ուրբաթ, 30 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, ՀԲ-ի՝ Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի օժանդակության վարկի առաքելության ղեկավար, Եվրոպայի և Ասիայի գծով գլխավոր տնտեսագետ Սաումիա Միտրային և առաքելության պատվիրակության անդամ, առաջատար տնտեսագետ Ռեզա Գասիմիին:
Քննարկվել են մեր երկրում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի օժանդակության վարկի առաքելության աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները: Արտահայտելով նաև Համաշխարհային բանկի ղեկավարության տեսակետը, պարոն Ռոբինսոնը և ՀԲ-ի առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ ՀԲ-ի քառամյա համագործակցությունը, ընդգծելով, որ դա բազմաթիվ երկրների կառավարությունների հետ ՀԲ-ի փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է: Նրանք նշել են, որ ՀԲ-ի տնօրենների խորհրդին օժանդակության վարկի ներկայացման ամսաթիվ է նշանակվել ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ը, իսկ մինչ այդ՝ առաջիկա ամիսներին կշարունակվեն գնահատման աշխատանքներն ու կողմերի միջև բանակցությունները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը, մի շարք ոլորտներում բարեփոխումները և այդ ուղղությամբ առաջիկա համատեղ աշխատանքը: Անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացման ընթացքին, որով ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ևս հետաքրքրված է: