Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 փետրվարի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները, որոնց հիմքում հիմնականում դրված են ՀՀ պետական մարմիններից ստացված առաջարկությունները: Որոշման մեջ ներառված են նաև ՀՀ 2005թ. պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով պետական կառավարման մարմինների կողմից ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումները: Մինչև երեքշաբթի ժամկետ է տրվել բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ որոշման նախագծի վերաբերյալ լրացուցիչ առաջարկությունների ներկայացման համար:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ 2005թ. պետական բյուջեի բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: Ծրագրով նախատեսված 2 մլրդ 356 մլն 781.6 հազար դրամ հատկացումներից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրվել է մինչև 5 մլն դրամ՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար՝ ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին՝ հաստատված կարգի համաձայն, բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծել մարզի անշարժ գույքի շուկայում վաճառվող բնակարանների (բնակելի տների) տեղեկատվական բազա և ձեռնարկել միջոցներ մարզպետարանների միջև այդ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, միգրացիայի և փախստականների վարչության պետին:

Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը նախատեսվել է ավարտել 2005թ. հունիսի 15-ին և դրա իրականացման պատասխանատու է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարը: Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 6-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն որոշումը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշման մեջ, որով նշված զինծառայողների կամ նրանց ընտանիքների ամենամսյա դրամական օգնության չափն ավելացվել է 2000 դրամով՝ 3000-ից հասնելով 5000 դրամի: Մեկ այլ որոշմամբ, լրացում և փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 207-Ն որոշման մեջ, որոնցով նշված զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին տրամադրվող ամենամսյա դրամական օգնության չափն ավելացվել է 1000 դրամով (համապատասխանաբար 2000 դրամը դարձվել է 3000, իսկ 3500-ը՝ 4500 դրամ):

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 10 մլն դրամ է հատկացրել Լոռու մարզպետարանին՝ մարզի Լորուտ-Ահնիձոր ճանապարհահատվածի վերանորոգման նպատակով: Նույն որոշմամբ ևս 10 մլն դրամ է հատկացվել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացման շրջանակներում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կողմից «Չեզոք գոտի» պիեսի բեմականացման նպատակով:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և վճարման ժամկետի մասին» N 779 որոշման մեջ՝ մինչև 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների և ներկայումս կենսաթոշակի անցնող զինծառայողների կենսաթոշակների չափերը հավասարեցնելու նպատակով: Մինչև 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար միջոցներ նախատեսված են ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրով: Որոշման համաձայն, վերահաշվարկված կենսաթոշակները կվճարվեն 2005թ. հունվարի 1-ից:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ հեռուստաալիքի և մեկ ռադիոալիքի) ծրագրերի ընդունման վիճակի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի զեկույցը: Անդրանիկ Մանուկյանը զեկուցել է, որ ներկայումս Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրերով (հաշվի առնելով, որ 91 գյուղական համայնքներ ընդունում են ՀՀՀ-ի արբանյակային ծրագիրը) հանրապետության համայնքների բնակչության ընդգրկվածությունը կազմում է 100 տոկոս: Հանրապետության 67 բարձրլեռնային, սահմանամերձ և աշխարհագրական բարդ ռելիեֆ ունեցող բնակավայրերում (մոտ 43000 բնակչությամբ) 2002-2004թթ. կազմակերպվել է ՀՀՀ-ի ծրագրերի հեռարձակումը: ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 27-ի N 417 և 2001թ. մարտի 31-ի N 274 որոշումների համաձայն, ՀՀՀ-ի ծրագրերի հեռարձակումը 2003թ. կազմակերպվել է Տավուշի և Սյունիքի մարզերի 6 բնակավայրերում: Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերն ունկնդրում է հանրապետության համայնքների մոտ 80 և բնակչության մոտ 92 տոկոսը: Զեկուցողը նշել է նաև, որ հանրային հեռուստառադիոծրագրերի ընդունման ոլորտում բնակչության ընդգրկվածության դրական ցուցանիշների հետ մեկտեղ, որոշակի խնդիրներ կան հեռարձակման որակի ապահովման գործում, ինչը պահանջում է հաղորդիչ ցանցերի արդիականացման համալիր ծրագրի մշակում և իրականացում: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ մինչև 2005թ. հուլիսի 1-ը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի հանրային ռադիոյի ծրագիրը չընդունող բնակավայրերում ռադիոծրագրի հեռարձակումն ապահովող միջոցառումների ծրագիր:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1999թ. նոյեմբերի 20-ի «ՀՀ-ում ռադիոհաճախությունների բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը կարգավորելու մասին» N 694 որոշման մեջ: Այն հնարավորություն կընձեռնի իրականացնելու 2400,0-2483,5 ՄՀց ռադիոհաճախային տիրույթում աշխատող ցածր հզորության (0.1 Վտ-ից ոչ ավել) ռադիոմոդեմների ձեռքբերումը, ներմուծումը և շահագործումը՝ առանց թույլտվությունների և համապատասխան վճարումների, ինչը էականորեն կխթանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ-ում:

Նիստում փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշման մեջ, որով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության տնտեսագիտական բաժինը վերակազմակերպվել է երկու առանձին՝ ֆինանսահաշվապահական և տնտեսագիտական բաժինների: Որոշումն ընդունվել է, հաշվի առնելով զբաղվածության պետական ծրագրերի ներկա ծավալները և կանխատեսվող աճը, մասնագիտական ուսուցում պահանջող աշխատատեղերի մասնագիտական բազմազանությունը, գործարարության ծրագրերին ուղղված աջակցության ծրագրերի գնահատման չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը և աշխատատարությունը և այլն:

Ելնելով «ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 17-ի N 1376-Ն որոշմամբ հաստատված ռազմավարության տրամաբանությունից, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1640-Ն որոշման մեջ: Դրանով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունը վերանվանվել է ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն:

Կառավարությունը հաստատել է դատաիրավական բարեփոխումների երկրորդ՝ փուլի ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ դատաիրավական բարեփոխումների առաջին փուլից (1998-1999թթ.) հետո անհրաժեշտություն է առաջացել մի շարք օրենքներում կատարել փոփոխություններ, ինչպես նաև մշակել մի շարք նոր օրինագծեր: Վարչապետն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագրում՝ այնտեղ ներառելով նաև որոշմամբ հաստատված ժամանակացույցը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են նաև «Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով 2005թ. ընթացքում կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները: Որոշումն ուժի մեջ կմտնի 2005թ. մարտի 1-ից:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Գալակտիկա» ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գալակտիկա» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Գալակտիկա» ՓԲԸ-ի իրավահաջորդը հանդիսացող այդ կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվել է հիշյալ ընկերության տնօրինության գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, որոնք կազմակերպությանն են ամրացվել անհատույց օգտագործման իրավունքով: «Գալակտիկա» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, ինչի կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ԳԱԱ նախագահին: Որոշմամբ հանձնարարվել է նաև Կոտայքի մարզպետին՝ դադարեցնել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Բնակարանների սեփականաշնորհման մասին» N 26-Ա որոշմամբ «Գալակտիկա» ՓԲԸ-ի կազմից առանձնացված և ՀՀ Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված ծառայողական բնակարանների հետագա սեփականաշնորհումը՝ դեռևս չսեփականաշնորհված բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով «Գալակտիկա» ՊՈԱԿ-ին ամրացնելու նպատակով:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի ծրագրի համար թիվ ARM-P2 վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Որոշմամբ առաջարկվում է արտադրական նշանակություն ունեցող որոշ սարքավորումների (հիմնականում թեթև արդյունաբերության մեջ կիրառվող մեքենասարքավորումներ և դրանց մասեր) ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգել մեկ տարի ժամկետով, ինչը կնպաստի արտադրողի մոտ լրացուցիչ շրջանառու միջոցների ձևավորմանը և դրանք տնտեսական գործունեության մեջ ներդնելուն:

Այլ որոշումներով, օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը հաստատել է վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը, աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային ու տարեկան հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև դրանց լրացման ու ներկայացման կարգը:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է մրցույթով մասնավորեցնել «Ագրոնավթաբազա» պետական ՓԲԸ-ի՝ 29 մլն 893 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը՝ այն անվանափոխելով համանուն ՓԲԸ-ի, «Բաղրամյան նավթամթերք» ՓԲԸ-ի՝ 23 մլն 733 հազար դրամ գնահատված արժեքով, «Սյունիքառսպաս» ՓԲԸ-ի՝ 8 մլն 227 հազար դրամ գնահատված արժեքով և մի շարք այլ ընկերությունների բաժնետոմսերը: Որոշվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Շիրակ» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցած 10 մլն 96 հազար 26 դրամ պարտքը հաշվանցել որպես ընկերության կողմից մասնավորեցված «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի մասնավորեցման վճար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 20 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ