Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 դեկտեմբերի 2019

Անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը


Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում և ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը և բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը:

Լավատեղյակ լինելով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման և օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված և խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:

Կարծում եմ՝ Խորհրդի առջև դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել և վերաձևակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։

  • Բռնության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, փողոցում։ Յուրաքանչյուր ոք, անկախ սեռային պատկանելությունից, իրավունք ունի ապրելու բռնությունից ու ատելությունից զերծ միջավայրում։ Եվ եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն:
  • Խտրականության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կլինի դա աշխատանքի ընդունվելիս, թե ծառայություններ ստանալիս՝ ցանկացած հիմքով խտրականությունը մեզ համար պետք է լինի մերժելի ու պատժելի արարք։
  • Կանանց տնտեսական զորեղացում։ Գաղտնիք չէ, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում։ Պետությունը, հանրային լայն համագործակցության միջոցով, պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները՝ այդպիսով խրախուսելով կանանց ու տղամարդկանց տնտեսական հավասարությունը և խթանելով ներառական տնտեսական զարգացումը։ Շատ կոնկրետ գործողություններ արդեն իսկ նախատեսվել են «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակներում և կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում այդ գործողությունները կյանքի կկոչվեն:
  • Եվ վերջինը վերաբերում է ընդհանուր կանխարգելման ինստիտուտին. խտրականության, բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին է խոսքը, որոնց թվում են առկա կարծրատիպերի վերացումը, ատելության խոսքի բացառումը։ Այս համատեքստում կարևոր է հատկապես դպրոցի ու մեդիայի դերը, որը պետք է բացառի խտրականություն քարոզող բովանդակության տարածումը։

Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։

 

Օգոստոս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ