Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հոկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2005թ. պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: Հանձնարարվել է ՀՀ 2005թ. պետբյուջեի նախագծում կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և կառավարությանն առընթեր ոստիկանության 2005թ. պահպանման ծախսերի նախահաշիվները ներկայացնել նույն ֆորմատով, որով այդ մարմինների պահպանման ծախսերի նախահաշիվները ներկայացված են եղել 2004թ. պետբյուջեի նախագծում:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Հակակոռուպցիոն ռազմավարության և ՀՀ 2005-2007թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի պահանջները, պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2005թ. տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղել ձեռք բերված տնտեսական աճի բարձր կայուն տեմպերի պահպանմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, բնակչության, հատկապես սակավ ապահով խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը, գործազրկության շարունակական նվազեցմանն ու դեռևս առկա սոցիալական և տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը: Ներկայացված օրինագծով ի գիտություն է ընդունվել, որ ՀՀ 2005թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով՝ 402.6 մլրդ դրամ, (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 450.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների): Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 47.5 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005թ. բյուջեն կկազմի. եկամուտների և ծախսերի գծով՝ համապատասխանաբար 85.1 մլրդ դրամ: Այդ եկամուտները ներառում են անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետբյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները: ՀՀ համայնքների 2005թ. բյուջեները կկազմեն. եկամուտների և ծախսերի գծով՝ համապատասխանաբար 28.3 մլրդ դրամ: Եկամուտներում ներառված են պետբյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները: ՀՀ 2005թ. պետական բյուջեն առաջարկվել է հաստատել. եկամուտների գծով՝ 327,9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 375,4 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 47, 5 մլրդ դրամ: Սղաճը նախատեսվում է մինչև 3 տոկոս:

Նախագծով մակրոտնտեսական զարգացումների արդյունքում 2005թ. կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8 տոկոս աճ, որը և դրվել է բյուջետային ցուցանիշների հաշվարկման հիմքում: Մասնավորապես, կաճեն սոցիալական ոլորտի համար նախատեսված ծախսերը: Սոցիալական ապահովության միջոցառումների՝ տարեցներին, հաշմանդամներին, գործազուրկներին ուղղված և սոցիալական այլ ծառայությունների համար նախատեսվող հատկացումները կկազմեն 3 մլրդ 794.4 մլն դրամ, կամ 606.1մլն դրամով ավելի, քան 2004թ.: Առողջապահության ոլորտին կհատկացվի 32 մլրդ 326.4 մլն դրամ (առանց առողջապահության բնագավառում պետական կառավարման ծախսերի), որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 31.9 տոկոսով: Կրթության ոլորտի զարգացմանը հատկացվող գումարը կկազմի 55 մլրդ 399.2 մլն դրամ, ծախսերի աճը նախորդ տարվա համեմատ՝ 22.6 տոկոս, դրա հիմնական մասը կուղղվի հանրակրթական ոլորտին, ինչը հնարավորություն կտա 2005թ. ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը բարձրացնել 65.3 տոկոսով՝ հասցնելով շուրջ 50.5 հազար դրամի՝ մոտավորապես ապահովելով ուսուցիչների տարեկան միջին աշխատավարձի հավասարեցումը մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի չափին: Նույն տոկոսներով կբարձրացվի նաև վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը և կկազմի 51.7 հազար դրամ: Ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը, բարձրացման արդյունքում, կկազմի 21.2 հազար դրամ: 15 տոկոսով կաճեն մշակույթի, տեղեկատվության և սպորտի բնագավառում նախատեսված հատկացումները: Արդյունքում, մշակույթի ոլորտի գրադարանների, թանգարանների, մշակույթի տների, կենտրոնների և մշակութային այլ հիմնարկների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 50 տոկոսով:

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2004թ. աշխատանքային միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 2004թ. ինն ամիսների հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ նախարարի, հաշվետու ժամանակահատվածում ցանկում մնացած և կատարման ենթակա 122 հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են: Ընդհանուր թվով 163 հանձնարարականներից 20-ը օբյեկտիվ պատճառներով հանվել է ցանկից, իսկ 21-ը տեղափոխվել՝ 4-րդ եռամսյակ: Տեղեկանքի համաձայն, 122 հանձնարարականներից 37-ը (30,3%-ը) կատարվել է ուշացումով: Ընդ որում, առավել շատ (4-ական) ուշացումով հանձնարարականներ ունեն ՀՀ գիտության և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները: Նշվել է, որ միջոցառումների կատարողականին ամբողջական անդրադարձ կլինի և որոշակի եզրակացություններ կարվեն նախարարությունների ու գերատեսչությունների 2004թ. հաշվետվությունները լսելիս:

Կառավարությունը հավանություն է տվել «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ռազմավարական զարգացման հեռանկարային նպատակներն ու հիմնախնդիրները, որոնց հիման վրա կսահմանվեն ջրօգտագործման գերակա սկզբունքները: Օրենքի ընդունումը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, լիարժեք պահպանությանը և նպատակաուղղված օգտագործմանը, ինչպես նաև ազգային ջրային պաշարների պահպանմանն ու ավելացմանը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրինագծին, որով սահմանվում են ՀՀ-ում ՀԴՄ-ների կիրառման ոլորտները, դրանցում մինչև 2010թ. ՀԴՄ-ների պարտադիր ներդրման ժամանակացույցը և ՀԴՄ-ներ կիրառողների շրջանակները, ինչպես նաև այն գործունեության տեսակները, որոնց իրականացման դեպքում ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր չէ: Նախատեսվում է, որ հեռավոր, սահմանամերձ և լեռնային բնակավայրերում (որոնց ցանկը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը) գործունեություն իրականացնող անձանց համար կարող են սահմանվել ՀԴՄ-ների ներդրման այլ ժամկետներ: Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի կատարելագործել տնտեսվարող սուբյեկտների կողմից բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների հսկողության մեխանիզմները, ինչը նպատակաուղղված է նաև սպառողների շահերի պաշտպանությանը: Նույն որոշմամբ, օրինագծի ընդունման կապակցությամբ, հավանություն է տրվել նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին:

ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 22 մլն 930 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ հակակարկտային կանյոնների ձեռքբերման և տեղադրման գործընթացում 2004թ. պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով:

Առանձին որոշումներով, ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 23-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք 7-րդ դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» N 1337-Ն որոշման համապատասխան, գործադիրը ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004թ. մարտի 22-ին փոխանակված Հայտագրի համաձայն որոշել է Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրվելիք «KUBOTA M 5700» մակնիշի 39 միավոր տրակտորը համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, ինչպես նաև 2550 տոննա ամոնիակային սելիտրան իրացնել աճուրդային եղանակով: Գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ամոնիակայաին սելիտրայի մեկ տոննայի մեկնարկային գինը՝ 74 հազար դրամ:

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել նշված իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին, ըստ որի շարժական գույքի տարբեր տեսակների և գործառույթների գծով լիազոր մարմին են ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարությունները:

ՄԱԿ-ի 1998թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, գործադիրը որոշել է այդ փաստաթղթով սահմանված վարչարարական գործառույթներն իրականացնող ազգային մարմնի իրավասությունները վերապահել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության և պաշտպանության նախարարների հետ համատեղ, եռամսյա ժամկետում սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել կառավարություն՝ կոնվենցիայով կարգավորման ենթակա քիմիական նյութերի և թունաքիմիկատների արգելման, խիստ սահմանափակման կամ թույլատրման վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանն են վերապահվել նաև ՄԱԿ-ի 2001թ. մայիսի 23-ին ստորագրված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով այդ փաստաթղթով սահմանված ազգային համակարգող կենտրոնի իրավասությունները:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքի անվտանգության պահանջները» տեխնիկական կանոնակարգը: Դրանից որոշ կետեր հանվել են՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի ընդունման ժամանակ քննարկելու պայմանով: Որոշման ընդունումը բխում է գազի տնտեսությունների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

«Համապատասխանության գնահատման մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման և հետագա տնօրինման կարգը: Դրանում հստակեցված է մաքսային և արտադրանքի սերտիֆիկացման մարմինների, ինչպես նաև ՀՀ արտադրանքի ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները: Որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ռադիոէլեկտրոնային այն միջոցների ու սարքավորումների ցանկը, որոնց վրա չի տարածվում նշված կարգի գործողությունը:

Նիստում հաստատվել է նաև կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2004թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 37 մլն 396,669 հազար դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2004թ. հունվար-հունիս ամիսներին արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդից վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար:

Մեկ այլ որոշմամբ 54.25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացվել նաև ՀՀ էներգետիկայի նախարարությանը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ստատորի պահպանության գծով ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև սոցիալական հարցերի և աշխատուժի տեղաշարժի բնագավառներում համագործակցության մասին», «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կատարի պետության քաղաքացիական ծառայության և բնակարանային հարցերի նախարարության միջև Կատարի պետության տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում Կատարի պետության քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «ՀՀ պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև պաշտպանական նշանակության գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին», «ՀՀ կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Նիստում որոշում է ընդունվել ՀՀ սեփականություն հանդիսացող, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող Երևանի Րաֆֆու փողոցի N 70, 71 և 72 շենքերին կից կառույցի առաջին հարկի 191 քմ մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը, որպես համարժեք փոխանակություն, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Սեբաստիայի փողոցի N 18 շենքի 97 քմ ընդհանուր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքի հետ փոխանակելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Թևոսյան 14 հասցեում գտնվող N 42 285 զորամասի զբաղեցրած տարածքը՝ շենքերով և շինություններով հանձնել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին, իսկ վերջինիս հանձնված պետական սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Ադմիրալ Իսակով 68 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած տարածքը՝ շենքերով և շինություններով, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օբյեկտների արդյունավետ կառավարման և օգտագործման նկատառումներով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի մասին» N 762 որոշման մեջ, որը նպատակ ունի կանոնակարգել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից, առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման, 18 և ավելի մարդ տեղափոխելու համար նախատեսված ավտոմեքենաների ներմուծման գործընթացը:

Հավանություն է տրվել ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրինագծին, որով նախատեսվում է, մասնավորապես, ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և դրանց կիրարկման կարգը և ժամանակացույցը հաստատել ջրային ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից մեկ տարի հետո:

Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ