երեքշաբթի, 17 ապրիլի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Օրակարգում երկու հարց էր՝ ՀՀ կառավարության 2001թ. մարտի 30-ի N 256 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որը վերաբերում է ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցին: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է մրցութային առաջարկությունների ծրարները բացել և առաջարկված գները հայտարարել 21.04.2001թ. ժ. 18:05-ին, մրցույթի արդյունքները հայտարարել 22.04, 2001թ.-ին, ՀՀ կառավարության և միցույթի հաղթողների միջև բժնետոմսերի առուվաճառքի պայմանագրեր կնքել մինչ 29.04.2001թ., իսկ ՀՀ կառավարության և Եվրոբանկի միջև բաժնետոմսերի ուղիղ վաճառքի պայմանագրերը կնքել և գործարքն ավարտել մինչև 19.05.2001 թվականը:
Քննարկման դրված հաջորդ հարցը ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի անցկացման կարգը և դրանց բաժնետոմսերի առքուվաճառքի օրինակելի պայմանագրերը նոր խմբագրությամբ հաստատելու մասին էր: Կառավարությունը որոշեց դրանք նոր խմբագրությամբ հաստատել և ընդունել ի գիտություն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից նոր խմբագրությամբ հաստատված բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի /հզորության/ բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները և սակագնային համաձայնագրերը:
Կառավարության քննարկմանը ներկայացված նշված երկու հարցերն էլ երեկ քննարկվել և հավանության են արժանացել ԲԷՑ-երի մրցութային հանձնաժողովում: