ուրբաթ, 6 հոկտեմբերի 2023
Հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,2 տոկոսը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը:
Ինչպես նշել է Նազելի Բաղդասարյանը, ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է գտնվում Հայաստանում: «Զգալիորեն, ժամ առ ժամ աճում է հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը։ Այս պահի դրությամբ այն կազմում է 99,2 տոկոս։ Վստահ ենք, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում այս թիվը կհասնի 100 տոկոսի»,-ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:
Նազելի Բաղդասարյանը նշել է նաև, որ ինտենսիվորեն շարունակվում է նաև բանկային հաշիվների բացման գործընթացը. «Այն մարդիկ ովքեր նախապես ունեին բանկային քարտեր, Կենտրոնական բանկի կողմից փոխանցվել է Միասնական սոցիալական ծառայությանը, և այս անձանց 100 հազարական միանվագ գումարներն արդեն իսկ փոխանցվել են: Իսկ մյուսների հետ կապված՝ գործընթացը շարունակվելու է երկուշաբթի օրվանից, շաբաթ և կիրակի օրերին փոխանցումներ չեն լինելու: Իսկ այն անձինք, ովքեր բանկային հաշիվներ դեռ չեն բացել, ևս մեկ անգամ հորդորում ենք այցելել մոտակա առևտրային բանկ և բացել քարտային բանկային հաշիվ, որպեսզի այս գումարները հատկացվեն: Ես ուզում եմ հիշեցնել, որ նաև հաջորդիվ բոլոր սոցիալական ծրագրերն այս անկանխիկ եղանակով են փոխանցվելու, գործընթացը շարունակական է լինելու»:
Նշվել է նաև, որ 13 415 անձ կամ ժամանածների 13,5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում: Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացիոնար բուժում է ստանում 303 անձ, որոնցից 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում շարունակում են գտնվել 5 երեխաներ :
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ արդեն իսկ 8000 աշակերտ այցելում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններ , որը կազմում է ԼՂ-ից Հայաստան ժամանած երեխաների 32 տոկոսը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է մարդկանց բաշխվածությունը ըստ մարզերի՝ ժամը 17:00-ի դրությամբ նրանց թիվը 76 459 է: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 4093 մարդ, Արարատի մարզ՝ 18 234 մարդ, Արմավիրի մարզ՝ 8064 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 4919 մարդ, Լոռու մարզ՝ 4487 մարդ, Կոտայքի մարզ՝ 22150 մարդ, Շիրակի մարզ՝ 3598 մարդ, Սյունիքի մարզ՝ 5540 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 2285 մարդ և Տավուշի մարզ՝ 3189 մարդ:
Նախարարն ընդգծել է, որ երևանամերձ բնակավայրերում, քաղաքներում ավելի մեծ կուտակում կա, քան առավել հեռավոր մարզերում: Գնել Սանոսյանը ներկայացրել է այն համայնքները, որտեղ ավելի շատ են մարդիկ տեղաբաշխված, մասնավորապես՝ Աշտարակում 3000 մարդ, Մասիսում՝ 10 000, Արտաշատում՝ 5000: Գնել Սանոսյանը հորդորել է մեր հայրենակիցներին բնակվելու համար ընտրել հատկապես առավել քիչ բնակեցված վայրերը՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
ՏԿԵ նախարարը նշել է նաև, որ այս պահի դրությամբ շուրջ 58 հազար անձ օգտվել է պետական աջակցությամբ տրամադրված կեցավայրերից: Նշվել է նաև, որ ինտենսիվ շարունակվում է մարդկանց ժամանակավոր կեցավայրերից՝ հյուրատներից, հյուրանոցներից, վարձակալած բնակարաններ տեղափոխվելու գործընթացը:
Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներին, ովքեր ցանկանում փոխել իրենց ժամանակավոր կեցավայրը, ապա կարող են դիմել մարզպետարաններ, համայնքապետարաններ և օգտվել վարձակալության ծրագրերից:
«Մենք հիմա մարզպետարանների հետ ավելի մանրակրկիտ աշխատանք ենք իրականացնում՝ բոլոր բնակավայրերով պատկերն ունենալու առումով, հասկանալու համար, թե յուրաքանչյուր բնակավայրում որքան մարդ կա, որտեղ են նրանք տեղակայված: Այս պատկերը մեզ աշխատելու բավական մեծ նյութ է տալիս: Բաշխվածությունը տեսնելով՝ մենք հասկանում ենք ինչպիսի կարիքներ կան և ինչպես պետք է դրանք լրացվեն: Կարիքները գնահատում ենք և հոգում, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, պայուսակներ և այլն»,-ասել է Գնել Սանոսյանը:
Այս օրերին նախարարը նաև մարզային այցեր է իրականացնում, արդեն եղել է 6 մարզերում. «Այսօր եղել եմ նաև Շիրակի և Լոռու մարզերում: Մարզպետի աշխատակազմի և համայնքապետերի հետ անցկացնում ենք խորհրդակցություններ, քննարկում ենք կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Կարծում եմ բավական օգտակար այցեր են և կշարունակենք իրականացնել այցեր նաև մյուս մարզերում»:
Նազելի Բաղդասարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ բացի միանվագ՝ 100 հազարական դրամներից, պետությունն առաջին վեց ամսվա ընթացքում հոգալու է նաև կեցության խնդիրները՝ յուրաքանչյուր անձին հատկացնելով 40 հազար դրամ և կոմունալ ծախսերի համար ևս 10 հազար դրամ: