երեքշաբթի, 27 մարտի 2001
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր շնորհավորել է հայ բեմի բոլոր նվիրյալ գործիչներին: Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է.
«Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նորանկախ պետության համար դժվարին, հոգսաշատ օրերին այդ նվիրյալների շնորհիվ թատրոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը, մշտապես բաց պահեց դռները՝ արվեստի լույսի շողը հույսի փարոս դարձնելով ծանր ժամանակներ ապրող մեր հայրենակիցների համար: Այսօր էլ մեր երկրում դեռևս ամբողջությամբ չհաղթահարված ֆինանսական, տնտեսական դժվարություններից թատրոնն անմասն մնալ չի կարող: Չնայած դրան, կրկին ծնվում են նոր ներկայացումներ, ստեղծվում նոր թատերախմբեր ու թատրոնի վարագույրը եթե փակվում է, ապա միայն մինչև հաջորդ ներկայացման սկիզբը:
Կառավարությունն այսօր փորձում է իր հնարավորությունների սահմաններում որոշակիորեն աջակցել մշակութային օջախներին, այդ թվում թատրոններին, համոզված լինելով, որ երկրում ընդհանուր վիճակի բարելավմամբ կբարելավվի նաև նրանց վիճակը:
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ կրկին շնորհավորում եմ հանրապետության այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում ստեղծագործական հաջողություններ, անկոտրում ոգի՝ ի գոյատևություն մեր բազմադարյա հայ թատրոնի»: