատակով, կառավարությունը ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 65 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ բնակավայրերի տարածքների պաշտպանության և կարևոր ենթակառուցվածքների կենսագործունեության ապահովման ուղղությամբ ափապաշտպան միջոցառումների իրականացման համար: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով կազմված և հաստատված թերությունների ակտերի հիման վրա: ՀՀ տրանսպորտի և կապի, էներգետիկայի նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարվել, իսկ համայնքների ղեկավարներին առաջարկվել է՝ ըստ իրավասության, համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց ենթակայության ենթակառուցվածքների պահպանման և անխափան շահագործման ուղղությամբ:

ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004թ. մարտի 22-ին փոխանակված Հայտագրի համաձայն, ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրված «KUBOTA M5700» մակնիշի 39 միավոր տրակտորի և գյուղատնտեսական գործիքների իրացման ու իրացումից գոյացած միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով, գործադիրը գյուղատնտեսական տեխնիկայի միավորի վաճառքի գինը սահմանել է 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ տվյալ օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի հաշվարկային փոխարժեքով: Սահմանվել է, որ վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին՝ գյուղատնտեսական տեխնիկայի բաշխումը շահառուներին իրականացնել հրապարակայնորեն և թափանցիկ, գործընթացին մասնակից դարձնելով համայնքների ղեկավարներին, ինչպես նաև 10-օրյա ժամկետում գյուղատնտեսական տեխնիկայի բաշխման ցանկը՝ ըստ շահառուների, ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին:

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Փոփոխությունները նպատակաուղղված են կառուցապատման նպատակով շինարարության թույլտվության տրամադրման ընթացակարգերի առավել հստակեցմանն ու ժամկետների կրճատմանը: Մասնավորապես, առաջարկվում է շինարարության թույլտվությունը տրամադրել ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ: Գործառույթների համատեղման ընթացակարգեր են նախատեսված նաև քանդման թույլտվությունների տրամադրման մասով: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծով շինարարության և քանդման թույլտվությունների տրամադրման իրավասությունը Երևանում՝ Երևանի քաղաքապետին վերապահելու դրույթների ամրագրման առաջարկությամբ: Նախագծով սահմանված են նաև այն գործառույթները, որոնց կատարումը կարող է փոխանցվել վերջինիս կողմից լիազորված անձանց: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1998թ. հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմամբ հաստատված կարգում, ըստ որի, մասնավորապես, սահմանված համաձայնեցնող մարմինների կողմից եզրակացություն նախապատրաստելու 15-օրյա ժամկետը կրճատվում է մինչև 5 օր: Հավանություն է տրվել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին՝ դրա որոշ հասկացությունները «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ձևակերպումներին համապատասխանեցնելու նպատակով:

Կառավարությունը որոշել է Երևանի Նոր-Նորքի 6-րդ զանգվածի Ռ. Լյուքսեմբուրգ 10 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի նախկին «Ալգորիթմ» վարժարանի շենքը հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ վերակառուցելու և որպես բնակելի ֆոնդ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին տրամադրելու նպատակով:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ինչպես նաև ՀՀ ստանդարտացման 2005թ. ծրագրերը: Դրանք ընդգրկում են արդեն ընդունված և մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների, հիվանդությունների, համապատասխանության գնահատման, էկոլոգիական և որակի կառավարման համակարգերի, էներգետիկայի բնագավառի ստանդարտների մշակումը, ինչպես նաև արտադրանքի ստանդարտների, ստանդարտացման կանոնների և դասակարգիչների կանոնների ու դասակարգչի փոփոխության մշակումը: Որոշումն ընդունվել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով: Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի «ՀՀ-ում 2004-2005թթ. ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշումը:

Գործադիրը հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետների հստակեցման անհրաժեշտությամբ:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 167-Ն որոշման մեջ, որով վարչության առանձնացված ստորաբաժանումների ցանկում ավելացվել է պետական հրդեհային տեսչությունը: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը (վարչությունը) բաժանման միջոցով վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (վարչության)՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Որոշմամբ հաստատվել են նշված պետական հրդեհային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 19-ի «ՀՀ պետական հրդեհային հսկողության կանոնադրությունը հաստատելու մասին» N 654 որոշումը: Այդ կապակցությամբ գործադիրը հավանություն է տվել նաև «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կից «Գյուղացիական տնտեսությունների ղեկավարների, գյուղատնտեսության մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման կենտրոն» պետական կրթական հիմնարկին հանձնված Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի N 64 հասցեում գտնվող 3681.96 քմ ընդհանուր մակերեսով (այդ թվում՝ նկուղը և կիսանկուղը, 494.76 քմ ընդհանուր մակերեսով) ու 12 մլն 311 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը և 251.92 քմ ընդհանուր մակերեսով ու 1 մլն 850 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ուսումնական արհեստանոցի մասնաշենքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ այն Վանաձորի մասնաճյուղին անհատույց օգտագործման տրամադրելու համար: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարներին, Լոռու մարզպետին:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և ՀՀ ընդերքի մասին օրնեսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշման մեջ: Նկատի ունենալով, որ ընդերքից օգտվելու ձևերի կիրառումը այս կամ այն չափով շոշափում է տարբեր նախարարությունների գործառույթների ոլորտները, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների երկրաբանական ուսումնասիրությունների և շահագործման (արդյունահանման) ոլորտում լիազորված մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի նախարարությունը:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի N 60 հասցեում գտնվող համալիրը (0,545.3 հա տարածք, շենքեր և շինություններ) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշմամբ հետ է վերցվել նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված Երևան քաղաքի Կորյունի փողոցի N 23 հասցեում գտնվող շենքը (15.914.903 դրամ հաշվեկշռային արժեքով) և ամրացվել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների զինվորական պարապմունքների և հանգստի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով, գործադիրը ստեղծել է հանրապետական հանձնաժողով: Սահմանվել են հանձնաժողովի գործունեության կարգը և հանձնաժողովի կազմը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի նախագահությամբ:

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ առողջապահության նախարարության և Քուվեյթի, Բահրեյնի ու Կատարի պետությունների, ինչպես նաև Օմանի Սուլթանության առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ պետության կարիքների բավարարման նպատակով 2002թ. կենտրոնացված կարգով կնքված գնման պայմանագրերի շրջանակներում իրականացված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և դրանց դիմաց կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնելու փոխարեն՝ համաձայնել գործակալության կողմից այդ պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացվող առաջարկություններին՝ պատվիրատու մարմիններին ներկայացնելու հիմքով պայմանագրերի կողմերի նկատմամբ գործակալության հաշվարկած և սույն որոշման ուժի մեջ մտնելու պահին չգանձված տուգանքների զիջման նպատակով: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի «Հայաստանի ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1151-Ա որոշման մեջ, գործադիրը հոգաբարձուների խորհրդի 5 տարով նշանակվող անդամների կազմում ընդգրկել է նաև «ՍԻՆՈՊՍԻՍ» ընկերության փոխպրեզիդենտ Ռ. Գոլդմանին և «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գլխավոր տնօրեն Մ. Հակոբյանին:

Գործադիրը հավանություն է տվել «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու մասին դիմում ներկայացնելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել:

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է սահմանել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, ՀՀ-ում փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշմամբ լիազորվել է փոստային կապի ազգային օպերատորին՝ մատուցելու փոստային կապի համընդհանուր ծառայություններ և կրելու ՀՀ փոստի խորհրդանիշը:

Կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է բնակչության պետական ռեգիստր վարող և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով, մասնավորապես, վարչական պատասխանատվություն է նախատեսվում ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելու համար:

Նիստում գործադիրը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը հաստատել է նաև Գեղարքունիքի մարզի Բերդկունքի, Գեղարքունիքի, Լոռու մարզի Շամուտի, Ապավենի, Ծաղկաբերդի, Լեռնանցքի, Սարահարթի և մեկ տասնյակ այլ գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ