Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 փետրվարի 2018

Վարչապետը հանձնարարել է վերացնել գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտները








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հանրապետական գործադիր մարմինների գործունեության վերաբերյալ էր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայումս ներկայացվում են հանրապետական գործադիր մարմինների 2017 թ. կատարված աշխատանքները, գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումները։ Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թ. նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը Համաշխարհային տնտեսական համաժողովում մասնակցության արդյունքների վերաբերյալ էր: «Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ»,-նշել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով։ Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացվեն կառավարության աշխատակազմ։
Վարչապետը հանձնարարական է տվել նաև արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման վերաբերյալ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:
«Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչու ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում»,-նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ էր: «Իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ համապատասխան գրանցումներն իրականացվում են սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, ինչը նաև որպես դրական արդյունք արձանագրվել է «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2018 թվականի զեկույցում։ Նշվածի հետ զուգահեռ, հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը և դրանց շրջանակը»,-նշել է վարչապետը և հանձնարարել արդարադատության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման, վերակազմակերպման մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման պարզեցման, գործնականում ՓԲԸ-ների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ: Հանձնարարվել է նաև գործարկել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համակցված լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը և ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։

 


Օրենսդրական նախաձեռնություններ


Սահմանվել է կառավարության կազմը և կառուցվածքը
Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ հստակեցվել է գործադիր իշխանության համակարգը, դրա համակարգային փոխհարաբերությունների շրջանակը ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և իշխանության մյուս ճյուղերի հետ: Օրինագծով սահմանվել է կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, կառավարության կազմում փոփոխությունները, կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ: Կարգավորվել են նաև կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի, որոշումների ընդունման կարգի վերաբերյալ: Սահմանվել են նաև կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը: «Ներկայում այդ հարցը կարգավորվում է երկու ակտով՝ կառավարության գործունեությունը կանոնակարգվում է Նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով: Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք: Կառավարությունը կազմավորված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ընդ որում, կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը»,- ներկայացրել է Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Սահմանադրությունը նախատեսել է մի շարք դրույթներ, թե ինչ ժամկետում պետք է առաջարկվեն կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որպեսզի կառավարությունը ձևավորվի: Օրինագծով նախատեսվում է, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու է 18 նախարարություն, սահմանվում է կառավարության անդամի երդում տալու նոր պահանջ: Սահմանվել են նաև դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական: Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև կառավարության նիստերի դռնփակության հետ կապված հարցին, որը նրա խոսքով, դառնալու է քննարկման առարկա: «Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց: Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»,- ասել է նախարարը: Նշվել է նաև, որ ամրագրվել են մի շարք նորմեր, որոնք ապահովում են կառավարության անդամների գործունեության երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական:
Սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը 
Հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը և դրանց կազմավորման կարգը, ինչպես նաև կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները: Օրինագծերով սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը, նախատեսվել է կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը, ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ, սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:
Սահմանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը
Հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում վերոնշյալ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների պահանջներին: Օրինագծով սահմանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը, հստակեցվել է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը և սահմանվել են ՀՀ պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները: Օրենքից հանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև բարձրագույն կոչում շնորհելու ՀՀ Նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները, հաստատվել են պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման նպատակն է, մասնավորապես, խուսափել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ամրագրված դրույթների հնարավոր կրկնություններից և կարգավորել այլ օրենքներով չկարգավորված դրույթները: Ինչպես նշել է Դավիթ Հարությունյանը, կարևոր նորամուծություններից է այն, որ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը դադարեցվում է միմիայն հանրային ֆինանսներից օգտվելու, հանրային պաշտոն զբաղեցնելու դեպքում:
Հստակեցվում և լրացվում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումները
Հավանություն է տրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենսդրական փաթեթում միավորված են ՏՄՊՊՀ-ի տարբեր տարիներին մշակած օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունումն էապես կբարելավի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես՝ սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձնաց պատասխանատվությունից ազատման և տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:
ՀՀ կառավարությանը նախատեսվում է վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն
Հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում և ևս երկու օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծերում սահմանվում է «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը: Նախագծերի կիրառման արդյունքում հանրապետության տարածքում կձևավորվի տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազա, կապահովվի շրջակա միջավայրի և բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատումը, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, նպաստել խախտված հողերի վերականգնման ապահովման նախադրյալների ստեղծմանը: Բացի այդ, նախագծի նպատակն է նաև ՀՀ կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը: Ներկայումս հանրապետությունում իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնց շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության համար անհրաժեշտ է հողագրունտ (լիցքի նյութ): Հողագրունտի հանման հետ կապված հարաբերությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողագրունտը հանդիսանում է հողածածկույթի մաս և վերջինիս նկատմամբ կիրառելի չէ ընդերքօգտագործման հետ կապված իրավակարգավորումը, իսկ հողագրունտի հանման կարգը, պայմանները ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն: Ստեղծված իրավիճակը և առկա իրավական բացը խոչընդոտ է հանդիսանում ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերն իրականացնող կապալառու կազմակերպությունների համար ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտն օրենսդրության պահանջներին համապատասխան հանելու և շինարարական աշխատանքները ժամանակին կատարելու և ավարտելու համար: Վերոշարադրյալ խնդիրը լուծելու նպատակով, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն: Վարչապետը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է. ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում կապալառուի, դոնոր կազմակերպության մոտ կան հարցադրումներ՝ կապված ճանապարհաշինարարության իրականացման համար պահանջվող լիցքի նյութերի ձեռքբերման հետ, որոնք պահանջում են արագ և օպերատիվ լուծումներ: Մասնավորապես, այդ հարցադրումները բարձրացրել է և՛ բանկը, և՛ Չինաստանի դեսպանը»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի մոտ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության նախարարների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին՝ տեղեկացնելով արդյունքների մասին:
Գործադիրը հավանություն է տվել ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի մշակումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Մասնավորապես, ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է ՀՀ Նախագահը։
Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել արտահերթ նիստ:


Կստեղծվի «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ

ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ պայմանավորված՝ կստեղծվի «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ: Հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը և այլն: Լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` «Զինուժ» ստուդիան, «Հայ զինվոր» և «Սպայի տուն» պետական հիմնարկները կմիավորվեն և կգործեն մեկ տարածքում: Ըստ հիմնավորման՝ միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով տեղեկատվական արտադրանքի որակի վրա:

 


Կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը: Ներկայումս գործող 7 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Մոբի դրամ» ՓԲԸ-ին: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաների տրամադրման ժամկետները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած երեք որոշումներում: Ըստ այդմ, մասնավորապես, երկու լիցենզիաների տրամադրման ժամկետ սահմանվել է 10 աշխատանքային օր:


Կբարելավվի գործարար միջավայրը

Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը միացման ձևով կվերակազմակերպվի և համամասնորեն կմիացվի հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան և արարատյան մաքսատուն-վարչություններին: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախաբացթողումային հսկողության վարչության գործառույթներն իրականացվում են վերոնշյալ մաքսատուն-վարչությունների կողմից՝ կրկնություններից խուսափելու նպատակով: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ որոշումն ուղղված է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավելագույնս հեշտացնելուն: «Ձերբազատվում ենք ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորություններից, այդ գործընթացում բիզնեսի համար էականորեն կրճատվում է ժամանակը, ընդլայնվում է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման շրջանակը»,-նշել է Վախթանգ Միրումյան՝ հավելելով, որ այս առաջարկությունն էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա:
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու նշել. «Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի: Շատ լավ բան է»:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների  ցանկը:

 

Կմեծանա ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման հասցեականությունը


Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:


Այլ որոշումներ. զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը


Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական, N 81 միջնակարգ դպրոցների շենքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթություն և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում: Արդյունքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի քաղաքում նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին:
Գործադիրն ընդունել է ««Գույք ամրացնելու և «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշում: ՀՀ կառավարության կողմից պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ, 2018 թ. սկսած՝ Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահելու անհրաժեշտությունը:
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել: Առավելագույնս պետք է իմանալ, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, որպեսզի հենց այդ տարբերակով հաշվետվությունը ներկայացվի: Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատվությամբ վերաբերվեք»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ