ուրբաթ, 13 ապրիլի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Էստոնիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Տոմաս Հենդրիկ Իլվեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշեց, որ անկախության հռչակումից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ ՀՀ-ի երկկողմ հարաբերություններն անհամաչափ են զարգացել: Ըստ նրա, ի տարբերություն Ռումինիայի, Բուլղարիայի, վերջին շրջանում նաև Լեհաստանի, հայ-էստոնական հարաբերություններն անցած տարիներին ակտիվ զարգացումներ չունեցան, սակայն այսօր ակնհայտ է, որ փոխգործակցության բավականին ոլորտներ կան՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, մաքսային և հարկային համակարգերի, մշակույթի ուղղությամբ և այլն:
ՀՀ վարչապետը կարևոր համարեց ետխորհրդային անցումային շրջանի հաջող հաղթահարման էստոնական փորձի փոխանակումը:
Ընդգծելով տնտեսական հարաբերությունների համար իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, Անդրանիկ Մարգարյանը համաձայնեց Էստոնիայի արտգործնախարարի այն տեսակետին, թե քաղաքական կամքի առկայության պարագայում կարող ենք ակտիվորեն սկսել համագործակցությունը:
Պարոն Հենդրիկ Իլվեսը ՀՀ վարչապետին տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է վերականգնել նախկին հարաբերություններն ու դրանք ժամանակի պահանջներին համապատասխան զարգացնել: Նախարարն ուրախությամբ նշեց, որ այսօր արդեն ՀՀ-ի հետ կստորագրվի «Գույքի և եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին» համաձայնագիրը: Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային խնդիրներ:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Էստոնիային՝ Եվրոխորհրդին Հայաստանի լիիրավ անդամակցության գործընթացում ցուցաբերած աջակցության համար և մաղթեց, որ այդ երկիրը հնարավորինս շուտ անդամակցի Եվրոպական միությանը: