Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 սեպտեմբերի 2020

Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրմանը: «Ինչպես գիտեք, մենք շարունակական աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրման նպատակով: Եվ 2020թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն, Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով իր դիրքերը 19 կետով: Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում:

Ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործքիների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Այս առումով ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ հանրագիր. հայ դոմեյնների ներքո: Սա change.org հարթակի հայկական տարբերակն է:

Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ կոնկրետ պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում: Այսպիսով, հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետևել հանրագրի ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը: Ուզում եմ հատուկ շեշտել՝ այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ հետևելու և ականջալուր է լինելու»,-ասել է փոխվարչապետը:

Շարունակվում են ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործողության կանոններում: Մինչ հարցի քննարկումը Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, կառավարությունը սույն թվականի մայիսի 21-ի նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելիք, երևի թե, ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկը: Ծրագրի շրջանակում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 միլիարդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, և մնացյալ 50 տոկոսը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպության կողմից»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ կառավարչի ներկայացուցիչների և կառավարության գործընկեր կառույցների հետ երկար քննարկումների արդյունքում և վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում կայացվել է ֆոնդի գործողության կանոններում որոշակի փոփոխություններ անելու որոշում: Ներկա կարգավորումներով, ըստ նախարարի, ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար և ավելի քան 2 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար: «Այնուամենայնիվ, ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի քիչ ավելի փոքր լինելու դեպքում քան 1 միլիոն դրամն է կամ ավելի բարձր լինելու դեպքում քան 2 միլիոն դոլարն է, կառավարությունն էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին: Արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին: Համապատասխանաբար, այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-ից 2 միլիոն կազմելու փոխարեն կազմի՝ կես միլիոն դոլարից կամ 500 000 դոլարից մինչև 4 միլիոն դոլար սահմաններում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը նույնպես շատ էական է: «Մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն նոր մեկնարկող ծրագրերի դեպքում: Սակայն կան բազմաթիվ ծրագրեր, որտեղ ներդրողն արդեն իսկ իր միջոցներով որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում: Կառավարությունը որոշեց, որ պետք է կառավարչին թույլ տա նաև մասնակցել այդպիսի ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ սահմանվում են նաև ֆոնդի գործունեության ևս չորս նոր կանոններ, որոնք վերաբերում են կառավարության մասնակցությանը: Մասնավորապես, կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահամանափակ մասնակցություն: «Այդ ժամկետը սահմանում ենք 10 տարի: Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար»,-ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 մլրդ-ի համար որոշված առաջին չափաքանակն է։

ՀՀ մարզերում մատուցվող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազան կարդիականացվի

Կառավարությունը որոշել է 2020 թ. պետբյուջեի շրջանակում ձեռք բերված թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներ և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումներ և պարագաներ նվիրաբերել ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններին: Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է մարզպետարանների կողմից ներկայացված կարիքների հիման վրա՝ հաշվի առնելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակը, առկա մեքենաների տեխնիկական վիճակը, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքը։ Հիմնավորման համաձայն՝ Առողջապահության նախարարությունն առաջնահերթ խնդիր է համարում ՀՀ մարզերում գործող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովումը։ Ըստ այդմ՝ «Գույք նվիրաբերելու մասին» այս որոշումը կնպաստի ՀՀ մարզերում մատուցվող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի արդիականացմանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կտրամադրվի 61 դրամաշնորհ

Գործադիրը կատարել է վերաբաշխում պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման պահանջներից ելնելով: Միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է: Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է 2020 թ. պետբյուջեով հաստատված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն է առաջացել նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել 17-րդ միջոցառմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորի տրամադրում:

Ամսական սպորտային նպաստ՝ մինչև օլիմպիական խաղերի ավարտը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչներին ու բժիշկներին ամսական սպորտային նպաստ տրամադրելու նպատակով: Ներկայում վերոնշյալ անձանց ամսական խրախուսման վճար չի տրամադրվում: Այս պահին 2021 թ. ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ: Ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով, սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից, և շարունակել, մինչև օլիմպիական խաղերի ավարտը. այդ նպատակի համար նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ:


Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց

ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ոստիկանությանը անհրաժեշտ գումարը հատկացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Պարեկային ծառայության ձևավորման ընթացի վերաբերյալ: Այսպիսով՝ իրականացվել է դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից սպասվում է 5 ամսյա դասընթացի մեկնարկի փուլը: «Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը: 2021 թ. առաջին եռամսյակի ավարտին Երևան քաղաքում Պարեկային ծառայությունը 700 անձի կազմով պատրաստ կլինի մեկնարկելու: Դրանից հետո Պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Պարեկային ծառայության հետ գործարկվելու է Օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Պարեկային ծառայությունն ունենալու է նաև նոր զենքի տեսակ. այն նախատեսվում է ձեռբ բերել աշնանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ