Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 սեպտեմբերի 2021

«Մուդիս»-ն ընդգծում է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությունը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նիստի սկզբում փոխվարչապետը շնորհավորանքի խոսք է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր և հիշարժան օր է: Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք առկա մարտահրավերներին դիմագրավելու համար»։ Սուրեն Պապիկյանը նաև շնորհավորել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, փոխվարչապետը տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ կայուն։ Այս կապակցությամբ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է. «Հաշվի առնելով, որ «Մուդիս»-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին, որից հետո 2020 թվականին Covid-ի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ էին եկել էական տնտեսական ռիսկեր՝ «Մուդիս»-ի այս գնահատմամբ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը, և ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից։ Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար։ Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և Կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումը։

Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։ Չնայած 2020 թվականի արդյունքներով Կառավարության պարտք-Համախառն ներքին արդյունք ցուցանիշը աճել է և կազմել 63,5 տոկոս, «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարվա ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Մուդիս»-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը: Դրանք են՝ տնտեսության մրցունակության բարձրացմանը և կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարևան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը։ Զեկույցի հրապարակումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ դրանում ընդգծված հարցերը վերահաստատում են Կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած քաղաքականությունների մեծ նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման բարձր և կայուն արդյունքները երաշխավորելու հարցում»։


Նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում, առաջընթաց է գրանցվում պատվաստումային գործընթացում

Փոխվարչապետ Պապիկյանն անդրադարձել է նաև ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ խնդրելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ներկայացնել ընթացիկ տեղեկատվություն: Առողջապահության նախարարը զեկուցել է հետևյալը. «Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական՝ հայտնաբերված դեպքերի մոտ 10 տոկոսի շեմը հատում ենք։ Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ, և, ինչպես տեսնում ենք, և ինչպես մենք մի քանի անգամ ահազանգել ենք, դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով: Բայց, բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Նաև նկատում ենք հիվանդության երիտասարդացում. նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունեինք 20 և 28 տարեկան երիտասարդներ, ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ուստի սա իսկապես մեզ ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, շատ ավելի կարգապահ դարձնենք այն, և ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որպեսզի մեր բնակչության առողջությունը և կյանքը պաշտպանենք։

Այս պահին ունենք ծավալված մոտ 1600 մահճակալ, որից 1400-ը զբաղված է։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի, արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի։ Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք կարիք ունեցող բոլոր քաղաքացիների հոսպիտալացում, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ։ Սա, իհարկե, շատ մեծ լարվածություն է ստեղծում համակարգում։ Գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ հիվանդացության աճ է գրանցվում, և մարդիկ ավելի շատ են դիմում շտապօգնության ծառայությանը, հիվանդանոցներին: Ուստի, Covid-ը պահել հնարավորինս կառավարելի շրջանակում՝ նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն։

Թույլ տվեք ներկայացնել նաև վերջին օրերին պատվաստումային գործընթացի առաջընթացի թվերը։ Այս պահին ունենք 293 955 իրականացրած պատվաստում, մեր օրական ցուցանիշը 6000-ի շեմը անցել է, երեկ իրականացվել է 6227 պատվաստում։ Նկատում ենք շատ մեծ հետաքրքրվածություն և հոսք, ինչը ողջունելի է. եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս, և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ, այո՛, պատվաստումը դիտարկում են որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվելու։ Սա խոսում է հասարակական կարծիքի փոփոխության մասին, բայց, իհարկե, աշխատելու դեռ շատ տեղ ունենք՝ ապատեղեկատվության և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակում»:


Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում, Կապանում և Իջևանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ վերոնշյալ 3 համայնքում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021թ. նոյեմբերի 14-ին, ավագանու ընտրության համամասնական կարգով: Նախապատրաստական աշխատանքների համար ՀՀ ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 մլն 249 000 դրամ, ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ 2021թ. պետբյուջեի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» միջոցառման շրջանակում:

Փոխվարչապետ Պապիկյանը հարցի առնչությամբ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների 3 օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, և դեկտեմբերի դրությամբ արդեն կունենանք նոր միավորված համայնքներ: «Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում հանրային լսումներ, հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, առաջիկայում կլինեն նաև խորհրդարանական լսումներ, և հավանաբար արդեն հաջորդ շաբաթ ՏԿԵՆ-ը կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը», -ասել է նա: Ս. Պապիկյանն կոչ է արել քաղաքական կուսակցություններին՝ ակտիվ մասնակցել գործընթացին, քանի որ նոր օրենսդրությամբ ընտրական պրոցեսը դարձել է համամամասնական, և սա լայն հնարավորություն է թե՛ տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե՛ կուսակցությունների կայացման համար:


Կառավարությունը երկարաձգել է խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետները

Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում գյուղատնտեսական հումքի, մասնավորապես խաղողի մթերումների (գնումների) գործընթացն ապահովելու նպատակով պետական օժանդակության տրամադրման, ինչպես նաև տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության բարելավման անհրաժեշտությամբ:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունների շարքում առավել կարևորն այն է, որ խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետը երկարաձգվում է 1 տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի: Նպատակն է՝ խթանել մթերման ծավալների ավելացումը, մթերված խաղողի դիմաց ֆերմերներին վճարման գործընթացի ավելի արագ կազմակերպումը, ինչպես նաև արտահանումը: Նախարարի խոսքով՝ թարմ գյուղմթերքի մթերման ներկայիս ցուցանիշը մոտավորապես 145 000 տ է, ինչպես և նախորդ տարի, ակնկալվում է մինչև տարեվերջ գերազանցել 200 000 տ սահմանները: Վ. Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում նախատեսվում է հաստատել գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր՝ 3.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ծրագիրն իրականացնելու է «Էմ Էռ Ինվեստ» ընկերությունը, նախատեսվում է հիմնել 100 հա ինտենսիվ այգի:

Ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղարտադրանքի մթերման, արտահանման գործընթացի արդյունավետ կազմակերպման և ընդհանրապես գյուղոլորտին պետական աջակցության գործիքակազմի շուրջ:

Էկոնոմիկայի նախարարը զեկուցել է, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Փոխվարչապետ Պապիկյանը կարևորել է պատկան գերատեսչությունների ամենօրյա աշխատանքը՝ մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է գյուղոլորտին պետական աջակցության գործիքակազմին՝ այս առումով Ֆինանսների նախարարը նշել է, որ վերամշակող կազմակերպություններին պետական օժանդակության փաթեթն անցած տարի ընդլայնվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, բայց նկատի առնելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարը գնալով ավելի արդյունավետ է դառնում՝ առաջ է գալիս այս գործիքակազմը վերանայելու և ավելի թիրախային դարձնելու անհրաժեշտություն: Էկոնոմիկայի նախարարն էլ տեղեկացրել է, որ նախարարությունն սկսել է վերլուծել բոլոր ներկա ծրագրերը՝ Կառավարության ծրագրով նախանշված նպատակադրումներին համապատասխանեցնելու նպատակով: Թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկներ: Ամփոփելով քննարկումը՝ Սուրեն Պապիկյանը ևս նշել է, որ օժանդակության այս միջոցառումները ժամանակավոր են և պայմանավորված են երկրի տնտեսական, համաճարակային իրավիճակով: Առաջիկայում Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ներկայացնի աջակցության այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն տարբեր ուղղությունների զարգացմանը: Այս համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունները:


Կառավարությունը երկարաձգել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր երկու որոշումներում և ընդունել նոր որոշում՝ 2021թ. մարտի 25-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացը կանոնակարգելու նպատակով։

Համաձայն նախագծի հիմնավորման՝ 2021թ. Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տ չափաքանակ, որսն իրականացվել է 2021թ. մայիսի 14-ից: Կնքվել է 303 պայմանագիր՝ շուրջ 221 տ սիգի արդյունագործական որսի համար, սահմանվել և կահավորվել է 25 կետ, փաստացի որսն իրականացվել է 19 կետից։ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021թ. սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տ սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակում 2021թ. օգոստոսի 31-ի դրությամբ առկա է ևս 20 տ չափաքանակ, որը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակային պայմաններով պայմանավորված, չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը:

Ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքում առաջ են եկել մի շարք գործնական և իրավական հարցեր, որոնք քննարկվել են շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու և սոցիալական խնդիրները մեղմելու համար ձեռք է բերվել համաձայնություն՝ 2021թ. չափաքանակն ավելացնել ևս 50 տ-ով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը: Նախագիծը քննարկվել և համաձայնեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Որոշման ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

 

Սեպտեմբեր 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ