ուրբաթ, 25 փետրվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի արաբական հանրապետության գործերի հավատարմատար Ղասսան ալ-Ռասլանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-սիրիական համագործակցության զարգացմանն ուղղված նրա գործունեությունը մեր երկրում: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների խթանմանը կարող է նոր լիցք հաղորդել նաև Սիրիայի վարչապետ Նաջի Ուտրիի այցը Հայաստան, որի կապակցությամբ մինչ այս էլ հրավեր է հղել իր գործընկերոջը:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, մասնավորապես, գյուղատնտեսության, գիտության և կրթության, մշակույթի բնագավառներում հայ- սիրիական համագործակցության բավարար մակարդակը: Անդրանիկ Մարգարյանը և Ղասսան ալ- Ռասլանը կարևորել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում 2004թ-ին կայացած հանձնաժողովի երրորդ նիստում ընդունված որոշումների իրականացումը զգալիորեն կնպաստի մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հրաժեշտից առաջ Անդրանիկ Մարգարյանը մեր երկրում Սիրիայի գործերի հավատարմատարին հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում, նշելով, թե հույս ունի, որ ի դեմս պարոն ալ-Ռասլանի Հայաստանն արտերկրում կունենա ևս մեկ բարեկամ: Ղասսան ալ-Ռասլանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին՝ իր գործունեության ընթացքում մշտական աջակցության, պատրաստակամության համար՝ վստահեցնելով, որ ՀՀ-ում ԱԱՀ հաջորդ հավատարմատարը կշարունակի և իր աշխատանքով ավելի կամրապնդի երկու բարեկամ երկրների հարաբերությունները, որոնք ամրագրված են անցած տարիների ընթացքում ստորագրված բազմաթիվ համաձայնագրերով: