չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես քննարկվել է և հաստատվել` ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի (ՓՀԳՀ) հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթևան» երիտասարդ մարդկանց ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Էջմիածին քաղաքում հանրակացարանի շենքի վերափոխման - վերակառուցման շինարարական ծրագիրը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից Հայաստանում ԱՄՆ-ի «Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների» հիմնադրամի գիտական շնորհների կազմակերպչական աջակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը, «Բժիշկներ առանց սահմանների. Բելգիա» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բուժօգնության մատչելիության բարելավում Վարդենիսի և Ճամբարակի շրջաններում» իրականացվող ծրագիրը, «Շվեդական ապավեն» բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից բուժծառայության և սպասարկման ծրագիրը, «Ֆրանսիայի Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Փյունիկ» հաշմանդամների միության համար կառուցվող շենքի շինարարություն» ծրագիրը, ինչպես նաև «Գյումրիի վերածնունդ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Գյումրիում «հուշահամալիր» կոթողի կառուցման ծրագիրը, «Սյունիքի մարզի սերմարտադրողների իրավաբանական անձանց միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, «Ատամնաբուժության զարգացման միջազգային միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անապահով խավերին անվճար ատամնաբուժական օգնություն» ծրագիրը: Նիստում քննարկվել և հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։