Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 հուլիսի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 12-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:


Այսօր առավոտյան ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Արարողությունից հետո, ՌԴ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, որը շարունակվել է նաև ընդլայնված կազմով՝ ՌԴ կառավարության և Հայաստանի պատվիրակության անդամների մասնակցությամբ:


Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Միխայիլ Ֆրադկովին, այցի հրավերի համար: Նշելով, որ երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցություններն ավանդաբար անցնում են բարյացակամության, անկեղծության և կառուցողական մթնոլորտում, ՀՀ կառավարության ղեկավարը հավաստել է այսուհետ ևս երկու երկրների գործադիր իշխանությունների միջև համագործակցությունը զարգացնելու և խորացնելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև Միխայիլ Ֆրադկովի հետ:


Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել բոլոր բնագավառներում հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից: Ըստ նրա, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը, ինչին մեծապես նպաստում է նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամկետում այդ հանձնաժողովի ռուսաստանյան նոր համանախագահի նշանակումը և հանձնաժողովի հերթական նիստի գումարումը կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության ներկա փուլում գոյություն ունեցող խնդիրների համակարգմանն ու շուտափույթ լուծմանը:


Զրույցի ընթացքում կողմերը շոշոփել են հարցերի լայն շրջանակ, անդրադառնալով նաև երկու երկրների միջև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքին: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված հայաստանյան ձեռնարկությունների արագ վերազինմամբ և վերագործարկմամբ ու իր կողմից անում է հնարավորը դրան նպաստելու համար: ՌԴ կառավարության ղեկավարը ևս հավաստել է ռուսական կողմի շահագրգռվածությունը այս հարցում՝ նշելով, որ իրենք տրամադրված են լայն ու երկարատև փոխգործակցության նաև արդյունաբերության բնագավառում, փոխշահավետ ներդրումներ կատարելու և այլ միջոցներով: Միխայիլ Ֆրադկովը տեղեկացրել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ նշանակելու մտադրության մասին: Հույս է հայտնվել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի հրավիրել հանձնաժողովի հերթական նիստը:


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության հետագա զարգացման համար կարևոր է համարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ռուսական ներդրումների ներգրավումը Հայաստանի սննդի և վերամշակման արդյունաբերության մեջ, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և ներմուծման ընդլայնումը:


Բանակցություններում զգալի տեղ է հատկացվել տրանսպորտի և հաղորդակցության ուղիների ոլորտում համագործակցության հարցերին: Կողմերն ընդգծել են, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են այդ բնագավառում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Մասնավորապես, նշվել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում Հայաստանի ներգրավման, Կավկազ-Փոթի երկաթուղային լաստանավային անցուղու բացման, երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման գործընթացների արագացման անհրաժեշտությունը:


Անդրանիկ Մարգարյանը և Միխայիլ Ֆրադկովը անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններից մեկին՝ էներգետիկայի բնագավառին, և գազի արդյունաբերության ոլորտում գործակցությանը: ՀՀ վարչապետն առաջարկել է իր գործընկերոջը՝ քննարկել Հայաստանի գազի բնագավառում ներդրումային նախագծերի իրականացմանը ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի հետագա գործունեության խնդրին:


Խոսելով կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին, կողմերը նշել են, մասնավորապես, հիմնարար և կիրառական հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում երկու երկրների միջև առավել սերտ համագործակցության հաստատման, գիտակրթական և մշակութային կենտրոնների հիմնման անհրաժեշտությունը:


Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչական առանձին սուբյեկտների միջև փոխգործակցության սերտացման, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման խնդիրներին:


ՌԴ կառավարության նախագահը՝ նշելով, որ ընթացիկ տարին երկկողմ համագործակցության առումով հարուստ էր իրադարձություններով, բարձր մակարդակի փոխայցելություններով, որի վկայությունն է նաև օրերս կայացած ՀՀ նախագահի և արտգործնախարարի այցերին հաջորդած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը, ընդգծել է, որ երկու երկրների երկխոսությունը բոլոր ուղղություններով նոր բովանդակությամբ է համալրվում ու զարգանում: Նա գոհունակությամբ է խոսել ավելացող առևտրաշրջանառության ծավալների մասին, միաժամանակ նշելով, որ առկա ներուժը, հնարավորությունները նկատի առնելով, դա դեռևս բավարար չի կարելի համարել: Միխայիլ Ֆրադկովը հույս է հայտնել, որ իր գործընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի այցը նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:


Ընդլանված կազմով հանդիպմանը, համապատասխան նախարարները որոշակի պարզաբանումներ են տվել հնչած մի շարք հարցերի շուրջ:


Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել զրուցակցին կառուցողական և արդյունավետ երկխոսության համար, հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կարևոր քայլ կհանդիսանա հայ-ռուսական համագործակցության հետագա խորացման համար: Անդրանիկ Մարգարյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին փոխադարձաբար հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում:


Բանակցությունների ավարտից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարը իր ռուս գործընկերոջ հետ ստորագրել է «Կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Միխայիլ Ֆրադկովին, հրավերի և Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության ոլորտում վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները, նա վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս այն կշարունակվի նույն թափով՝ հիմնվելով հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության և երկու երկրների ռազմավարական գործակցության վրա: Հայաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության բարձր մակարդակը՝ կյանքի բոլոր բնագավառներում, ընդգծելով, որ Ռուսաստանն առաջվա նման շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը:


Ըստ Անդրանիկ Մարգարյանի, քննարկումներ են տեղի ունեցել հարցերի բավականին լայն շրջանակ ներառող՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, ֆինանսներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների վերաբերյալ, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, նշվել են համագործակցության հետագա զարգացման ուղղությունները: Նա հայտնել է նաև, որ ՌԴ վարչապետի հետ պայմանավորվել են հանդիպումները դարձնել ավելի հաճախակի, ակտիվացնել շփումները, ինչը հնարավորություն կտա օպերատիվորեն լուծելու մշտական ուշադրություն պահանջող հարցերը: ՀՀ վարչապետն ու իր ռուս գործընկերը պատասխանել են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայաստանյան ձեռնարկությունների վերագործարկման հեռանկարներին վերաբերող և մի շարք այլ հարցերի:


Այնուհետև ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի անունից պաշտոնական ճաշ է տրվել՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Այնուհետև ՀՀ վարչապետն այցելել է Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի «Հայաստան» տաղավար, որի վերաբերյալ ևս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակության և ՌԴ կառավարության անդամների ընդլանված կազմով հանդիպմանը անդրադարձ է եղել: Մասնավորապես, հայկական կողմն առաջարկել է առաջիկայում ստորագրել տաղավարի վարձակալության երկարաժամկետ համաձայնագիր և կայուն գնագոյացման պայմաններում շարունակել գործունեությունը, քանի որ միայն տաղավարի գործունեության արդյունքում մոտ 3 մլն դոլարով ավելացել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը: Այցելության ժամանակ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տնօրեն Մ. Մուսաևի հետ :


Վաղը՝ հուլիսի 14-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ