Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 նոյեմբերի 2004



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական գույքի մասնավորեցման գործընթացի մասին 2004թ. երրորդ եռամսյակի հաշվետվությանը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվետվությունը ներառել է մասնավորեցման մեթոդական դաշտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքը, պետգույքի մասնավորեցման և ընկերությունների լուծարման գործընթացները, ինչպես նաւ 2004թ. երրորդ եռամսյակում մասնավորեցված պետական գույքի դիմաց կատարված վճարումները: Տեղեկանքի տեսքով ներկայացվել են նաև ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների և պետգույքի մասին տվյալները, մրցույթով մասնավորեցման ներկայացված ընկերությունների և մրցույթի արդյունքների մասին տվյալները, ինչպես նաև աճուրդով մասնավորեցված ընկերությունների, պետական գույքի և աճուրդի արդյունքների մասին տվյալներն ու լուծարման գործընթացի վերաբերյալ տեղեկանքը:



Մարզպետարանների կամ որևէ պետական կառավարման մարմնի, ընկերության հաշվեկշռում չընդգրկված, ուստիև՝ հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների խնդիրը ձևակերպելու և լուծում տալու նպատակով, կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Լոռու և Շիրակի մարզպետարանների ներկայացուցիչները: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և հանձնաժողովին ներկայացնել իրենց տնօրինության հաշվեկշռային արժեքներ չունեցող անավարտ շինարարության օբյեկտների ցանկը:



Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի ծառայություններ մատուցելու համար լիցենզիա տրամադրելու մասին որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 3-ի N 1466-Ա որոշումով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացրած մրցույթի արդյունքները և մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչել Ղ-Տելեկոմ փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշակի հանձնարարականներ են տրվել տրանսպորտի և կապի, արդարադատության նախարարներին:



«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության ռադիոակտիվ նյութեր պարունակող ու գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի, ինչպես նաև հայտի ձևերը: Որոշման նպատակն է կանխել ՀՀ մաքսային սահմանով նշված նյութերի ու սարքերի չթույլատրված տեղաշարժը և ապահովել մարդկանց պաշտպանվածությունը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից:



Մեկ այլ որոշմամբ հաստատվել է սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության փորձարկումների կազմակրպման կարգը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտցնելուց հետո, վեցասյա ժամկետում ապահովել որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը:



«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող գյուղատնտեսական գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունների ցանկը: Դրանում ընդգրկված կազմակերպությունների համար նշված արտոնությունը կկիրառվի այն հողերի մասով, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով: Սահմանվել է, որ նպատակային նշանակության նկատմամբ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները:



Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ: Կանոնադրությամբ՝ որպես նախարարության նպատակ և խնդիր նախատեսված միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը լրացվել է դրանից բխող գործառույթներով (միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից վարկեր և դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանք ստանալուն ուղղված առաջարկություններ, դիմումներ, խնդիրներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, բանակցելու և այլն):



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է նաև «Սպասարկում և մատակարարում» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել Սիսիանի կենտրոնական շրջանային հիվանդանոցին կից անավարտ շինարարության օբյեկտը, և այն հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Անավարտ շինարարական այդ օբյեկտը որոշվել է ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արա Թադևոսյանին:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 11-ի «ՀՀ կառավարության 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242 -Ա որոշման մեջ: Ըստ այդմ, բնակելի տների տանիքների վերանորոգման համար բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և հրդեհված տների ընտանիքներին՝ տուն գնելու համար հատկացված 31 մլն դրամ գումարի իրացումից տնտեսված 4 մլն 124 հազար դրամը նպատակահարմար է համարվել ուղղել Տավուշի մարզպետարանի շենքի և ընդունելությունների տան վերանորոգման աշխատանքներին, որոնք նույնպես վնասվել են աղետի հետևանքվ:



«Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի գլխավորությամբ: Որոշմամբ հաստատվել է խորհրդի գործունեության կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 12-ի N 238 համապատասխան որոշումը:



Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի «ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման մեջ, կառավարությունը հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանին և ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին:



Մեկ այլ որոշմամբ, «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապետական մարզադպրոց» պետական առևտրային կազմակերպությունից գործադիրը հետ է վերցրել վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը, այդ թվում՝ շենքերն ու շինությունները և թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել այն «Կինետիկ» ՍՊԸ-ին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված գույքի ոչ բարվոք վիճակով և դրա հետագա շահագործման համար խոշոր կապիտալ ներդրումների կատարման անհրաժեշտությամբ:



Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի «Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները պետական կառավարման համապատասխան մարմիններին վերապահելու, մի շարք տնտեսական ընկերություններ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված կազմակերպական իրավական ձևի ձեռնարկությունները լուծարելու մասին» N 1833-Ա որոշման մեջ: Մասնավորապես, այդ որոշմամբ լուծարման ներկայացված ձեռնարկությունների հիմնադրի լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:



Կառավարությունը որոշել է Էջմիածին քաղաքային համայնքում գտնվող՝ «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված պետական սեփականության հողերից 4 հեկտար հետ վերցնել և տեղափոխել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ որպես պատմական և մշակութային հողեր՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:



Նիստում գործադիրը որոշել է պաշտոնանկ անել Կոտայքի մարզի Ողջաբերդի գյուղական համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանին՝ սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ գյուղի բնակիչների վերաբնակեցման նպատակով պետական աջակցության տրամադրման աշխատանքներում թույլ տրված սխալների և բացթողումների համար: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից «ՀՀ տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1074 որոշման կատարման ընթացքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված սխալների և բացթողումների շարքում նշվում է, որ տեխնոլոգիական և տարերային աղետների նվազեցման ու դրանց հետևանքների վերացման հետ կապված չի կատարվել համայնքի ղեկավարի լիազորությունները: Այս ամենը Կոտայքի մարզպետի համար հիմք է ծառայել Ողջաբերդի համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու կառավարությանը: Նիստում որոշվել է անցկացնել գյուղական այդ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 55706 դրամ՝ ՀՀ կառավարության 2004թ. պահուստային ֆոնդի հաշվին:



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Ինստիտուտի ընդհանուր կառավարման և բնականոն գործունեության, ինչպես նաև նշված օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:



Կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որը վերաբերում է մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումներին: Նման դեպքերի համար օրենքով սահմանվում է հաստատագրված վճարի նվազագույն չափ, որը որոշվում է տվյալ երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան: Դա հնարավորություն կտա բացառել ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից մրցույթով շահած տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոմեքենաների թերհայտարարագրումը:



Գործադիրն ի գիտություն է ընդունել նաև «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ընթացքի մասին (01.07.2004թ. - 01.10.2004թ.)» հաշվետվությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակաշրջանում որոշակի աշխատանքներ են իրականացվել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի նիստում հաստատված և օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «ՀՀ-ում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» N 963-Ն որոշմամբ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Դրանք հիմնականում նպատակաուղղված են եղել սոցիալական քարտերի համակարգի կիրառման ապահովմանը: Միաժամանակ շարունակվել են քաղաքացիներին սոցիալական ապահովության քարտեր հատկացնելու գործընթացի արդյունավետության բարձրացման, հասարակական իրազեկման աշխատանքները, որոնք ըստ զեկուցողի, արդյունավետ են եղել նաև մարզերում: Ըստ զեկուցողի, իրականացված միջոցառումների արդյունքում, 2004թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ, լիազորված մարմին է ներկայացվել սոցիալական քարտ ստանալու 1 մլն 850 հազար հայտ, որոնցից փաստացի մշակվել է 1 մլն 840 հազարը: Տպագրվել և իրավասու մարմիններ է ուղարկվել 1 մլն 410 հազար սոցիալական քարտ, իսկ 430 հազարը մերժվել է: Հաշվետվության ընթացքում անդրադարձ է եղել նաև սոցիալական ապահովության քարտերի ներդրման աշխատանքներն իրականացնելիս առաջացած խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցառումներին:



Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաշվետվության մասին որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ 15-օրյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով հայտնաբերել իրենց համայնքների այն բնակիչներին, ովքեր դեռևս չունեն ՀՀ քաղաքացու անձնագիր և ապահովել նրանց անձնագրերի տրամադրումը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեղական բաժանմունքների հետ, համայնքների ուժերով անձնագրերի տրամադրումն իրականացնելու անհնարինության դեպքում, առաջարկություններ ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հանձնարարվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ամփոփել ստացված առաջարկությունները և առկա խնդիրների լուծման վերաբերյալ 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն: Որոշումից բխող հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և մաքսային պետական կոմիտեի նախագահին:



Կառավարությունը հավանում է տվել նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ 1994թ. հուլիսի 31-ի N ՀՕ-115 օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ (գործողության մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից), որով կարգավորվում են նաև օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները:







Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ