Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 սեպտեմբերի 2019

Փրկարարների և անտառապահների աշխատավարձերը կբարձրանան. կառավարությունը տրամադրեց ֆինանսավորում






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը քննարկել և հաստատել է Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Համակարգի ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման արդյունքում նախընտրելի տարբերակի ընտրություն: Ակնկալվում է, որ համակարգի ներդրման արդյունքում կբարձրանա կայացվող որոշումների որակը, քանի որ պայմաններ կստեղծվեն երկրում փաստերի և վերլուծությունների վրա հիմնված արդյունավետ, որակյալ և թափանցիկ որոշումների ընդունման, ինչպես նաև որոշում կայացնողների հաշվետվողականության բարձրացման համար։ ԿԱԳ վերլուծության իրականացումը հնարավորություն կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության, դրա առանձին ուղղությունների վրա, կապահովի շահառուների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ վերը նշված մեխանիմզների կիրառումը կառավարության հիմնական քաղաքականության ուղենիշներից մեկն է: «Կարծում եմ, որ իրավական կարգավորումները, այն որոշումները, որոնք ընդունում է կառավարությունը, այն օրենքները, որոնք հաստատում է Ազգային ժողովը, խոսքը խոշոր փաթեթների մասին է, որոնք էապես ազդում են տնտեսության ճյուղերի վրա, պետք է հիմնավոր ազդեցության գնահատման ենթարկվեն։ Եվ մենք՝ բոլորս, պետք է տեղեկացված որոշումներ կայացնենք և իմանանք այդ որոշումների գինն ինչ է՝ տնտեսական, ֆինանսական առումով, շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություն կունենան: Կարծում եմ շատ կարևոր ինստիտուտ ենք ներդնում»,- ասել է փոխվարչապետը:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Ապրանքների առևտուրը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առևտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»:

Հավանություն է տրվել նաև «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Միաժամանակ, համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության ու անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ամբողջական փաթեթի բաղկացուցիչ մաս: Ի լրումն ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրին, որով ազատականացվում է ապրանքերի առևտուրը, համաձայնագիրը, ըստ էության, ազատականացնում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Ի տարբերություն ՀՀ կողմից նախկինում կնքված նմանատիպ համաձայնագրերի` Համաձայնագիրը ներառում է նաև գլուխ ծառայությունների առևտրի մասին և համապատասխան հավելվածներ, որոնք ներառում են այն ոլորտները, որտեղ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերի, առկա են որոշակի սահմանափակումներ օտարերկրացիների, այդ թվում` սինգապուրցիների համար: Ընդ որում` նախատեսված է նաև առանձին հավելված հետագայում հնարավոր կիրառելի սահմանափակող միջոցների վերաբերյալ: Հարկ է նշել նաև, որ այսպիսի մոտեցումը նմանատիպ համաձայնագրերում սկսել է կիրառվել վերջին տարիներին և համահունչ է միջազգային լավագույն փորձին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս համաձայնագրով Հայաստանից արտահանումը դեպի Սինգապուր ամբողջությամբ ազատվում են մաքսատուրքերից:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ գործարարներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել վերը նշված համաձայնագրերը՝ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար:

Կառավարությունն արտոնություններ է տրամադրել ներդրումային նոր նախագծերի իրականացման ծրագրերին

Գործադիրը «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրել՝ ֆոտովոլտային պանելների արտադրության իրականացման համար: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 ԱՄՆ դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 1000 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 4 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Գործադիրը բավարարել է «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Գործադիրը բավարարել է նաև «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14,491,272,158 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 16,023,320,000 դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2,920,680,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել:

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվում է պետությանը

Կառվարությունն հաստատել է որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշում: Որոշմամբ նախատեսվում է ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:

Որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընկերության գույքի կազմից առանձնացվելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:

Նախատեսվում է նաև վերը նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

Անտառապահների և փրկարարների աշխտավարձերը կբարձրանան

Ընդունված համապատասխան որոշմամբ կառավարությունը կհատկացնի 43,992.0 հազ. դրամ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է փրկարար ծառայողների համար հավելումների վճարման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, փրկարար ծառայությունում հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են միայն ատոմակայանի տարածքում տեղակայված փրկարարական ջոկատի կողմից հատուկ ծառայության համար, այն դեպքում, երբ այլ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, և ներկայումս հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին: «Նրանք ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլև դա իրականացնում են ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշմամբ նախատեսվում է 2019-ի բյուջեում մոտ 475 մլն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեում 1,903 մլրդ դրամ ծախսերի ավելացում»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի չափով բարձրացում, հիմնական բարձրացումը լինելու է շարքային անձնակազմի համար: Ըստ նախարարի՝ կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավաձրն այս փոփոխությամբ կդառնա 130 հազար դրամ:

Փոփոխություններ և լրացումներ է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում, որոնց համաձայն՝ նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել դաշտային նոր  համազգեստի տեսակ՝ մինչ սեզոնային բաճկոն, ինչպես նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից ևս մեկում, որոնցով այսուհետ մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով: Նախատեսվում է նաև չգրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան: Որոշմամբ հանվում է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ: Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ: Նախատեսվում է նաև ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ