շաբաթ, 30 հոկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է 4-ամսյա նավարկությունից հետո հայրենիք վերադարձած «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին:
Բարի գալուստ մաղթելով նավարկության բոլոր մասնակիցներին, վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ պատմական ծովային արշավի առաջին փուլը բարեհաջող անցկացնելու համար: Նա մեկ անգամ ևս կարևորել է «Կիլիկիայի» նավագնացության նշանակությունը հայոց պետականության գաղափարի տարածման, հայության համախմբման գործում: Վարչապետը նշել է, որ հայրենիքում հպարտությամբ և հուզմունքով էին հետևում նավարկությանը, այդ ընթացքում նավի ու անձնակազմի հաղթահարած փորձություններին և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել 2005թ. մայիսին իրականացվելիք երկրորդ նավարկությանը: Վարչապետն ընդգծել է «Այաս» ակումբի ընդլայնման և զորացման անհրաժեշտությունը, նշելով, որ այդ ուղղությամբ ևս պատրաստ է օժանդակել:
«Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը, նավի տարեգիր, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, անձնակազմի մյուս անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և կառավարությանը՝ ամբողջ արշավի ընթացքում անձնակազմին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Ներկայացնելով նավարկության ընթացքը, տարբեր երկրների (այդ թվում` Կիլիկիայի) շուրջ 3 տասնյակ նավահանգիստներում տեղի բնակչության և հատկապես սփյուռքահայության հետ հուզիչ հանդիպումները, նրանք հույս են հայտնել, որ պետության աջակցությամբ կկարողանան հաջողությամբ ավարտին հասցնել «Կիլիկիայի» աննախադեպ ծովային արշավը:
Հանդիպման ավարտին Կիլիկյան հայ նավաշինարարության և ծովագնացության ավանդույթների վերականգնման և պրոպագանդման գործում ցուցաբերած ավանդի համար վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Կիլիկիայի» անձնակազմի բոլոր անդամներին խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: