Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 դեկտեմբերի 2000


Այսօր տեղի ունեցավ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


ՀՀ-ում գործարարության օժանդակման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով կառավարությունը հավանություն տվեց «Գործարարության աջակցման խորհուրդ» ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Դրանում ներառված է նաև խորհրդի կազմը, որի նախագահը հանրապետության վարչապետն է:


Նիստում հաստատվեցին ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը: Վերջիններիս թվում են «Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության», «ՀՀ-ում մաքսային միջնորդական գործունեության», «Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության», և «ՀՀ-ում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» լիցենզավորման կարգերը: 2001 թ. հունվարի 1-ից կիրարկվող ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջներից է բխում նաև կառավարության կողմից հաստատված մեկ այլ՝ «ՀՀ-ում մաքսային ձևակերպումների նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը»:


Հանրապետությունից ծառայությունների արտահանումը խրախուսելուն է նպատակաուղղված «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» կառավարության N 753 որոշման մեջ կատարված լրացումները: Դրանով մասնավորապես առաջարկվում է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնել հաշվետու տարվա ընթացքում հարկատուի՝ ՀՀ-ից դուրս ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը ամբողջությամբ՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ երկկողմանի հաստատված նախահաշվարկներում առանձնացված լինելու դեպքում, եթե տվյալ պայմանագրի շրջանակներում ընդհանուր ծախսերը չեն գերազանցում ստացված եկամուտների 80 տոկոսը:


Կառավարությունը հաստատեց ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ առկա՝ «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքի փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը: Այն մասնավորապես ոգելից խմիչքներ արտադրողներին հնարավորություն է տալիս մնացորդների վերադրոշմավորման ենթակա քանակների ճշտման նպատակով դիմել իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային մարմին: Վերջինիս կողմից երկօրյա ժամկետում կատարվում է գույքագրում, որի արդյունքներով որոշվում է վերադրոշմավորման համար հատկացման ենթակա ակցիզային դրոշմանիշների քանակը:


Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին «Հողերի օգտագործման սխեմաներ» և «Հողերի օգտագործման ժամանակվոր սխեմաներ» կազմելու կարգերը: Դրանցով մասնավորապես սահմանվում են հողերի օգտագործման սխեմաների տեխնիկական առաջադրանքների կազմման, համաձայնեցման ու հաստատման կարգը, սխեմաների տեսքային և գրաֆիկական մասերի բովանդակույթանը ներկայացվող հիմնական պահանջները:


Նիստում հավանություն տրվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի մասնակցությամբ քլորոպրենային կաուչուկի արտադրության ձեռնարկության ստեղծման համար՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության մասնագիտական հանձնախմբի կողմից ՉԺՀ Շանսի նահանգի Դատոն քաղաքում 2000 թ. օգոստոսի 23-ին ստորագրված արձանագրության դրույթներին: Փաստաթղթում ամրագրված է, որ կողմերը եկել են միանշանակ եզարակացության՝ Դատոնի քիմիական կոմպլեքսի կազմում ստեղծել կարբիտային ացետիլենի բազայի վրա քլորոպրենային կաուչուկների և լատեքսների համատեղ ձեռնարկություն: Դրա ստեղծման համար հայկական կողմը ներդրում է իր գիտա-տեխնիկական գործունեության արդյունքը, տալով նախագծման համար անհրաժեշտ տվյալներ և իրականացնում է գիտա-տեխնիկական խնդիրների լուծումը: Շինարարության ծավալը պահանջում է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար ներդրում, որն իրականացնելու է չինական կողմը:


Կառավարությունը հաստատեց մի շարք երկրների հետ կնքված միջգերատեսչական համաձայնագրեր, այդ թվում՝ «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման և Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման ու Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին», «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Բելառուսի Հանրապետության վիճակագրության և վերլուծության նախարարության միջև համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագրերը:


Նիստում հավանություն տրվեց «Սոլարէն ինթերնեյշնլ քորփորեյշն» միջազգային ընկերության և ՀՀ էներգետիկայի նախարարության միջև 2000 թ. նոյեմբերի 3-ին Երևանում ստորագրված մտադրությունների մասին հուշագրին և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի շրջանում 10-20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման համար հողային տարածքի ընտրության վերաբերյալ տեխնիկական հիմնավորմանը:


Ծրագրի իրականացման նպատակով «Սոլարէն» ՍՊԸ-ին Սոթքի լեռնանցքի շրջանում վարձակալությամբ կհատկացվի 200 հա հողատարածք:


Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Էդ.Ղազարյանի, հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա մայրաքաղաքի պետական բուհերի հանրակացարանաբնակ ուսանողությանը կենտրոնացնել «Զեյթուն» ուսանողական ավանում և պայմաններ ստեղծել միասնական սոցիալ-մշակութային քաղաքականություն վարելու, նրանք կենցաղն ու ժամանցն առավել նպատակային կազմակերպելու համար: Այդ նպատակով «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքում բնակվող ուսանողները կտեղափոխվեն «Զեյթուն» ուսանողական ավան, որտեղ յուրաքանչյուր պետական բուհին կտրամադրվի առանձին մասնաշենք կամ հարկաբաժին:


Կառավարությունը հաստատեց «Արմենպրես» ՓԲԸ նոր կանոնադրությունը, որը համապատասխանեցվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 70 հոդվածի առաջին մասով, կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 10-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ներառված են շուրջ մեկուկես տասնյակ հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, վարչական իրավախախտումների, տնտեսական բնույթի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:


Կառավարության որոշմամբ Արարատի մարզպետ նշանակվեց Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային ՆԳ վարչության պետի պաշտոնը:


 * * * *


 Արարատի մարզպետ Ալիկ Սարգսի Սարգսյանի կենսագրությունը


Ծնվել է 1957 թ. Արարատի մարզի Կանաչուտ գյուղում, մանկավարժի ընտանիքում: Ունի մանկավարժական և իրավաբանական բարձրագույն կրթություն:


1979 թ. մայիսից մինչև 1980 թ. նոյեմբերը ծառայել է Սովետական բանակում:


1981-1982 թթ. աշխատել է Արտաշատի շրջգործկոմում որպես հրահանգիչ:


1982-1991 թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ, օպեր-լիազոր, ավագ օպեր-լիազոր:


1991-1992 թթ. Արտաշատի ՆԳ բաժնում՝ որպես քրեական հետազոտության պետ, 1992-1993 թթ. նույն բաժնում աշխատել է որպես բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, 1993-1994 թթ. Երևանի Էրեբունու շրջանի ՆԳ բաժնի պետ:


1994-2000 թթ. Ալ. Սարգսյանը եղել է Երևանի ՆԳ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ:


2000 թ. ապրիլին նշանակվել է Արարատի մարզի ՆԳ վարչության պետ:


Միլիցիայի գնդապետ է:


Ամուսնացած է: Ունի երկու դուստր:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ