Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 հունիսի 2021

Տիգրան Ավինյան. Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար




Արհեստական բանականության կարևորությունը 21-րդ դարում

Արհեստական բանականությունը (ԱԲ) 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիաներից է և ամբողջ թափով ընթացող Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Սահմանումներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը (ԱԲ) համակարգչային համակարգ է, որն ունակ է լուծելու սովորաբար մարդկային բանականություն և կարողություններ պահանջող խնդիրներ: Այն արդեն իսկ փոխակերպում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը և շուտով ամբողջովին փոխելու է մարդկային ապրելակերպը:

Այս տեխնոլոգիան թափանցել է մարդկային գործունեության գրեթե յուրաքանչյուր ոլորտ՝ առողջապահությունից մինչև ռազմական գործ: Օրինակ՝ ԱԲ գործիքի շնորհիվ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ճշգրտության 90% արդյունք: Իսկ զարգացած երկրների բանակները արդեն շատ մոտ են ինքնավարությամբ օժտված «մարդասպան ռոբոտներ» (killer robots) ստեղծելուն:
ԱԲ-ն այսօր առանցքային ռազմավարական նշանակություն ունի ու տնտեսական զարգացման շոգեքարշերից մեկը կարող է դառնալ, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է կտրուկ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը: Հեղինակավոր «PwC»-ի գնահատմամբ՝ մինչև 2030թ. ԱԲ կիրառման շնորհիվ համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 15,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Մոտ ապագայում ավտոմատացման ու մեքենա-մարդ դերերի նոր բաշխման արդյունքում բարդ կարողություններ ու ստեղծագործական մոտեցումներ չպահանջող միլիոնավոր աշխատատեղեր կփակվեն, մյուս կողմից՝ կստեղծվեն միլիոնավոր նորերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներից մեկի համաձայն՝ մինչև 2022թ. ավարտը ԱԲ ազդեցությամբ 75 միլիոն աշխատատեղ կփակվի, իսկ 133 միլիոնը՝ կստեղծվի:

Հաշվի առնելով ԱԲ ռազմավարական կարևորությունը՝ զարգացած ու նույնիսկ զարգացող երկրները մրցավազք են սկսել ոլորտում գերակայության հասնելու համար՝ լայնածավալ ներդրումների ու թիրախավորված քաղաքականությունների միջոցով ձգտելով իրենց քաղաքացիներին, արդյունաբերությունը և ինստիտուտներին զինել ԱԲ դարաշրջանի համար անհրաժեշտ կարողություններով, գիտելիքով ու գործիքակազմով:

Գիտական ու փորձագիտական շրջանակներում համընդհանուր կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ երկրները, որոնք արագ կկողմնորոշվեն ու հեռանկարային ներդրումների միջոցով առավելագույնը կանեն ԱԲ-ն զարգացնելու համար, առաջատար դիրք կունենան նոր ձևավորվող աշխարհակարգում:

Չնայած ԱԲ ոլորտում ԱՄՆ-ն դեռևս առաջատարն է՝ Չինաստանը նախատեսում է 2030թ. դառնալ արհեստական բանականության հիմնարար ու կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնն աշխարհում: Միաժամանակ, համեմատաբար փոքր երկրները, այդ թվում՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Իսրայելը, նույնպես զգալի ձեռքբերումներ ունեն: Օրինակ՝ 2018թ. դրությամբ Իսրայելը ԱԲ ոլորտի ստարտափների քանակով շատ քիչ էր զիջում երկրորդ տեղը գրավող Չինաստանին (362-ը՝ 383-ի դիմաց), իսկ Իռլանդիան մեկ շնչի հաշվով ԱԲ մասնագետների առաջատարն է Եվրոպական միությունում: Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ևս կարող է տեղ գրավել առաջատար երկրների շարքում: Դրա համար, սակայն, պետք է օր առաջ խթանել ոլորտի զարգացումը:

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Հաշվի առնելով ԱԲ բազմաթիվ կիրառությունները՝ այն Հայաստանի համար կարող է դառնալ թե՛ տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի գործիք, թե՛ ռազմական ոլորտում որոշիչ առավելություն ստանալու հնարավորություն: Հայաստանը զգալի ներուժ ունի նաև արհեստական բանականության հիմնարար հետազոտությունների (նոր ալգորիթմների ստեղծում բարդ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ) կենտրոններից մեկը դառնալու համար:

Ըստ էության, ԱԲ-ի հիմնարար հետազոտությունները շատ մեծ ներդրումներ չեն պահանջում. հիմնականում անհրաժեշտ է լինում կայուն ինտերնետային կապ, որոշ դեպքերում էլ՝ սուպերհամակարգիչներ (օր.՝ ավելի բարդ նեյրոնային ցանցի ուսուցում անցկացնելու համար): Բացի այդ, մենք նշանակալի ժառանգություն, կայացած ավանդույթներ և համեմատական առավելություն ունենք Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում:

Ցավոք, Հայաստանի ամուր բնագիտական հիմքը դեռևս լայնորեն չի օգտագործվում ԱԲ զարգացման համար։ Չնայած մի շարք համալսարաններում վերջին տարիների ընթացքում բացվեցին արհեստական բանականության ուսուցմանը վերաբերող բակալավրի և/կամ մագիստրատուրայի ծրագրեր, ինչպես նաև ստեղծվեցին ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ԱԲ ուսուցումը դեռևս գտնվում է սաղմնային վիճակում։ Բացի այդ, Հայաստանում չկան դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ինչը բերում է իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնել ցանկացող երիտասարդ «ուղեղների արտահոսքի» կամ գիտական թերաճի, ինչի պատճառով ոլորտը դանդաղ է զարգանում:

Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի նաև ԱԲ ինժեներիայի զարգացմանը, որը հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված ալգորիթմների կիրառումն է մարդկային գործունեության տարբեր խնդիրների լուծման համար: Ալգորիթմը կիրառելու և այն որոշակի խնդրին ադապտացնելու համար անհրաժեշտ են լինելու իրական մարդկանց տվյալներ: Այստեղ արդեն մեծ կարևորություն է ունենալու պետության կողմից տվյալների հավաքագրումը, թվայնացումը և բազաների ստեղծումը, ինչպես նաև դրանց հասանելիության ապահովումը:

Արհեստական բանականության ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը

ԱԲ ազգային ռազմավարությունները և դրանից բխող գործողությունների ծրագրերը ոլորտի շահառուների գործունեության համակարգման ու ուղղորդման, մեկ միասնական քաղաքականության վարման շրջանակ են: 2017թ. Կանադայի կողմից ԱԲ զարգացման ռազմավարության հրապարակումից հետո 30-ից ավել երկրներ արդեն մշակել են նմանատիպ փաստաթղթեր՝ նպատակ ունենալով խթանել ոլորտում հեռանկարային գիտական ու կիրառական հետազոտությունները:

Հայաստանում ԱԲ առաջընթացի համար այսօր առաջնային խնդիրը զարգացման ազգային ռազմավարության մշակումն է: Ընդ որում՝ ռազմավարություն ասելով անհրաժեշտ է պատկերացնել ոչ թե կաղապարային փաստաթուղթ, այլ ոլորտի զարգացման կոնսենսուսային տեսլական ու դրան հասնելու կոնկրետ միջոցառումներ՝ կառավարության, մասնավորի ու գիտահետազոտական լայն շրջանակների ակտիվ ներգրավմամբ:

Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ի թիվս այլ միջոցառումների, կարող են առաջարկել՝

• Ներդնել ԱԲ-ի դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ընդլայնել ՏՀՏ ոլորտում կրթություն տրամադրող համալսարաններում ու կենտրոններում ԱԲ դերը,
• Օգտվելով սփյուռքում առկա հսկայական մարդկային ու սոցիալական կապիտալից՝ բնագավառի առաջատար միջազգային հաստատությունների համագործակցությամբ ստեղծել հետազոտական լաբորատորիաներ,
• Կազմակերպել բարձր որակավորում ունեցող հետազոտողների՝ հատուկ պայմաններով ներգաղթ Հայաստան,
• Պետություն-մասնավոր գործակցության մոդելն ընտրելով՝ ստեղծել հատուկ վենչուրային ֆոնդ, որը ներդրում կկատարի ԱԲ ոլորտի խոստումնալից ստարտափներում,
• Ապահովել երկրում ստեղծվող տվյալների հավաքագրումը, թվայնացումն ու հասանելիությունը, իրականացնել համակարգված ու միասնական քաղաքականություն պետական տարբեր գերատեսչությունների կողմից, ստեղծել այս գործընթացի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Կարծում եմ, որ պետություն-մասնավոր-գիտական հանրույթ արդյունավետ համագործակցության և նպատակային աշխատանքի միջոցով Հայաստանը կկարողանա մուտք գործել արհեստական բանականության ոլորտի առաջատար երկրների խումբ, ինչը ամուր հենարան կլինի 21-րդ դարում տեխնոլոգիական ցատկի և զարգացողից զարգացած երկրի կարգավիճակի հասնելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ