Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2022

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Կառավարությունը հաստատել է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն տրամադրել այդ անձանց: Ընդ որում` առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․
2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ փոխվարչապետը նշել է. «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ պայթյունի հետևանքով, ցավոք, ունեցանք զոհեր, մի շարք անձինք ստացան տարբեր մարմնական վնասվածներ, և իրենց ընտանիքներում առաջացան տարբեր տեսակի խնդիրներ, հատկապես՝ սոցիալական: Եվ այս խնդիրների լուծմանը միտված` կառավարություն է ներկայացվել նման նախագիծ, որով փորձելու ենք աջակցել տուժածների հարազատներին»:

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև ուժգին քամու հետևանքով Սումալու առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզմանը: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը: «Երեկ օրվա երկրորդ կեսին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի եռահարկ կիսափլուզված շինության աջակողմյան պատի վրա մասնակի փլուզում է տեղի ունեցել: Ենթադրաբար՝ ուժեղ քամու պատճառով, որի արդյունքում պատի անմիջապես հարևանությամբ տեղակայված երկու տրանսպորտային միջոցներ հայտնվել են փլատակների տակ: Բարեբախտաբար, տրանսպորտային միջոցների սրահում քաղաքացիներ չեն եղել, բայց տուժել են երեք քաղաքացիներ, ստացել են սալջարդ և քերծվածք, անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոններ, դուրս են գրվել մի քանի ժամից: Որևէ մեկի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Հիմա տարածքը սահմանազատված է և իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ»,-ասել է փոխնախարարը:

Փոխվարչապետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետի հետ հարցի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, քննարկումներ են ընթանում նաև սեփականատիրոջ հետ: Համբարձում Մաթևոսյանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել, որպեսզի այդ հատվածում նմանատիպ այլ դեպքեր չարձանագրվեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ դեպքից տուժած երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել. «Մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, այս պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ իր հերթին առաջարկել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը. «Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»:

Գործադիրն ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացնի մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը առաջարկվում է հատկացնել մոտ 30 կմ-ի համար, որպեսզի կարողանան պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել:

«Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորապես, տվյալ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»,- ասել է նախարարը:

Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս ճանաչվել է գերակա շահ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում

Կառավարության որոշմամբ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սա շարունակական գործընթաց է, որը պարբերաբար իրականացվում է: «Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասել է նախարարը:

Կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու համար

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք մարզերին (6 համայնքներ) հատկացնել 50.0 մլն-ական դրամ:

Անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ամսական 300.000 դրամի չափով

2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. սեպտեմբերի 5-ը։ Սակայն մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել որոշում, որով անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թ. հոկտեմբերի 5-ը:

Նախադպրոցական կազմակերպությունների համար կապահովվի լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախադպրոցական կրթության բնագավառում գործող նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման, այն կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Արդյունքում կբարելավեն ուսումնական հաստատությունների լիցենզավորման պայմաններն ու պահանջները, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը: Կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխել լիցենզավորման գործող մի շարք չափանիշներ և պահանջներ, քանի որ գործող չափանիշները լիովին չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացումը:

ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թ. փոփոխությունների համաձայն փոխվեց ֆինանսավորման մեթոդաբանությունը, և հանվեց ըստ աշակերտ թվի ֆինանսավորման մեխանիզմը։ Որոշմամբ առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ: Մասնավորապես, նախատեսվում է միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։ Ըստ առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն: Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը: Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

Կպարզեցվի էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուների համար սահմանված ընթացակարգը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» ամբողջականությունը, կպարզեցվի ծրագրի շահառուների համար սահմանված ընթացակարգը, ինչպես նաև կհստակեցվեն վարկառուի կողմից ծրագրի շրջանակում մեկից ավելի անգամ օգտվելու պարագայում վերջինիս նկատմամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու և ավելի սուբսիդավորված գումարները պետբյուջե վերադարձնելու դեպքերը: Նախատեսվում է նաև շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի կրճատում։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրով նախատեսվում է մինչև 2023թ. հուլիսի 1-ը սուբսիդիա տրամադրել շուրջ 2000 շահառուի: Ծրագրի շրջանակում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվելու է հետևյալ պայմաններով. բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում վարկի սահմանաչափը կազմելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով (փաստացի), առավելագույնը 84 ամիս ժամկետով: Նշված տոկոսադրույքի մասով ֆինանսական կառույցների մոտ առաջացած տարընկալումները բացառելու նպատակով որոշմամբ նախատեսվում է ֆիքսել, որ սահմանվածը փաստացի տոկոսադրույքն է։

Մեկ տարով կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է մեկ տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը, երկարաձգել տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 9.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում և պլանավորելու հետագա գործունեությունը, այդ թվում՝ խաղողի մթերումների ծավալները։ Հիմնավորման համաձայն՝ տրամադրված օժանդակության չափը 2020 թ. կազմել է 403.7, 2021 թվականին՝ 859.6, իսկ 2022 թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 261,65 մլն դրամ։ Ընթացիկ տարում այդ նպատակով պետական բյուջեով հաստատված ֆինանսական միջոցների մնացորդը կազմում է 338,35 մլն դրամ, որը կտրամադրվի մինչև 2022 թ. դեկտեմբերի 30։ Հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա է ավելի քան 44,4 մլն լիտր կոնյակի սպիրտի մնացորդ և խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ՝ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու և հետագա գործունեությունը պլանավորելու նպատակով անհրաժեշտ է վերը նշված օժանդակության տրամադրման ժամկետը երկարաձգել: Տրամադրվող օժանդակությունն իր զգալի ազդեցությունն է ունենում արտադրանքի ինքնարժեքի նվազեցման միջոցով իրացման շուկայում ավելի մրցունակ գներով արտադրանք ներկայացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու վրա և արտահանման լոգիստիկ խնդիրների բացակայության պարագայում գրեթե կրկնապատկվում են արտահանման միջին ամսական ծավալները։


Արտոնություններ են տրամադրվել ներդրումային հերթական ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հնարավորություն է տրվել «Խաչեն Վայնզ», «Էմ Էռ Ինվեստ» և «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ներին:

«Խաչեն Վայնզ» ընկերությունը նախատեսում է կառուցել գինու ժամանակակից գործարան (որն ունենալու է նաև իր սեփական լաբորատորիան) և թողարկել միջազգային ստանդարտներին համապատասխան բարձորակ արտադրանք։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ և ԵՄ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու է Վայոց ձորի մարզում։ 2020 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 320 մլն դրամի կապիտալ ներդրում և 2 մլն դրամի ներդրում՝ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.5 մլն դրամ:

«Էմ Էռ Ինվեստ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է հիմնել խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ ՀՀ Կոտայքի մարզում։ 2018 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 3.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ 204 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.14 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70.2 մլն դրամ:

«Արտ Գլոբալ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մեկանգամյա օգտագործման թղթե սպասքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ 2015 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 24 նոր աշխատատեղ՝ մինչև 195 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 100 մլն դրամ:

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Հաշվի առնելով սեպտեմբերի 1-ի դրությամբ ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը և փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2022 թ. երրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 200 մլն դրամ շուրջ 280 (45-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 65-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 170-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. ծրագրերի շրջանակում սեպտեմբերի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել 1669 շահառու, որից 296-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (256,767,291 դրամ), 464-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (24,744,026 դրամ), 909-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (916,035,335 դրամ)։ 2022 թ. հուլիսին ստացվել են աննախադեպ թվով դիմումներ և աջակցություն է ստացել 504 շահառու, որոնց վճարվել է 397,695,316 դրամ, այդ թվում՝ 92 շահառուի միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 84,950,743 դրամ, 116 շահառուի կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում վճարվել է 6,283,798 դրամ, 296 շահառուի երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 306,460,775 դրամ։ 2022 թ.-ին ավելացել են նաև միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդով պայմանավորված դիմումները, ինչպես նաև 3-րդ երեխայի ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, որոնց դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ։ Մասնավորապես, սեպտեմբերի 1-ի դրությամբ 15 շահառու աջակցություն է ստացել միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդի կապակցությամբ, վճարվել է շուրջ 34 մլն դրամ, իսկ 3-րդ երեխային ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցել 30-ը կազմում են 26, վճարվել է շուրջ 71 մլն դրամ։ Աննախադեպ շատ են նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված դիմումները, որոնց շրջանակներում 2022 թվականին աջակցություն է ստացել 304 շահառու, վճարվել է 602,855,760 դրամ։

Օրենսդրական նախաձեռնություն. կբարելավվի ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման և պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ: Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանխիկ եղանակներով: Վճարման եղանակն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ նշանակելու դիմումը։ Կանխիկ եղանակով վճարելու դեպքում նպաստի գումարը վճարվում է ընտանիքի՝ դիմում ներկայացրած անդամին, նրա բացակայության դեպքում՝ ընտանիքի այլ չափահաս անդամի։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Օրինագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։ Նախագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը և կնվազեն պետբյուջեի միջոցների ծախսերը, քանի որ բանկերի միջոցով անկանխիկ վճարման դեպքում ծառայությունների մատուցման վճար չի պահանջվում:

Այլ որոշումներ. կընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակի տարածքը

Կառավարության որոշմամբ վերաբաշխման միջոցով 14,124.0 հազար դրամ կհատկացվի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքների ապահովման համար: Հիմնավորման համաձայն՝ Հիշողության պուրակում ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված առկա տեղերը գրեթե սպառվում են: Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թ.` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս. այնտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ:

Գործադիրն ընդունել է «Վայոց ձորի մարզի Եղեգիս և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներին գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է համայնքներին նվիրաբերել չօգտագործվող զրահատեխնիկա՝ ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչներ, կառուցվող հուշահամալիրների տարածքում տեղադրելու նպատակով:

 

Հոկտեմբեր 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ