Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 փետրվարի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Այն նպատակաուղղված է քաղաքաշինության ոլորտի հիմնարար օրենքի, ինչպես նաև հետագայում դրանից բխող իրավական ակտերի կատարելագործմանը՝ ելնելով համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակման և հաստատման գործընթացների հստակեցման ու օպտիմալացման նկատառումներից և հիմնվելով գործող օրենսդրական ակտերի կիրառման փորձի վերլուծության արդյունքների վրա:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը սահմանել է նաև ՀՀ-ում հողաշինարարության կազմակերպման կարգը: Որոշումն ուղղված է հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, մոնիտորինգի և հողաշինարարության հետ կապված այլ գործառույթների իրականացմանը:

2004թ. դեկտեմբերի 26-ին Ինդոնեզիայի Հանրապետությունում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, կառավարությունը որոշել է երկու շաբաթ ժամկետով բժիշկների խումբ գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն, այդ թվում՝ մեկ վնասվածքաբան, երկու ինֆեկցիոնիստ, մեկ համաճարակաբան: Եռօրյա ժամկետում նշված մասնագետների գործուղումը կազմակերպելու համար, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 8 մլն դրամ է հատկացվել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ: Հաշվի առնելով 2005-2007թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ինչպես նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կանխատեսումները, որոշվել է՝ նպաստառու ընտանիքների թիվը թողնելով անփոփոխ, իջեցնել նպաստի իրավունք տվող սահմանային միավորը՝ 34.00, ավելացնել նպաստի բազային մասը՝ սահմանելով 6000 դրամ: Որոշվել է նաև նպաստառու ընտանիքների անչափահաս անդամներին տրվող հավելման չափը տարբերակել՝ ելնելով ընտանիքի անապահովության միավորից, ինչպես նաև բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում բնակվելու հանգամանքից: Որոշմամբ սահմանվում է, որ այդպիսով աղքատության ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կբարձրանա մոտ 30 տոկոսով, 9000 դրամից հասնելով 12000 դրամի:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական գույքի մասնավորեցման գործընթացի մասին 2004թ. չորրորդ եռամսյակի հաշվետվությանը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի, հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 19 ընկերություն (այդ թվում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն), նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 27-ի համեմատ: Մրցույթով մասնավորեցման է ներկայացվել 19 ընկերություն, որից 1-ի մրցույթը չի կայացել: 2004թ. չորրորդ եռամսյակում մասնավորեցվել է նաև 29 «փոքր» օբյեկտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 12: Հաշվետու շրջանում 5 ընկերություն գտնվել է լուծարման գործընթացում, սնանկացման է ներկայացվել 24 ընկերություն, որոնցից 7-ը լուծարվել է, 8 ընկերության լուծարման վերաբերյալ ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներ: Նշվել է, որ 2004թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնավորեցվել է ընդհանուր առմամբ 1921 միջին և խոշոր ընկերություն, 7266 «փոքր» օբյեկտ և 80 անավարտ շինարարության օբյեկտ:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Այն մշակվել է՝ հաշվի առնելով նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի, միջազգային ստանդարտների պահանջները: Նշվել է, որ կանոնակարգը փորձաքննություն է անցել էներգետիկայի գիտատեխնիկական ինստիտուտում:

Գործադիրը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Առաջարկվել է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

Նիստում հաստատվել է Դենդրոպարկերի տիպային կանոնադրությունը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010թթ. գործողությունների ազգային ծրագրին համապատասխան:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ՝ հանքային ջրերի հետ միասին արդյունահանվող ածխաթթու գազի, ինչպես նաև թերմալ և հանքային ջրերի ռեկրեացիոն (բացօդյա լողավազաններում օգտագործելու) նպատակով օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր սահմանելու, հանքային ջրերի՝ մեկից ավելի նպատակներով օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի հաշվարկման հարցերը կանոնակարգելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «ՀՀ-ում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ: Որոշումն ընդունվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ՝ արտասահմանյան երկրներում և Հայաստանում արտադրվող դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձավճարների հավասարեցման վերաբերյալ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առաջարկին համապատասխան:

Կառավարությունը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 450 հազար դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ ժամկետային զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 2-րդ խմբի հաշմանդամ դարձած ազատամարտիկ Իսակ Ազատյանին Երևանի Էրեբունու թաղային համայնքի կողմից Նուբարաշենի խճուղու թիվ 5/5 շենքի 1-ին հարկում հատկացված ոչ բնակելի տարածքը բնակելիի (թիվ 41 բնակարան) վերափոխելու կապակցությամբ աշխատանքների իրականացման համար վերջինիս ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2005թ. նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտները սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համապատասխան համայնքներին: Հանձնարարվել է պետական կառավարման մարմիններին՝ մեկամսյա ժամկետում, համայնքների ղեկավարների հետ համատեղ, սահմանված կարգով իրականացնել նշված անավարտ շինարարության օբյեկտների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ համայնքների միջոցների հաշվին:

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «ՀՀ գեոդեզիայի ոլորտի 2002-2006թթ. զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1530-Ն որոշմամբ հաստատված ծրագրով 2005-2006թթ. համար նախատեսված աշխատանքների միավորի և ընդհանուր ծավալների արժեքը:

Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «ՀՀ պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ, որոնք բխում են «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բազային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքների կատարման ժամանակացույցը Միջնաժամկետ ծախսային ծրագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան և հաշվի առնելով Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի ժողովի որոշումը, գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 31-ի N 698 որոշմամբ ասոցիացիային նվիրաբերված Երևանի Մխիթար Հերացու փողոցի N 5 հասցեում գտնվող շենքը, ասոցիացիայի կողմից նվիրատվության պայմանագրի հիման վրա, անհատույց սեփականության իրավունքով «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամին հանձնմանը՝ առողջապահական ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Աուդիտորական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև աուդիտ անցկացնող անձանց կողմից կնքված պայմանագրի գրանցամատյանի ձևը և վարման կարգը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի N 262 որոշման մեջ, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 9-ի N 782 որոշումը, որը պայմանավորված է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ 2004թ. հունիսի 8-ին ընդունված օրենքի կիրառումն ապահովող նորմատիվ իրավական ակտերը նշված օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոշում է ընդունվել նաև Արագածոտնի մարզի Զարինջայի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ