չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2023
15 ավագ բուժաշխատողի և 13 միջին բուժաշխտողի տրամադրվել է կրեդիտավորման դասընթացի մասնակցելու ուղեգիր պետպատվերի շրջանակում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:
Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632, հաշվառվածների թիվը կազմում է 96 940, որը բռնի տեղահանված անձանց գրեթե 97 տոկոսն է:
Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժօգնություն է ստանում 324 անձ, նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 8 երեխա: 15 ավագ բուժաշխատողի և 13 միջին բուժաշխատողի տրամադրվել է կրեդիտավորման դասընթացի մասնակցելու ուղեգիր պետական պատվերի շրջանակում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, 114 թեժ գիծը սպասարկել է 27 000-ից ավելի զանգ: Այդ զանգերի արդյունքում հարցերը խմբավորվել են և պարբերաբար «Հումանիտար կենտրոնից» կներկայացվեն: Ըստ այդմ՝ հարցերի մի մասը վերաբերում է նրան, թե արդյոք Միասնական սոցիալական ծառայությունում առաջնային կարիքների վերաբերյալ հարցաթերթի լրացումից հետո անհրաժեշտ է նաև հաշվառում անցնել: Ի պատասխան, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ դրանք տարբեր գործընթացներ են և հիշեցրել է, որ հաշվառում իրականացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որին զուգահեռ հաշվառում հնարավոր է իրականացնել նաև այն բնակավայրում, որտեղ գտնվում է անձը:
Մյուս հարցը վերաբերում է նրան, թե արդյոք 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան տեղափոխված անձինք կարող են օգտվել սոցիալական աջակցության այն ծրագրերից, որոնք առաջարկում է պետությունը: Ի պատասխան, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Կառավարության որոշման համաձայն այդ ծրագրերը տարածվում են սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների անձանց վրա և այն անձանց վրա, ովքեր սեպտեմբերի 24-ից հետո բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն:
Հաջորդ հարցը վերաբերել է փաստաթղթերի բացակայության դեպքում անելիքները, որին ի պատասխան վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ հարցի լուծման համար պետք է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային վարչություններ:
Եվս մեկ անգամ ներկայացնելով 100 000 դրամ միանվագ աջակցության ստացման ընթացքը՝ մամուլի քարտուղարը նշել է, որ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանան այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ (բացի Մելլաթ և Ֆասթ բանկերից) և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Այն բոլոր ընտանիքներում, որտեղ կան անչափահաս երեխաներ, անհրաժեշտություն կա մուտք գործել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարթակ, որտեղ երեխայի մայրը կամ խնամակալը պետք է լրացնեն երեխայի ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին և գումարը փոխանցվի մոր կամ խնամակալի հաշվեհամարին:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է, որ 3291 անձ՝ 845 ընտանիք, մարզում ապահովվել է կեցավայրերով: Մարզի 6 համայնքներում շուրջօրյա աշխատանքային ռեժիմ է մինչ օրս: Ըստ համայնքների՝ անձանց տեղաբաշխումը հետևյալն է. Գյումրիում 2020 անձ՝ 515 ընտանիք, որից հյուրատներում, հյուրանոցներում՝ 454 անձ, վարձակալությամբ՝ 1138 անձ, անհատի կողմից հյուրընկալված կամ բարեկամների տանը՝ 428 անձ, Արթիկ համայնքում 301 անձ՝ 81 ընտանիք, որից հյուրատներում, հյուրանոցներում՝ 10 անձ, վարձակալությամբ՝ 31 անձ, անհատի կողմից հյուրընկալված կամ բարեկամների տանը՝ 260 անձ, Աշոցք համայնքում 275 անձ՝ 61 ընտանիք, որից հյուրատներում, հյուրանոցում՝ 155, անհատի կողմից հյուրընկալված կամ բարեկամների տանը՝ 120, Անի համայնքում 282 անձ՝ 82 ընտանիք, որից վարձակալությամբ՝ 10 անձ, անհատի կողմից հյուրընկալված կամ բարեկամների տանը՝ 272 անձ, Ամասիա համայնքում 88 անձ՝ 24 ընտանիք, որից վարձակալությամբ՝ 9 անձ, անհատի կողմից հյուրընկալված կամ բարեկամների տանը՝ 79 անձ, Ախուրյան համայնքում 325 անձ՝ 82 ընտանիք, որից հյուրանոցներում, հյուրատներում՝ 10 անձ, վարձակալությամբ՝ 315 անձ: Ընդհանուր՝ հյուրանոցներում, հյուրատներում կա 629 անձ, վարձակալությամբ՝ 1503, անհատի կողմից հյուրընկալված կամ բարեկամների տանը՝ 1159 անձ: 582 անձ կցագրվել է Առողջության առաջնային պահպանման օղակներում, 6 բուժառու ստանում է ստացիոնար բուժում: 200 երեխա հաճախում է մարզի դպրոցներ: Մարզպետը նշել է, որ այս պահին արդեն մեկ անձ աշխատանքի է անցել Գյումրու բժշկական կենտրոնում՝ որպես կրտսեր բուժաշխատող:
Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762: