Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 փետրվարի 2020

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2020 թվականի համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառվել են նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք: «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ 2020 թ.-ին շարունակվում է նախկին ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համապատասխան որոոշման պահանջները համապատասխանեցնել օրենքին:

Ֆինանսական աջակցություն կտրամադրի ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:
«Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն իսկ ընթանում են քննարկումներ կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ: «Կուսակցությունների մասին օրենքով նաև վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ պառլամենտական երկրում քաղաքական ուժերի, կուսակցությունների կայացումը կարևորագույն գործոն է հետագա քաղաքական գործընթացների համար: Ընդհանուր առմամբ, այս քննարկումները շատ կարևոր են, որպեսզի լինեն հնարավորինս ներառական: Ինչպես նաև կարծում եմ, որ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը որևէ վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով մենք պետք է նաև հնարավորինս խթանենք, որ երիտասարդներն ունենան կուսակցական, քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն և շահագրգռվածություն »,-նշել է փոխվարչապետը:

                                                   Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության հավանությանն են արժանացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել առկա կարգավորումների գործողության ժամկետը մինչև 2020 թ. հուլիսի 1-ը: Օրենքներով ցեմենտի ներմուծումը համարվել է ծանուցման ենթակա գործունեություն, որի համար սահմանվել է պետական տուրք: Հիմնավորման համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2019 թ. տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական և ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները: Նշված համատեքստում քննարկվել է նաև ցեմենտային կլինկերի ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն սահմանելու նպատակահարմարության հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Առավել իրատեսական գնահատականներ տալու համար նպատակահարմար է գտնվել ևս որոշակի ժամանակահատված դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կայացնել վերջնական որոշում: Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ներքին շուկայում տնտեսվարողների համար ապահովել հավասար պայմանների շարունակականությունը:

Օրինագծի վերաբերյալ Տիգրան Ավինյանը նշել է. «Այս կարգավորմամբ, մենք նախատեսել էինք պետական տուրք միայն ցեմենտի ներմուծման համար, կլինկերի ներմուծման համար որևէ տուրք սահմանված չէր: Կան նաև ընկերություններ, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրում են ցեմենտ՝ ներմուծված կլինկերի հիման վրա: Այս նախագծով ընդամենը երեք ամսով երկարաձգում ենք ժամկետը: Կարծում եմ՝ կհասկանանք հետագա կարգավորումների չափը, և արդյոք կլինկերի համար նույնպես պետական տուրք պետք է սահմանել թե ոչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեմ՝ այդ կերպ նպաստելով ընտանիքների միասնությանը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին։ Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելելը։ Առաջարկվող լրացումով հստակեցվում է hորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեպքում (այդ թվում` երբ արարքն իրականացվել է բուժաշխատողի կողմից, կայնքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով) նախատեսվող քրեական պատասխանատվության հարցը։

Հավանություն է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում: Մասնավորապես՝ կսահմանվեն և կհստակեցվեն լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը։ Համաձայն ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ լիզինգի պորտֆելը կավելանա 2 անգամ՝ մինչև 2023 թվականը:

Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման oրինակելի ձևը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշումը: Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ 2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են: ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ: Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա: «Ուղղակի, պետք է նաև հստակ գիտակցենք, որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»,- նշել է փոխվարչապետը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ