երկուշաբթի, 4 դեկտեմբերի 2000
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՉԺՀ մայրաքաղաք Պեկին ժամանեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, որը Չինաստանի պետական խորհրդի նախագահ Ձու Ժոնգծիի հրավերով 5-օրյա աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Օրվա երկրորդ կեսին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում ունեցավ ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Ձու Ժոնգծիի հետ:
Ողջունելով հայոց վարչապետի այցն իր երկիր, պրն Ժոնգծին ուրախությամբ փաստեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերն այժմ որակական նոր հարթություն են տեղափոխվում: Դրա համար, ըստ ՉԺՀ պետխորհրդի նախագահի, ամուր հիմքեր են դրվել դեռևս 1992 թ. ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններով, բարձր մակարդակի փոխադարձ այցերով և 1996-ին երկու երկրների ղեկավարների ստորագրած կոմյունիկեով. «Մենք բարձր ենք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը և այդ հարցում՝ պաշտպանում Հայաստանի մոտեցումները: Չինաստանը Հայաստանի Հանրապետությունը մշտապես դիտարկել և դիտարկում է իբրև վստահելի գործընկեր», -նշեց ՉԺՀ պետխորհրդի նախագահը, ավելացնելով, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը, որպեսզի փոխադարձ հարգանքի, հավասարության սկզբունքի և բարեկամության վրա հիմնված Հայաստան-Չինաստան կապերն այսուհետ ավելի սերտանան և ամրապնդվեն:
Պրն Ժոնգծին նշեց, որ երկկողմանի հետաքրքրություններ ունեցող մեր երկրների համար տնտեսական համագործակցությունը լայն հնարավորություններ կարող է ունենալ, ընդգրկելով ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ գիտատեխնիկական ոլորտներ: ՉԺՀ պետխորհրդի նախագահը կարևոր համարեց նաև տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի ակտիվացումը:
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, պրն Ձու Ժոնգծին իր երկրի անունից հավաստեց, որ Չինաստանը միշտ հանդես է եկել հակամարտությունները քաղաքական, խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու օգտին և ԼՂՀ-ի հարցում նույն սկզբունքն է պահպանում:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անդրադառնալով հայ-չինական քաղաքական հարաբերությունների ներկա իրավիճակին, նշեց, որ դրանք մեծ հաջողությամբ են զարգանում՝ հիմնվելով բարձր մակարդակի հայ-չինական քաղաքական երկխոսության վրա:
Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է իր արտաքին քաղաքականության առաջնայնությունների շարքում: Նշելով, որ անցած ինը տարիների ընթացքում հայ-չինական երկկողմ համագործակցությունը թևակոխել է պետական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները և ՀՀ կառավարությունը հաստատակամ է խորացնելու այն, ՀՀ վարչապետն առանձնակի գոհունակությամբ հավաստեց մշակույթի և կրթության բնագավառներում արձանագրված ձեռքբերումները, որոնք վկայում են մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամության մասին:
Տնտեսության բնագավառում, ասաց Ա.Մարգարյանը, լայնամասշտաբ համագործակցության հնարավորությունների մասին է վկայում մի շարք ճյուղերում մշակվող և ներկայումս արդեն իսկ իրականացման փուլում գտնվող բազմաթիվ ծրագրերի առկայությունը: Համատեղ աշխատանքների լավ սկիզբ է դրված գյուղատնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետը նշեց, որ արդյունաբերության բնագավառում փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում քիմիայի ոլորտը, Հայաստանը պատրաստ է սինթետիկ կաուչուկի համատեղ ձեռնարկություններ ստեղծել Չինաստանում: Ա.Մարգարյանը գոհունակություն հայտնեց Հայաստանում չինական տեխնոլոգիայով մինի-տրակտորների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու չինական կողմի առաջարկությանը, կարևորեց էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության զարգացումը:
ՀՀ վարչապետը Հայաստանի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց բնական աղետի հետևանքով տուժած Հայաստանի գյուղատնտեսությանը հասցեագրված անհատույց օգնության, մասնավորապես հացահատիկի և մինի տրակտորների հատկացման համար: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում 1994թ. չինական առևտրական վարկի չմարված հատվածի անհատույց տեխնիկական օգնության ձևակերպումը:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության անունից 2001 թվականին Հայաստան հրավիրեց ՉԺՀ պետխորհրդի նախագահ Ձու Ժոնգծիին:
Երկու վարչապետների հանդիպմանը քննարկվեց նաև երաշտի հետևանքների վերացման նպատակով Հայաստանին ՉԺՀ-ի տրամադրելիք օգնության հարցը:
Զրույցի արդյունքում չինական կողմը եռապատկեց նախապես հայտարարած ՀՀ-ին ցուցաբերելիք օգնության ծավալը:
ՉԺՀ պետխորհրդի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը, ուժերի ներածին չափ, այսուհետ ևս շարունակելու է աջակցել Հայաստանին:
Վարչապետների հանդիպումից հետո ստորագրվեց կրթության բնագավառում համագործակցության համաձայնագիր:
Վերջում ՉԺՀ պետխորհրդի նախագահ պրն Ձու Ժոնգծին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ հրավերի համար և նշեց, որ երկու կողմի համար հարմար ժամկետում մեծ սիրով կայցելի Հայաստան:
Վաղը, օրվա առաջին կեսին, նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Ձյան Ձեմինի հետ: