ուրբաթ, 13 ապրիլի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հրավերով ապրիլի 12-18-ը Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների ու սենատորների ներկայացուցիչների պատվիրակությանը, որոնց մեջ կան և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների ներկայացուցիչներ: Ապրիլի 16-17-ին նրանք ծրագրել են այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ողջունելի նախաձեռնություն համարելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ մեր երկրի մասին անմիջականորեն ստացած տպավորությունները, որոնք ներկայացուցիչները կփոխանցեն ԱՄՆ կոնգրեսականներին ու սենատորներին, կնպաստի Հայաստանի վերաբերյալ ճիշտ և անկողմնակալ կարծիքի ու դիրքորոշման ձևավորմանը, ինչը կխթանի հայ-ամարիկյան հարաբերությունների առավել սերտացմանը՝ ի նպաստ երկու երկրների:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և սրտացավ վերաբերմունք դրսևորած կոնգրեսականներին ու սենատորներին՝ հույս հայտնելով, որ ամերիկյան նահանգներում ցեղասպանության ճանաչման ներկայիս դրական գործընաթցն ի վերջո կհանգեցնի պատմական արդարության նկատմամբ ԱՄՆ-ի միասնական և հստակ դիրքորոշման արտահայտմանը:
ՀՀ վարչապետի և ԱՄՆ կոնգրեսականների ու սենատորների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են նաև մայիսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանին նվիրված գործարար համաժողովից ակնկալիքներին, Հայաստանի գործարար միջավայրին, ներդրումների ներգրավմանը, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: