Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 դեկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, որը հստակ նախանշում է ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ժամկետը, ֆինանսական ապահովման աղբյուրները, կատարման պատասախանատուն և նպատակը: Հաստատվել են նաև նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների 2005թ. գերակա խնդիրները: Նույն որոշմամբ ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ մաս են համարվել ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշմամբ հաստատված ծրագրի, ինչպես նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող՝ 2005թ. իրականացվելիք միջոցառումները: Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել տեղեկանք՝ տվյալ եռամսյակում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ կառավարության 2005թ. գործունեության ծրագրի կատարման մասին: Հանձնարարվել է նաև ՀՀ նախարարներին և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին: 15-օրյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ նիստում քննարկված որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու և այն ամփոփիչ տեսքի բերելու համար:

Կառավարությունը հաստատել է 2005թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը, ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը և ծախսերի նախահաշիվը: Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել 2000թ. մարտի 2-ին ընդունված «ՀՀ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի» դրույթները և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում ամրագրված զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները: Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման և միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով:

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը: Որպես անցումային դրույթ, կարգում, մասնավորապես, սահմանվում է, որ մինչև շարժական գույքի ճյուղային կադաստրների տեղեկատվական բանկերի և շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկի միջև անմիջական էլեկտրոնային կապի ստեղծումը, ճյուղային կադաստրներ վարող մարմինները շարժական գույքի հաշվառման տվյալները փոխանցում են շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկի լիազոր մարմին՝ 15 օրը մեկ:

Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգի վերականգնման (վերակառուցման) ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման մեջ: Բազմաբնակարան շենքերում և անհատական բնակելի տներում բնակչության կողմից օգտագործվող բնական գազի մատակարարման համակարգերի ներտնային հատվածի վերականգնման (վերակառուցման) և շահագործման անվտանգության ապահովման նպատակով, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողական լիազորությունները ժամանակավորապես վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությանը (վարչությանը)՝ մինչև կառավարության կողմից նշված խնդիրների իրականացման իրավասու մարմնի վերջնական սահմանումը և գործառույթների հստակեցումը:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ագրարային ոլորտում առաջավոր տեխնոլոգիաների ներդրման գիտակրթական և խորհրդատվական համակարգի զարգացման հայեցակարգին, որն ընդգրկում է 2005-2010 թվականները: Այն բխում է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունից և ամրագրում է նշված ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը, նշում՝ դրանց իրականացման մարտավարական քայլերը:

Կառավարությունը որոշում է ընդունել՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ Արաքս գետի հիդրոպոտենցիալի օգտագործման մասին: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մեր երկրի տնտեսության համար, այդ ուղղությամբ Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ կատարած աշխատանքի դրական արդյունքները, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանի նախագծման և կառուցման հետ կապված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը, հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ 15-օրյա ժամկետում ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ: Սահմանվել է նաև, որ աշխատանքային խումբը, եռամսյակը մեկ, աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն պետք է ներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն և նրան, սեփականության իրավունքով, հանձնել 100 հազար դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի: Մեկ այլ որոշմամբ, ստեղծվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այդ կազմակերպությանն է հանձնվել «Գյումրու թեթև աթլետիկայի մարզադպրոց» հիմնարկի հաշվեկշռում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող և սույն որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում, նվիրատվության կարգով որպես սեփականություն ընդունված, 631,3 հազար դրամ արժեքով գույքը:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որն իրավաբանական հիմք է հանդիսանում օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության վերցնելու համար: Ուժը կորցրած է ճանաչվել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակների հաստատման մասին» N 377 որոշման 1-ին կետը՝ նախկին Նոյեմբերյանի, Շամշադինի, Իջևանի և Դիլիջանի քաղաքային սովետի պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակի մասով, որը ներկայումս չի համապատասխանում հանրապետության վարչատարածքային բաժանմանը, հուշարձանների արժևորման չափանիշներին ու միասնական կադաստրավորման պահանջներին:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, միջուկային և ճառագայթային վթարների հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության ապահովման նպատակով, կառավարությունը որոշել է 2005թ. հոկտեմբերին կազմակերպել և անցկացնել ստուգողական վարժանք՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով: Ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման պատասխանատու է նշանակվել վթարային հակազդման ազգային համակարգող՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը: Հանձնարարվել է վարչության պետին՝ մինչև 2004թ. փետրվարի 1-ը մշակել և կառավարություն ներկայացնել ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը, լրամշակել և մինչև 2005թ. հունիսի 1-ը կառավարություն ներկայացնել ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը): Հանձնարարվել է նաև ազգային պլանի մշակման համար ստեղծել միջգերատեսչական խումբ, ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները սահմանելուց հետո, ճշտել վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կազմը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ էներգետիկայի նախարարին, ՀՀ Պետատոմհսկողության պետին, վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու մարզի Մեդովկա գյուղական համայնքի վարչական սահմաններում տուֆաավազաքարերի հանքավայրի շահագործման նպատակով՝ պետության կարիքների համար վերցվող 12 քաղաքացիների սեփականություն հանդիսացող 6.85 հա հողամասերի օտարման գոտին: Սահմանվել է, որ պետության կարիքների համար վերցվող, ինչպես նաև հանքարդյունահանման համար անհրաժեշտ 2.4 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերն ընդգրկվում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա: Որոշման կատարմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Լոռու մարզպետին և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:

ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 23-ի «ՀՀ պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման համաձայն, գործադիրը հաստատել է ՀՀ պետական մարմիններում հեռախոսակապի, փոստային կապի և Ինտերնետ ծառայությունների նորմաները, ինչպես նաև պետական մարմիններում հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները: 15-օրյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու և այն ամփոփիչ տեսքի բերելու համար:

Գործադիրը որոշում է ընդունել «Կապ» ԲԲԸ-ի լուծարման մասին: Որոշումն ընդունվել է, նկատի ունենալով, որ նշված ընկերությունը 1998թ-ից առ այսօր չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և իր հաշվեկշռում չունի անշարժ գույք ու հիմնական միջոցներ:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է մրցույթով մասնավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղում գտնվող, հաշվեկշռային մեթոդով 78 մլն 79 հազար դրամ գնահատված Աբովյանի «Հիդրոսարքեր գործարանի», Երևան քաղաքի Հ/Ա Բ-1 թաղամասի Ա. Բաբաջանյան պողոտայի վրա գտնվող, հաշվեկշռային մեթոդով 259 հազար դրամ գնահատված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող, 14 մլն 547 հազար 649 դրամ շուկայական արժեք ունեցող ՀՊՃՀ-ի լաբորատոր շենքի անավարտ շինարարության օբյեկտները: Նույն որոշմամբ մասնավորեցվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ հաշվեկշռային մեթոդով 8 մլն 65 հազար դրամ գնահատված, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի 54 հասցեի շենքից 784քմ մակերեսով տարածքը՝ ուղղակի վաճառքի ձևով, դրա վարձակալ «Վարպ» ՍՊԸ-ին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով բնակիչների դիմումներն ու Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզպետարանների միջնորդությունները, կառավարությունը որոշել է Վայոց Ձորի մարզպետարանի ենթակայության Վայք քաղաքի «Կամուրջ» թաղամասում գտնվող 294.5 քմ ընդհանուր մակերեսով, 302 հազար դրամ հաշվեկշռային արժեքով և Արշավիր Մելիքյան 18 հասցեում գտնվող 1236 քմ ընդհանուր մակերեսով, 1267.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքով հանրակացարանային շենքերը, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող 240 քմ ընդհանուր մակերեսով, 622.9 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Ուսուցչի տունը, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում գտնվող 860 քմ մակերեսով, 301 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Ուսուցչի տան թիվ 1 և թիվ 2 շենքերը նվիրաբերել նշված քաղաքային և գյուղական համայնքներին՝ այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց սեփականաշնորհելու նպատակով: Որոշման ընդունումը հնարավորություն կտա բարելավել նշված հասցեներում երկար տարիներ բնակվող տասնյակ տեղաբնակ ընտանիքների բնակարանային և կենցաղային պայմանները:

ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշման համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին ամրացված գույքը՝ 2004թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված և 18 մլն 424 հազար 800 դրամ ընդհանուր արժեքով, հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հանձնարարվել է վարչության պետին՝ ապահովել նշված գույքի աճուրդով օտարման գործընթացը ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ որպես գույքի առանձին տարրեր: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Ափա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գործառույթների փոփոխության հետևանքով, հաշվի առնելով, որ հիմնարկի կառավարումը հանձնվել է մասնավոր օպերատորի, որի հետ 2004թ. փետրվարի 5-ին կնքվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Երևանի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու և Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրին ու Հայոց ցեղասպանության թանգարանին հարող տարածքների պահպանության ու շահագործման աշխատանքների բարելավման նպատակով, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և վերը նշված օրենքով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին: Որոշմամբ Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրին ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հարող և պետական սեփականություն հանդիսացող «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու 988332.0 քառ.մ տարածքը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացվել է Երևանի քաղաքապետարանի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հաստատել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, 30-օրյա ժամկետում գույքագրել և կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքում վարձակալական իրավունքով տրամադրած և ինքնակամ զբաղեցրած հողամասերի հետագա կարգավիճակի վերաբերյալ: Սահմանվել է, որ «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքում թույլատրվում է միայն հասարակական սպասարկման ոլորտի առաջին անհրաժեշտության ժամանակավոր (սեզոնային) կետերի գործունեությունը՝ բացառապես Երևանի քաղաքապետի թույլտվությամբ: Սույն որոշման ընդունման կապակցությամբ, համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը որոշել է նաև Երևան քաղաքի Նոր Նորք թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դավիթ-Բեկ փողոցին հարող հողատարածքի անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացնել 42 հա մակերեսով հողամաս և փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա: Որոշմամբ՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից հատուկ նշանակության հողերի կատեգորիա է փոխադրվել նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զբաղեցրած 62,50288 հա հողատարածքը:

Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն անհատույց հանձնել 9 մլն 476.4 հազար դրամի գույք: Որոշումն ընդունվել է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման (գանձման) և հսկողության գործառույթները ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու կապակցությամբ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու մարզի Բազումի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 0.6 հա այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշվել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 518.3 հա պահուստային ֆոնդի հողերից 518.2 հա-ն փոխադրել գյուղատնտեսական նշանակության, իսկ 0.05 հա-ն էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Այլ որոշումներով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի N 1505-Ն որոշմամբ հաստատված Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 1.1 հա-ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1341-Ն որոշմամբ հաստատված Լոռու մարզի Դսեղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 0.15 հա այլ հողերը փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ, որով հաստատված կանոնադրության մեջ լրացվել է նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպման և իրականացման գործառույթը: Դրան համապատասխան, հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին՝ ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով և հաստատել վերջինիս կանոնադրությունը:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով և սահմանել, որ այն իր կանոնադրական նպատակներն ու խնդիրները սկսում է իրականացնել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Որոշմամբ հաստատվել է նաև կրթության պետական տեսչության կառուցվածքը:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաշվի առնելով, որ ՀՀ 2004թ. պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների գծով մուտքերը դեկտեմբերի 29-ի դրությամբ շուրջ 2,3 մլրդ դրամով գերազանցել են դրանց գծով սահմանված տարեկան ծրագրային ցուցանիշը, կառավարությունը որոշել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարն ավելացնել համապատասխանաբար 1 մլրդ 757 մլն 965.8 հազար դրամով: Այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում:

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 29-ի «ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-ն որոշման մեջ: Կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ ՀՀ համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզի սահմաններում) գտնվող, ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շենքերի, շինությունների ցանկը սահմանելու մասին» N 1194-Ն որոշմամբ սահմանված ցանկին համապատասխան, մասնավորեցված կամ մասնավորեցվող արտադրական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի ուղղակի վաճառքի դեպքերում, 2005թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը այդ հողերի կադաստրային գների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող 0.15 գործակից, իսկ մասնավորեցված գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի ուղղակի վաճառքի դեպքերում՝ լրացուցիչ նվազեցնող 0.05 գործակից:

«Քրեակատարողական ծառայության մասին», ինչպես նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը քրեակատարողական ծառայողի բազային դրույքաչափը սահմանել է 8 հազար դրամ:

 

 

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ