Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 փետրվարի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Սյունիքի մարզի 2005թ. զարգացման ծրագիրը: Ծրագրի ներկայացման ժամանակ նշվել է, որ ՀՀ 2005թ. պետական բյուջեով Սյունիքի մարզի զարգացման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 500.15 մլն դրամ հատկացում: Նշված գումարի բաշխումը՝ ըստ ծախսային ուղղությունների և համամասնությունների, կատարվել է հաշվի առնելով մարզում օրակարգային ամենաառաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնց լուծմամբ զգալիորեն կբարելավվի մարզի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորել «Զույգաղբյուր-Մուխութուրյան» ջրագծի նախագծման և կառուցման, մարզային նշանակության ավտոճանապարհների և մարզի քաղաքների ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և այդ աշխատանքների նախագծման, ինչպես նաև փախստականների բնակարանային պայմանների բարելավման նպատակով կապիտալ շինարարության, Կապան և Մեղրի քաղաքների բնակարանային ֆոնդի հիմնանորոգման աշխատանքները և այլն:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից ստեղծել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցչի հաստիք և հաստատել է նրա կանոնադրությունը: Նշվել է, որ այն անհրաժեշտ իրավական դաշտ կապահովի ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի գործունեության, այդ կազմակերպության հետ մեր երկրի համագործակցության հետագա ընդլայնման համար: Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ առևտրական ներկայացուցչական լիազորություններ է վերապահել ՌԴ-ում գրանցված և այնտեղ գործունեություն իրականացնող «Արմիմպորտ» ընկերությանը: Այդ կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի «ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչություն ստեղծելու մասին» N 1497-Ա որոշումը:

Այլ որոշումներով կառավարությունը «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառնություններն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը, ինչպես նաև ՀՀ արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը: Որոշումների ընդունումը կնպաստի ՀՀ արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվող փաստաթղթերի պետական հաշվառման միասնական համակարգի ստեղծմանն ու կենսագործմանը, արխիվային հավաքածուի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների ֆինանսավորման կանոնակարգմանը, այդ փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրականացնող պետական և դատական իշխանության մարմինների (հիմնարկների, կազմակերպությունների) փաստաթղթերի ամենամյա արխիվացման և դրանց օգտագործման անհիմն սահմանափակումները վերացնելու ապահովմանը: Որոշվել է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998թ. ապրիլի 22-ի N246 որոշմամբ հաստատված «Հայաստանի ազգային արխիվային փաստաթղթերի պետական հաշվառման կարգը»՝ նկատի ունենալով, որ այն այլևս չի համապատասխանում «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ՝ այն ընդունված իրավական նոր ակտերին համապատասխանեցնելու նպատակով: Այլ փոփոխությունների թվում, որոշմամբ հաստատված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ավելացվել են նաև 65 և բարձր տարիքի անձինք (միայն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում): Մի շարք փոփոխություններ ու լրացումներ կատարվել են գյուղական բնակավայրերում բժշկական օգնությունն ավելի հասցեագրված և արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 150 մլն 789.1 հազար դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Շիրակի ճկվածքի հնարավոր նավթագազաբերության երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական նախադրյալների պարզաբանման նպատակով:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ: Նկատի ունենալով, որ նշված որոշմամբ մասնավորեցման ենթակա մետաղի ջարդոնի (սև և գունավոր) նվազագույն գները յուրաքանչյուր տարի պետք է հաստատվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից՝ համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, փոփոխություններից մեկով մետաղների ջարդոնների նվազագույն գների ցանկ կազմելու իրավասություն է վերապահվել նշված նախարարությանը:

Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության անշարժ գույքի տարածքներից առանձնացնել 10466,48քմ ընդհանուր մակերեսով տարածքները և դրանք, ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքով միանվագ վճարման պայմանով, ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:

Մեկ այլ որոշմամբ նիստում հաստատվել է նաև «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը»: Տրամադրվող միանվագ դրամական օգնության գումարի չափը սահմանվել է 50 հազար դրամ:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև «Պարենային անվտանգության կարողությունների ուժեղացում» տարածաշրջանային ծրագիրը, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը կնքելու առաջարկություններին:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններից ՀՀ արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ դիվանագետի գործուղման կարգը ևս: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 16-ի «Դիվանագետի գործուղման կարգը հաստատելու մասին» N 251 որոշումը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենսգրքի 333-րդ հոդվածը լրացվել է նոր պարբերությամբ, որով սահմանվում է, որ եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնասներ և խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության կամ գործողությունների հետ, ապա վնասների հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կամ գործողությունների կատարման օրվանից հաշված, որոնք առաջացրել են վնասներ:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Հաստատագրված վճարների մասին», «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քրեական և ջրային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին, ինչպես նաև «Բնապահպանական վերահսկողության մասին», «Ոստիկանության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Արձանագրային որոշում է ընդունվել նաև նշված օրինագծերն անհետաձգելի համարելու մասին և առաջարկվել է ՀՀ ԱԺ-ին՝ դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ՝ այն 2005թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) յուրաքանչյուր մոդելի կիրառման թույալտրման համար լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ երկամսյա ժամկետում հաստատել ՀՀ-ում ՀԴՄ-ների թույլատրելի մոդելների ցանկը, դրանց կիրառման թույլտվության տրամադրման կարգը, կիրառման համար թույլատրված մոդելների գրանցամատյանի ձևը և վարման կարգը: Մինչև սույն որոշմամբ սահմանված կարգով կիրառման համար թույլատրելի ՀԴՄ-ների մոդելների հաստատումը, թույլատրվել է կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ների մոդելներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, Երևան քաղաքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով, կառավարությունը որոշել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի գույքի կազմից՝ կանոնադրական կապիտալի նվազեցման եղանակով առանձնացնել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի N 62 հասցեի հանրակացարանային մասնաշենքի 342.2քմ մակերեսով և 371 հազար 732 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքն ու այն ամրացնել «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Երևան քաղաքի Արաբկիրի թաղային համայնքին նվիրաբերելու նպատակով և այնտեղ բնակվող ընտանիքների կողմից զբաղեցված բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհելու պայմանով: Որոշմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները պետք է իրականացվեն սեփականաշնորհման ենթակա տարածքում բնակվող քաղաքացիների միջոցների հաշվին, իսկ ավելացված արժեքի հարկի վճարումները՝ «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով:

Մեկ այլ որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N 54 հասցեում գտնվող (նախկին «Արաբկիր» հյուրանոց) շենքից 3561քմ մակերեսով տարածքն ամրացվել է «ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2 մլրդ 655 մլն 14 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 598 հազար դրամ գնահատված արժեքով ք. Երևան, Խանջյան 11 շենքի 1-ին հարկի 102.8քմ տարածքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով: Որոշումն ընդունվել է՝ այն ուղղակի վաճառքի ձևով ՀՀ «Առևտրաարդյունաբերական պալատ» ոչ առևտրային կազմակերպությանը մասնավորեցնելու նպատակով: Այլ օբյեկտների թվում, որոշվել է նաև նույն՝ ՀՀ կառավարության մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 20 մլն 223 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրա-գիտական» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ, ընկերության գույքի վարձակալ «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանվել է 3 մլն 705 հազար դրամ: Որոշվել է ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նաև Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 հասցեի շենքի 193.9 քմ մակերեսով տարածքը, դրա վարձակալ «Ուզբեկտեքս» ՍՊԸ-ին, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի Մասիսի օժանդակ տնտեսությունը՝ «Երևանշին» ԲԲԸ-ին և այլն:

«Նաիրիտ» ԲԲԸ-ի լուծարային գործընթացի բնականոն շարունակման նպատակով, կառավարությունը որոշել է թույլատրել «Նաիրիտ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովին՝ ընկերության լուծարային հաշվեկշռում հաշվառված 14,7 մլրդ դրամ գումարի ակտիվները և նույն գումարի չափով պասիվները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան պայմանագրերի կնքմամբ փոխանցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին:

Գործադիրը հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրանցում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը՝ նշված գործընթացների կանոնակարգման նպատակով: Որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005թ. գումարների օգտագործման ուղղությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սեփականությունը հանդիսացող վանքերի և եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված և պետական գրանցում ստացած հողամասերն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, որի կողմից ծրագրված է այդ տարածքներում իրականացնել կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 366 հա հողերը որոշվել է փոխադրել՝ 265.88 հա վարելահողը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, աճուրդով օտարելու համար, 100 հա արոտը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, խմելու ջրի մաքրման կայան կառուցելու համար, 0.12 հա այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 23-ի N 1157 որոշմամբ հաստատված ՀՀ Արարատի մարզի Վերին Արտաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 12.62 հա վարելահողերը փոխադրվել են բնակավայրերի հողերի կատեգորիա՝ օտարելու համար:

Այլ որոշումներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, իր պարտադիր լիազորությունները չկատարելու համար պաշտոնանկ է արվել Լոռու մարզի Չկալովի գյուղական համայնքի ղեկավար Սուրեն Մխիթարյանը, բնակության վայրը փոխելու կապակցությամբ՝ իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Մելիքյանի լիազորությունները: Երկու դեպքում էլ որոշում է ընդունվել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նշանակման, անցկացման և դրանց ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 115 հազար 390 դրամ հատկացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2005թ. փետրվարին կայանալիք Շիրակի մարզի Շիրակի և Գեղանիստի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Նիստում հավանություն է տրվել նաև պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված մի շարք օրինագծերի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծերին:

Նիստի ավարտին Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին՝ քննարկել եղանակի սպասվող տաքացման արդյունքում հնարավոր հեղեղումների կանխարգելման նպատակով իրականացվելիք միջոցառումները և մեկ շաբաթ հետո դրանք ներկայացնել վարչապետին:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ