հինգշաբթի, 29 հուլիսի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նիստում գործադիրը որոշել է ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, ֆինանսական հատկացումներ կատարել Արմավիրի մարզպետարանին՝ մարզում ընթացիկ տարվա հուլիսի 9-ին տեղացած կարկուտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող հողօգտագործողներին պատճառված վնասի փոխհատուցման նպատակով: Մասնավորապես, տուժած հողօգտագործողների կողմից կատարված ոռոգման ջրի տարեկան վարձի գծով ծախսերը փոխհատուցելու (անկախ բերքի կորստի աստիճանից) և 60 տոկոսից բարձր բերքի կորուստ ունեցողներին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու համար՝ մինչև 415 մլն 884.2 հազար դրամ, մարզի Նոր Կեսարիա, Ջանֆիդա, Շենավան և Գետաշեն համայնքներում վնասված շենքերի և շինությունների վերանորոգման համար՝ մինչև 20 մլն 720 հազար դրամ: Նաև սուբվենցիաներ կտրամադրվեն այդ ժամանակ աղետից վնասներ կրած Արմավիրի բոլոր համայնքների բյուջեներին՝ աղետի արդյունքում բերքի կորուստ ունեցող մարզի բոլոր հողօգտագործողների կողմից 2004թ. հողի հարկի տարեկան գումարի վճարումները համայնքի բյուջե կատարելու համար համայնքային բյուջեից օժանդակություն տրամադրելու նպատակով:
Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, լրացուցիչ 122 մլն 400 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ մարզի դպրոցների լոկալ ջեռուցման համակարգի ստեղծման, առաջնահերթ հիմնանորոգման ենթակա աշխատանքների կատարման համար: Այդ կապակցությամբ ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ: Պահուստային ֆոնդի հաշվին ևս 1 մլն. 500 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարանի հրատարակման աշխատանքներն ավարտելու նպատակով:
«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է օրենքով հաստատված պետբյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 1 մլրդ 600 մլն դրամով: Որոշման նախագծով միաժամանակ առաջարկվել է ՀՀ 2004թ. պատբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուսատaյին ֆոնդի տարեկան գումարն ավելացնել շուրջ 1,6 մլդ դրամով: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել հարկային և մաքսային մարմինների կողմից ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրային ցուցանիշների գերակատարման փաստը: Հիշյալ որոշման ընդունման կապակցությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-N որոշման մեջ:
Գործադիրը հավանություն է տվել « Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի մշակումը պայմանավորված է նշված ոլորտներում մարդկանց կյանքի, գույքի ու շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ պետական հսկողության և տեխնիկական վերահսկողության իրավական դաշտի բացը լրացնելու անհրաժեշտությամբ: Օրենքը կնպաստի նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության բարձրացմանը: Մեկ այլ որոշմամբ, նկատի ունենալով, որ նշված օրենքով սահմանվում է այդ բնագավառում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը, նրա գործառույթները, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրասպառողների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին: Հարցի վերաբերյալ հնչած առաջարկներն ու դիտողությւնները որոշման նախագծում ներառելու անհրաժեշտությունը քննարկելու համար շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել է 3 օր ժամանակ:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգ ստեղծելու և գործունեության ապահովման կարգը:
Գործադիրը ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը՝ ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2004թ. աշխատանքային գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 2004թ. 1-ին կիսամյակի հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ըստ զեկուցողի, 112 հանձնարարական ընդգրկող ցանկից օբյեկտիվ պատճառներով 15 կետերը հանելուց կամ հաջորդ տարի տեղափոխելուց հետո, ցանկում մնացած և կատարման ենթակա 97 կետերից հուլիսի 27-ի դրությամբ կատարվել է 91 հանձնարարական, կամ ամբողջի 93%-ը: Չի կատարվել միջոցառումների ցանկով նախատեսված 6 կետ, կամ 6,2%-ը: Որոշումների նախգծերը, համաձայնեցման փուլում գտնվելու, օրենսդրական փաստաթղթերի ընդունմամբ և այլ պատճառներով կատարման ժամկետները տեղափոխելու հետևանքով մեկական հանձնարարականներ չեն կատարել կրթության և գիտության, քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարությունները: Նախարարությններին և գերատեսչություներին հանձնարարվել է առաել հետևողական լինել միջոցառումների ծրագրով ամրագրված իրենց հանձնարարկանների ժամանակին կատարման հարցում:
Կառավարությունն ի գիտություն է ընդունել նաև «Սոցիալական քարտերի համակարգի ներդրման ընթացքի և արդյունքների վերաբերյալ» (առ 30.06.2004թ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի հաշվետվությունը: Ըստ դրա, 2004թ. առաջին կիսամյակում հիմնականում իրականացվել են կազմակերպչական բնույթի աշխատանքներ՝ Երևանում և մարզերում, շարունակվել է համակարգի ներդրումն ապահովող համակարգչային ծրագրերի կատարելագործումը, ինչի շնորհիվ ապրիլի կեսերից մոտ 3 անգամ ավելացել է սոցիալական քարտերի հատկացման թողունակությունը: Ի թիվս կատարված մի շարք աշխատանքների, Աղվան Վարդանյանը նշել է, որ հաշվետու շրջանում արդյունավետորեն աշխատել են միջգերատեսչական աշխատանքային խումբը, նախարարության սոցիալական քարտերի համակարգի ներդրման օպերատիվ շտաբը, առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակական իրազեկման, սոցիալական քարտերի կիրառման կանոնների սահմանման աշխատանքներին:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչություն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Որոշմամբ հաստատվել են նաև տեսչության կանոնադրությունն ու ժամանակավոր կառուցվածքը: Կանոնադրության համաձայն, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվաիրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման, վերահսկողության և դրանց կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար ՀՀ կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ-ում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է վարչական վարույթի ընթացքում կատարած աշխատանքների համար փորձագետներին, թարգմանիչներին և վկաներին վճարումներ կատարելու կարգը: Որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և ուժի մեջ կմտնի նշված օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2005թ. հունվարի 1-ից:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս, որի նպատակը ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն է: Որոշմամբ սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների խախտման համար տուգանքի առավելագույն չափը չի ավելացվում, սակայն թույլատրվում է՝ տարվա ընթացքում կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում, նախկին մեկ անգամի փոխարեն, տվյալ սուբյեկտին երկրորդ անգամ ևս ենթարկել վարչական պատասխանատվության՝ համապատասխան տուգանքի նշանակումով:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ տարածքում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշմամբ, մասնավորապես, հստակեցվում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային (ՊՀՀ) ծառայության (տեսչության) կողմից ստուգման ընթացքում տրված հանձնարարականների կատարման փաստը կամ ընթացքը ուսումնասիրելու իրավական մեխանիզմը, ինչպես նաև նշված տեսչության կողմից ստուգման դեպքում հանվում է երեք օր առաջ նախազգուշացնելու պարտականությունը, ՊՀՀ տեսչության պետին հնարավորություն է ընձեռնվում բացառիկ (արտակարգ իրավիճակների, համաճարակների) դեպքերում կրկնակի ստուգում իրականացնել՝ իր կարգադրագրի հիման վրա:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին ևս: Որոշման ընդունումը պայմանավորված է «Ջրաէկոհամակարգի սանիտարական պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ: Հաշվի առնելով, որ դեռևս չի ընդունվել Ջրի ազգային ծրագիրը և ելնելով այդ տարածքների սահմանման համար իրականացվելիք աշխատանքների առանձնահատկություններից ու դաշտային հետազոտությունների մեծ ծավալից, նպատակահարմար է համարվել սահմանել նշված տարածքների չափորոշիչները, իսկ տարածքների փաստացի սահմանները կորոշվեն Ջրի ազգային ծրագրի շրջանակներում՝ համաձայն այդ չափորոշիչների:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (Կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին ՀՀ պաշտպանության նախարարության միանալու, ինչպես նաև «ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև Հայաստանի ականազերծման» ծրագրի կնքման առաջարկություններին:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ակտիվների կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացնել Երևան քաղաքի Աճառյան փողոցի N2 հասցեում գտնվող 6840 քմ. ընդհանուր մակերեսով շենքի մասը և այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրինության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի 39 հասցեում գտնվող 364.60 քմ. ընդհանուր մակերեսով շենքը անհատույց, սեփականության իրավունքով օտարվել է Բերդի քաղաքային համայնքին՝ վարչական նշանակությամբ օգտագործելու նպատակով:
Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի նպատակահարմար է համարվում սնանկության վերաբերյալ գործը ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքերում նրա կողմից չկատարված հարկային պարտավորությունները համարել անհուսալի և դրանց մասով վարել առանձնացված հաշվառում: Սահմանվում է, որ անհուսալի դառնալուց հետո 5 տարվա ընթացքում չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, կառավարությունը հաստատել է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքով սահմանված ցանկում ընդգրկված այն ապրանքների առանձին ցանկը, որոնց ներմուծման պահին սահմանվում է հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ: Հաստատվել է նաև նշված օրենքով սահմանված ցանկում ընդգրկված որոշ ապրանքների ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջրկվող փոփոխությամբ հիշյալ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում է տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու նոր հիմք, որը հնարավորություն կտա ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ:
«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման ցանկերը՝ համաձայնեցված նշված մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է մի շարք բնակավայրերի օտարահունչ անվանումների փոփոխման անհրաժեշտությամբ:
Գործադիրը որոշում է ընդունել Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում փոփոխություն կատարելու և նրա վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ ևս:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արմավիրի, Սյունիքի և Լոռու մարզերի մոտ մեկ տասնյակ գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու մասին: