Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 հունվարի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պարենային ապահովության քաղաքականությանը»: Հանձնա րարվել է գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի, ջրային տնտեսության պետական կոմիտեների նախագահներին՝ պարենային ապահովության քաղաքականության իրականացման նպատակով, եռամսյա ժամկետում մշակել և ՀՀ վարչապետի 2004թ. մայիսի 19-ի N 336-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել 2005-2007թթ. միջոցառումների ցանկը՝ ամփոփման և կառավարություն ներկայացնելու համար: Հանձնարարվել է նաև պարենային ապահովության քաղաքականության ուղղությունները հաշվի առնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև պարենային ապահովության բնագավառում խորհրդատվության իրականացման գործընթացում:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են, առաջին հերթին, բնապահպանական վճարների՝ որպես տնտեսական մեխանիզմի, կարգավորիչ դերի բարձրացմանը: Հաշվի առնելով, որ ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների գծով ներկայիս գործող դրույքաչափերի ցածր մակարդակը չի խթանում տնտեսվարող սուբյեկտներին՝ նվազեցնելու օդային ավազանի աղտոտման ծավալները, առաջարկվել է նշված դրույքաչափերը բարձրացնել 2-3 անգամ: Որոշման ընդունման կապակցությամբ, գործադիրը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Առաջարկվել է օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում, այդ գերազանցող մասի համար կիրառել տարբերակված դրույքաչափեր՝ առավել բարձր (խիստ պատժամիջոցներ) սահմանելով շրջակա միջավայրը մեծ չափերով աղտոտող կազմակերպությունների համար: Օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև զրոյական չափաքանակների դեպքերում դրույքաչափերի հաշվարկման գծով գործող օրենքում առկա անհստակությունը վերացնելու նպատակով:


ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը: Որոշումը կնպաստի ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանը և արտակարգ իրավիճակների ժամանակ ջրավազանի կառավարման ու պահպանության գործողությունների լիարժեք իրականացմանը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատմանը, բացասական հետևանքների հնարավոր չափով արագ վերացմանը, ժամկետների սահմանմանը և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերմանն ուղղված մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը:


Այլ որոշումներով հաստատվել են հողային ռեսուրսների, ինչպես նաև մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգերը:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ վարչապետի 2005թ. հունվարի 14-ի «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու հայկական կողմի պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 19-Ա որոշմամբ ստեղծված հայկական պատվիրակության կողմից ՀԲ-ի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում 2005թ. հունվարի 21-ին Երևանում ստորագրված արձանագրությանը: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲ-ի կողմից տրամադրել 20 մլն ԱՄՆ դոլար, հայկական կողմի 10 տոկոսի չափով համաֆինանսավորման պայմանով: Վարկային ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններ են ընտրվել՝ ջրամատակարարման անընդհատությունը, համակարգի հուսալիությունը, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցումը և էլեկտրաէներգիայի խնայողությունը:


Կառավարությունը, 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 32 մլն 9 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ «Կիլիկիա» նավի 2005թ. նավարկության երկրորդ փուլին նախապատրաստման, ինչպես նաև ուղևորության մասին «Կիլիկիա» և Կիլիկիա» գրքի տպագրման նպատակով «Այաս» ծովային հետազոտությունների ակումբին տրամադրելու համար:


«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և փոփոխություններ կատարելով, գործադիրը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 36 մլն 216.8 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գրականության հրատարակման սուբսիդավորման համար:


Հայկական երկաթուղու վերականգնման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ստեղծման և շարժակազմի օպտիմալացման նպատակով, կառավարությունը որոշել է թույլատրել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, աճուրդով օտարել շահագործման ռեսուրսները սպառած, տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող և ավելցուկային ակտիվներ համարվող էլեկտրաքարշերը (39 միավոր), ջերմաքարշերը (56 միավոր), բեռնատար վագոնները (1334 միավոր) և ուղևորատար վագոնները (31 միավոր): Հարցի քննարկման ժամանակ նշվել է, թր Հայկական երկաթուղու հիմնական միջոցների ավելցուկային ակտիվների օտարումն ընկերության ծախսերի նվազեցման ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն է, որը Հայկական երկաթուղուն հնարավորություն կտա իրացված ակտիվների եկամուտների հաշվին կատարել լրացուցիչ ներդրումներ երկաթուղու վերականգնման գործընթացում: Հանձնարարվել է՝ որոշման նախագծի քննարկման ընթացքում արված հարցադրումների հիման վրա, որոշ մանրամասներ ևս ներառել փաստաթղթի նախագծում:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Այն նպատակաուղղված է առևտրաարդյունաբերական պալատների դերի ամրապնդմանը, դրանց կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են ընձեռնում առավել մատչելի ձևով աջակցելու պալատների անդամ հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությանը, այդ թվում՝ նրանց արտադրած ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորման և ամրապնդման հարցերում: Պալատների գործառույթների մեջ նախատեսվում է ավելացնել իրավաբանական, գնահատման, փորձագիտական, աուդիտորական ծառայությունների կազմակերպման իրավասություններ: Կարևորվել են մարզային պալատների կայացման և դրանց դերի ամրապնդման հարցերը, ինչի ապահովումը կիրականացվի միջնորդ դատարանների ինստիտուտի ներդրմամբ: Տնտեսական զարգացման ներկա փուլում պալատների բարձրագույն մարմնի՝ ԱԱՊ համագումարի, որպես գործարարությունը միավորող կառույցի, առավել հիմնավորվելու նպատակով, դրա ընտրության ժամկետը նախատեսվում է 3-ից դարձնել 5 տարի:


ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանները բարելավելու, դրանք ժամանակակից պահանջներին մոտեցնելու, ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումները միատեղելու և նախարարության զինծառայողների համար իրենց պարտականությունները կատարելու առավելագույն պայմաններ ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է Երևան քաղաքի «Ջրվեժ» թաղամասում ՀՀ ՊՆ շենքերի համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու պատվիրատու ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Հանձնարարվել է պաշտպանության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում Երևանի քաղաքապետի և ներդրող ու գլխավոր կապալառու «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնել համալիրի շինարարությունն ավարտին հասցնելու և այն շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետա-հատակագծային ու տեխնիկական առաջադրանքները: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Կոտայքի մարզպետին:


Մեկ այլ որոշմամբ, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարան տրամադրելու իրավասությունը, տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն, վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշման մեջ:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, գործադիրը որոշել է նաև անհետաձգելի համարել «Աշխատանքի պետական տեսչության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և առաջարկել է Ազգային Ժողովին՝ դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:


Նիստում կառավարությունը որոշել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված ոլորտի ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է ԱԺ-ի կողմից 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված «Էլեկտրախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հետագա կիրարկումն ապահովելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների տարեկան նորմաները, որոնք հիմք կծառայեն նաև նախարարության աշխատակազմի հաջորդ տարիների կապի ծախսերը հաշվարկելիս:


Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն առավել հստակեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված վարչական տույժերի նշանակման ընթացակարգը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին» ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «ՀՀ արդարադատության նախարարության և Իտալիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին», «ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև բանկային ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգերը ե նրանց հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագրի ձևերը:


Այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծով սահմանվում է, որ մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի և հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:


Նիստում գործադիրը որոշել է 2002թ. հունիսի 6-ի N 768-Ն որոշմամբ հաստատված Վայոց Ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 4 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով անհատույց օտարելու համար: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 13-ի N 811-Ն որոշմամբ հաստատված Վայոց Ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 1 հա վարելահողը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով անհատույց օտարելու համար: ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա է տեղափոխվել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 2 հեկտարը:


Կառավարությունը հաստատել է նաև Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշմամբ նաև մարզի 1 հա անտառային ֆոնդի հողերը փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ