Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հունվարի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշման համապատասխան: Նախագծով սահմանվող բնությանը պատճառված վնասի հաշվարկման սակագները և վնասի հաշվարկման կարգերը հնարավորություն կտան փակել այդ ոլորտի գծով իրավական դաշտում առկա բացը, ձևավորել և հետագայում, դրա կիրառման արդյունքում ստացված պրակտիկ փորձի ուսումնասիրության հիման վրա, կատարելագործել կենսապաշարների ապօրինի օգտագործման հետևանքով բնությանը պատճառված վնասի փոխհատուցման համակարգը: Ժամկետ է տրվել, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ մեկտեղ, նիստում արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, մեկ անգամ ևս քննարկել նախագիծը՝ այն վերջնական տեսքի բերելու համար:

ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, նիստում գործադիրը հաստատել է ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները: Որոշումը կնպաստի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, կենսաբազմազանության բարելավմանը, ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների էական բարելավմանը, դրանց արդյունավետ օգտագործմանը, որը կհանգեցնի ջրի ազգային պաշարի ավելացմանը: Այն զգալիորեն կնպաստի նաև բնակչությանը խմելու, կենցաղային նպատակներով ջրամատակարարման վիճակի բարելավմանը, կկանխարգելի այդ ջրային ռեսուրսների աղտոտումը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը բխում է առողջապահության համակարգում ընթացող բարեփոխումների տրամաբանությունից: Օրենքի ընդունմամբ կձևավորվի առողջապահական համակարգի հստակ օրենսդրական դաշտ, որով կսահմանվեն համակարգի մասնակիցների իրավունքները և պարտականությունները առողջության պահպանման գործում, կապահովվի առողջապահությանն ուղղված ֆինանսական աղբյուրների բազմաձևությունը և միջոցների արդյունավետ օգտագործումը, կերաշխավորվի առողջության պահպանման և ամրապնդման մարդու իրավունքը:

Կառավարությունը հաստատել է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005թ. տարեկան ծրագիրը» և այդ ոլորտում 2005թ. նախատեսվող միջոցառումները: Որոշումն ընդունվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նշվել է, որ 2004թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է շուրջ 118 հազար հաշմանդամ, որից 9200-ը մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ են: Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2005թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են հասարակությունում նրանց ինտեգրմանը նպաստելու, բժշկական, սոցիալական և հոգեբանական վերականգնողական գործընթացն ապահովելու, հաշմանդամ երեխաների կրթության ու զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Միջոցառումների թվում, ծրագրով նախատեսվում է նշված ոլորտին վերաբերող օրենսդրության կատարելագործում, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005-2015թթ. ռազմավարության մշակում:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև «Երեխայի իրավունքների պաշտպանության 2005թ. տարեկան ծրագիրը»՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները: Նշվել է, որ ծրագիրը համահունչ է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը: Տարեկան ծրագրի հիմնական ուղղություններն են՝ օրենսդրական կատարելագործումը, սոցիալական ապահովությունը, առողջապահական խնդիրների բարելավումը, կրթական ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 100 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ 2004թ. ցրտահարությունից, կարկտահարությունից և այլ տարերային աղետներից առավել տուժած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողօգտագործողներին աջակցելու նպատակով սերմացու, պարարտանյութ և վառելիք ձեռք բերելու համար ԼՂՀ կառավարությանը տրամադրելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից ևս 5 մլն դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցում հեղուկ վառելիքով ջեռուցման կազմակերպման նպատակով:

Կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին 6 մլն 560 հազար դրամ է հատկացվել Լոռու մարզպետարանին՝ Ստեփանավան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի N 6, N 9 մանկապարտեզների, N 1 երաժշտական դպրոցի, արվեստի դպրոցի և մանկապատանեկան կենտրոնի գազաֆիկացման և դրանց համար գազի վառարաններ ձեռք բերելու նպատակով Ստեփանավանի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշման համապատասխան: Հայեցակարգում ամրագրված են ՀՀ կառավարության կողմից իրականացվող ինովացիոն քաղաքականության սկզբունքներն ու մոտեցումները: Հայեցակարգի և դրա հիման վրա մշակվող «ՀՀ-ում ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումը կնպաստի գիտելիքների վրա հիմնված տնտեսության ձևավորմանը, երկրի կայուն և անվտանգ զարգացման, համաշխարհային տնտեսական համակարգում ինտեգրվելու, բնական և մտավոր պաշարների օգտագործման ռացիոնալացման գործընթացներին, երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև դրա արդյունքում կհանդիսանա երկրում աղքատության հաղթահարման և ժողովրդի արժանավայել կենսամակարդակի ապահովման կայուն երաշխիքներից մեկը: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ 6-ամսյա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել «ՀՀ-ում ինովացիոն համակարգի ստեղծման և զարգացման 2005-2010թթ. ծրագիրը»:

Գործադիրը հաստատել է ՀՀ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը՝ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Ըստ հայեցակարգի, նշված համակարգի ստեղծման նպատակը պետական միասնական երկրատեղեկատվական բանկի ձևավորումն է, որը հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների, դրանց իրավական կարգավիճակի, արժեքի վերաբերյալ ամբողջական տեքստային և գրաֆիկային տվյալների կենտրոնացումն է և ուղղված է ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Համակարգի օգտագործումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում կնպաստի ՀՀ մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների (Ազգային պարկ, Արարատյան հարթավայր, Խոսրովի արգելոց և այլն) տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, կառավարման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտացման աստիճանի բարձրացմանը, հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը և այլն:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Շիրակի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող, Գյումրի քաղաքի նախկին N 11 դպրոցի երկհարկանի 800 քմ մակերեսով մասնաշենքը հետ վերցնել ե ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը: Որոշվել է նաև թույլատրել Շիրակի մարզպետին նշված դպրոցի երկհարկանի մասնաշենքում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և սահմանված կարգով հերթագրված երեք ընտանիքներին, բացառության կարգով, արտահերթ բնակարան հատկացնել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում՝ պետական աջակցությամբ կառուցված բնակարանային ֆոնդի բնակարաններից: Հանձնարարվել է Շիրակի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում, Գյումրու քաղաքապետի հետ մեկտեղ, միջոցներ ձեռնարկել քաղաքի նախկին N 11 դպրոցի երկհարկանի մասնաշենքում բնակվող, անօթևան մնացած, սակայն անօթևանի կարգավիճակ չունեցող, ինքնակամ հիմունքներով տարածք զբաղեցրած մեկ ընտանիքի վերաբնակեցումն ապահովելու համար:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդից 1 մլն դրամ դոտացիա է հատկացրել Շիրակի մարզի Անիպեմզայի գյուղական համայնքին՝ նրա բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ևս 5 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ «Հայաստանի խաղաղության ֆոնդ» հասարակական-բարեգործական կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի հանրապետական հոգեբանական կենտրոն», «Լոռու մարզի տարածքային հոգեբանական կենտրոն» և «Շիրակի մարզի Գյումրու «Նարեկ» հոգեբանական ծառայության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Սահմանվել է, որ նշված կազմակերպությունների գույքի կազմից ՀՀ կառավարության կողմից ամրացված գույքը հետ վերցնելուց և պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած սեփական գույքը, որպես պետական սեփականություն, պետք է ամրացվի համապատասխանաբար «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան», «Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Ստեփանավանի մասնաշենքը և նրանում գտնվող գույքը կնվիրաբերվի Ստեփանավանի քաղաքապետարանին՝ տնակներում գործող արտադպրոցական խմբակների շենքային և գույքային պայմանները բարելավելու նպատակով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն վերակազմակերպել առանձնացման ձևով՝ ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ:

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանին:

Ելնելով «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքի դրույթներից և պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից, գործադիրը որոշել է քաղաքացիական պաշտպանության զորքերի ղեկավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգում գործող քաղաքացիական պաշտպանության զորքերը իր համակարգով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ռազմական արդյունաբերության արտադրանքի, աշխատանքի, ծառայության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգը:

Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նախարարության աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին՝ ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի «ՀՀ-ում 2004թ. ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշման մեջ: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-ամսյա ընթացքում հաստատել օծանելիքակոսմետիկական ապրանքներին, կենցաղային և սանիտարական նշանակության իրերին, մանկական հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջների սանիտարական նորմերն ու կանոնները: Հանձնարարվել է նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ 2005թ. նախատեսել համապատասխան տեխնիկական կանոնակարգերի մշակումը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների բարելավման և զարգացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով պայմանագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրի և «Ասիական բանկի մասնավոր հատվածի գործողությունների համար երաշխավորագիր-նամակի» կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Ասիական զագացման բանկի հիմնադիր համաձայնագրին» Հայաստանի Հանրապետության միանալու առաջարկությանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացնել 265 մլն 812.7 հազար դրամ հաշվեկշռային արժեքով շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Սահմանվել է, որ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Որոշմամբ, «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական ՓԲԸ-ի իրավահաջորդը հանդիսացող այդ ընկերությանն են փոխանցվել 9 մլն 989.2 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, 250 հազար քմ. մակերեսով հողատարածքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքն ու «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՓԲԸ-ի պարտականությունները:

Այլ որոշումներով, լրացում և փոփոխություններ կատարելով 2002թ. հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման մեջ, հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում նախարարության աշխատակազմում սահմանված կարգով ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին՝ ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով: Նախարարության աշխատանքների ծավալների մեծացման և դրանց իրականացման ընթացքում իրավական ակտերի պահանջների հստակ և պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով, որոշվել է նաև քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի և նախարարության քաղաքաշինական պետական տեսչության իրավական ակտերի վերահսկողության բաժնի միացման ճանապարհով ստեղծել քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն:

Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված առանձին ծրագրերի գծով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ նախագահին՝ որոշմամբ նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները սահմանված կարգով նեկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Որոշումն ընդունվել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ ԳԱԱ ծրագրերի իրականացման համար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված ֆինանսական միջոցների ՀՀ ԳԱԱ-ին տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է նշված բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատարանների աշխատակազմերում ծառայության մասին» և «Դատարանակազմության մասին» օրինագծերին ևս:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 և 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումների մեջ: Փոփոխություններն ամրագրում են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում գործող երկու (N1 և N2) միջնակարգ դպրոցների փաստը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Արևիկի գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները և սահմանված կարգով նշված ընտրատարածքում անցկացնել համայնքի ավագանու նոր ընտրություններ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ