Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 դեկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառման, տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրման և գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի և շահագործման կանոնների հետ կապված հարաբերությունների կանոնակարգման նպատակով:

Գործադիրը ի գիտություն է ընդունել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության արդյունքների մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած ամփոփ հաշվետվությունը: Նշվել է, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված՝ նշված կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգի պահանջների, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ առկա պետական մասնակցությամբ 872 առևտրային կազմակերպություններից օրենսդրությամբ սահմանված կարգով եզրակացություններ են տրամադրել 50, հայտնաբերված թերությունների և խախտումների վերաբերյալ տեղեկատվություն՝ 36, իսկ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվություն՝ 98 կազմակերպություններ: Ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ հաշվետվության մեջ նշվել է, մասնավորապես, որ ընկերությունների մի մասում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվել, կամ ձևավորվել են միայն վերջին շրջանում, դրանց ձևավորումը և գործունեությունը կրում է ձևական բնույթ, չլուծված է մնում վերստուգող հանձնաժողովների՝ մասնագետ կադրերով ապահովվածության խնդիրը և այլն: Ելնելով այդ ամենից, հաշվետվության մեջ նշվել են նաև նկատված հիմնախնդիրների լուծմանն ուղղված ուղիներն ու միջոցառումները: Կարևորվել են, մասնավորապես, վերստուգող հանձնաժողովների անդամների ընտրության կարգի և նրանց ներկայացվող չափանիշների սահմանման, ընկերությունների կառավարման մարմիններից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության անկախության իրական մեխանիզմների ներդրման և այլ հարցերը: Հանձնարարվել է ՀՀ նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝ հիմք ընդունելով հաշվետվության մեջ նշված հսկողության արդյունքներն ու եզրակացությունները, քննարկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմի և գործունեության համապատասխանության հարցը, միջոցներ ձեռնարկել առկա թերությունները վերացնելու համար, ինչպես նաև մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկություններ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմի ձևավորման և գործունեության կանոնակարգը:

ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 4-ի N 995-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կանոնադրության համապատասխան, գործադիրը ակադեմիայի անվճար ուսուցման համակարգի ունկնդիրների կրթաթոշակի չափը սահմանել է 48600 դրամ:

Նիստում կառավարությունը որոշել է Էդվարդ Իսաբեկյանի ալբոմի հրատարակման նպատակով ՀՀ 2004թ. պետական բյուջեից կատարվող հատկացումների ֆինանսավորումը՝ 3 մլն 592 հազար դրամի չափով, իրականացնել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Հոբելյանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր» ծախսային ծրագրով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված հատկացումների հաշվին:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 5 մլրդ 66 մլն 475.8 հազար դրամով: Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման ցուցանիշներում: Որոշմամբ կառավարությունը իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլրդ 848 մլն 161.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորման նպատակով Լինսի հիմնադրամի կողմից 2004թ. ՀՀ կառավարությանը տրամադրված դրամաշնորհի միջոցների հաշվին:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 11-ի «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 386-Ա որոշմամբ ստեղծված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (Զանգեզուրի ՊՄԿ) մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության արդյունքները, գործադիրը որոշել է նշված ընկերության պետական սեփականություն հանդիսացող 957334 հատ բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են Զանգեզուրի ՊՄԿ կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, մասնավորեցնել «Քրոնիմետ» ընկերությանը (Գերմանիա), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» ՓԲԸ-ին, «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բաժնետոմսերի համապատասխանաբար 60, 15, 12,5 և 12,5 տոկոս հարաբերակցությամբ: Գնորդների կողմից ներդրումները, ըստ որոշման, հիմնականում ուղղված են լինելու ՀՀ-ում կազմակերպելու ժամանակակից պահանջներին համապատասխան հանք վերամշակող ձեռնարկություն, տեղական հումքային բազայի վրա հիմնված բնապահպանական նորմերին բավարարող, շահութաբեր մետալուրգիական արտադրություն՝ պրոցեսների լրիվ շրջափուլով և վերջնական մետաղաարտադրանքով:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2004թ. իր պահուստային ֆոնդից 1 մլն 233.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ՀՀ 2003թ. պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում 2003թ. դեկտեմբեր ամսվա նպաստի դիմաց վճարում իրականացրած կազմակերպության մատուցած ծառայության և Վանաձոր ու Հրազդան քաղաքների ծրագրերում ընդգրկված անձանց վճարման ենթակա նպաստի գծով գոյացած պարտքը մարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ վերաբաշխման արդյունքում ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների 83 մլն 142.7 հազար դրամի ավելացումն ուղղել ծրագրի շրջանակներում 2004թ. շահառուների կարիքների համար գնման ենթակա բնակարանների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՏԱՍԻՍ-ի 2004թ. Հայաստանի գործողությունների ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու վերաբերյալ: Որոշումը հնարավորություն կտա համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ի՝ 216 հա անտառազրկված հողերի գերակշիռ մասը մտցնել գյուղատնտեսական շրջանառության մեջ, օգտագործել ավելի արդյունավետ ու նպատակային:

Գործադիրը հաստատել է ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման ու շահագործման մակարդակի գնահատման եղանակի, աշխատանքների կատարման և աշխատանքների ընդունման մեթոդական ցուցումները: Սահմանվել է, որ պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման ու շահագործման կապալի պայմանագրերը կնքվում են 3 տարի ժամկետով: ՀՀ վարչապետն առաջարկել է պետական ճանապարհաեզրերի անտառային շերտի պահպանումը ևս ներառել որոշման մեջ՝ դրա պահպանման ու սպասարկման խնդիրները դնելով այդ ճանապարհների պահպանման և շահագործման պատասխանատուների վրա:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը»: Ըստ այդ փաստաթղթի, փորձաքննությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ օգտակար հանածոների պաշարների գործակալության միջոցով հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած և հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ ավազանային կառավարման տարածքները: Որոշման ընդունումը պայմանավորված է ջրային ռեսուրսների օպերատիվ և արդյունավետ կառավարման, ջրային ռեսուրսների պահանջարկի և առաջարկի ձևավորման հստակեցման անհրաժեշտությամբ, որը կհանգեցնի ազգային ջրային պաշարի ավելացմանը և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ Ջրի ազգային ծրագիրը ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ավազանային կառավարման պլանները:

Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ռադիոակտիվ նյութերի, այդպիսիք պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման, օգտագործման, փոխադրման լիցենզավորման կարգերն ու լիցենզիայի ձևերը: Հաստատվել են նաև ռադիոակտիվ նյութերի, այդպիսիք պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ ՀՀ-ից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը:

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևը և դրանց կիրառման կանոնները: Որոշվել է նաև թույլատրել մեծությունների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար մեծությունների արտահամակարգային միավորների կիրառումը՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը:

Կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ֆինանսական վարձակալության կամ բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ապրանքների ձեռքբերման դեպքում հարկման համահավասար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ:

Նիստում, ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համաձայն, հաստատվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան գործադիրը որոշել է լուծարել «Ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի, նետաձգության և մականախաղի մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշվել է նաև ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված և նշված կազմակերպության լուծարման հետևանքով ազատված ֆինանսական միջոցները նպատակաուղղել «Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորմանը՝ համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Որոշման ընդունումը պայմանավորված է գործող օրենքի մի շարք բացերի և թերությունների շտկման, ինչպես նաև մաքսային, հարկային և քաղաքացիական ծառայությունների համար իրավունքներ և պարտականություններ սահմանող մի շարք նորմեր միևնույն հարթության վրա բերելու անհրաժեշտությամբ:

Օրակարգում ներառված հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է, որ ՀՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքը դրոշմավորելու համար «2005» թվագրումով ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում 2004թ. դեկտեմբերի 10-ից, ինչպես նաև 2004թ. դեկտեմբերի 10-ի դրությամբ ալկոհոլային խմիչքի «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ՀՀ-ում ալկոհոլային խմիչք արտադրողներին կարող են տրամադրվել նաև «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր:

Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն որոշման մեջ, որով նախարարության աշխատակազմում ավելացվել է Սոցիալական վճարների և եկամտահարկի հսկողության վարչությունը:

Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ նախագահին՝ 2004թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մի քանի տասնյակ օրինագծերի ընդունման նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ