Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 սեպտեմբերի 2017

Կառավարությունը նախատեսում է սահմանել արտահանողների ԱԱՀ-ի վերադարձման ավելի կարճ ժամանակահատված









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում: Կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում այն ֆինանսական դժվարություններ կարող է ստեղծել իրենց համար»:
Այդ նպատակով վարչապետը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:
Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել: «Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ

Անդրադառնալով խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները։ Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ Բացի այդ, նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը: Հանձնարարվել է ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։
«Ռեսուրսն իրականում նվազել է: Այս ոլորտը, որը մենք համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է գտնվում: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»,-նշել է վարչապետը:


Կգույքագրվեն ՀՀ խոշոր քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտները


Գործադիրի ղեկավարի երրորդ հանձնարարականը հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ էր: «Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես` խոշոր քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ և հողամասեր, որտեղ տարիներ շարունակ շինարարություն չի իրականացվել: Նշված կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների անհրապույր տեսքից և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, ինչպես նաև զբոսաշրջության համար առավել գրավիչ միջավայր ձևավորելու նպատակով հանձնարարում եմ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա, հանրապետության քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը»,-ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է նաև 2-ամսյա ժամկետում
կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրության համապատասխան:


Մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Արդյունավետ քննարկումներ իրականացնելու նպատակով, մեր կողմից սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել է հանձնարարական՝ ոլորտային աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3-ամսյա ժամկետում կիրականացվեն ռեգուլյար թեմատիկ քննարկումներ՝ նշված փաստաթղթի վերաբերյալ»,-ասել է Կարեն Կարապետյանը։ Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթն իրականացնելու է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»։
Վարչապետը, դիմելով հանրապետական բոլոր գործադիր մարմինների ղեկավարներին, հորդորել է նշված աշխատանքային խմբերը ձևավորել լավագույն մասնագետներից և ակտիվորեն ներգրավվել «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքներին՝ համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ։


Ծառայությունների մատուցում՝ անձի գնահատված կարիքի հիման վրա. հաշմանդամի սայլակը և լսողական սարքը կտրամադրվեն հավաստագրերով

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը: Ինչպես նաև, եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, որոշմամբ առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն): Միաժամանակ, հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ Այս գործընթացը նախատեսվում է փորձնական սկսել այս տարվա ընթացքում:
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակն է խթանել հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացմանը, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանն ու տարածմանը և այլն:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու և զինվորական կենսաթոշակների նշանակման և վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, 2018 թ. հունվարի 1-ից համապատասխան մարմինների համակարգերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու և վճարումն ապահովելու նպատակով՝ վճարման ցուցակները վճարող կազմակերպություններին տրամադրելու գործառույթները կիրականացվեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ»-ի միջոցով։ Արդյունքում կբարելավվի այդ անձանց հաշվառման գործընթացի արդյունավետությունը, ՀՀ պետբյուջեի ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը, կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:


էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի


Գործադիրը հավանություն է տվել ««Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործմամբ: Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր: Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունների արդյունքում շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առևտրի խթանման համար՝ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանվածությունը և պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջև: Նախատեսվում է առանձնացնել բաշխման և մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն էլ իր հերթին կավելացնի գանձվող պետական տուրքերը: Կհստակեցվեն նաև համակարգի և շուկայի օպերատորների գործառույթները, կսահմանվի նոր՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա, որով սահմանված գործունեությունը գրեթե կարգավորման չի ենթարկվի, ինչը կխթանի միջպետական առևտուրը:
Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել վերոնշյալ օրենքի գործողության ժամկետը՝ «2018» թիվը փոխարինելով «2021» թվով: Արդյունքում սահմանամերձ համայնքների բնակավայրերում կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:
 

 

Օպտիմալացումը կնպաստի առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը


Կառավարության որոշմամբ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպվեն: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ կառույցների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում. կտնտեսվի մոտ 30 մլն դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը: Հիմնավորման համաձայն՝ ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունների գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացնել մեկ առանձնացված ստորաբաժանումը: Ըստ այդմ, նախատեսվում է միաձուլել այդ ստորաբաժանումները: Կառուցվածքային փոփոխության արդյունքում կբարձրանա նախարարության գործունեության արդյունավետությունը:
 


Շիրակի մարզում կներդրվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման եվրոպական չափանիշները բավարարող ենթահամակարգ


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին: Ըստ այդմ, առաջարկվում է մարզում ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշները բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: ԿԿԹԿ ենթահամակարգի կայացման արդյունքում` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական ներգործությունը կնվազեցվի և կչեզոքացվի, կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ, համապատասխան պահանջարկի դեպքում կիրականացվի օգտահանման ենթակա թափոնների տեսակավորում և այլն:


Կառավարության աջակցությունն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը


Կառավարությունը որոշել է թույլատրել «Արիդես» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: Ընկերությունը ՀՀ կառավարության 2016 թ. համապատասխան որոշմամբ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արդեն իրականացնում է ալկոթեստերային սարքերի արտադրության գործունեություն։ Ներկայումս ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։ Նոր գործարար ծրագրով նախատեսվում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ: Ծրագրի շրջանակում ներդրումները կկազմեն շուրջ 4,3 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում, ևս 40 նոր աշխատատեղ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Քեյր գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել է ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Ընկերությունը նախատեսում է զբաղվել բամբակի, բամբակյա պարագաների և խոնավ անձեռոցիկների արտադրությամբ, ինչի համար նպատակադրված է կատարել շուրջ 720 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ներմուծել սարքավորումներ՝ շուրջ 170 մլն ՀՀ դրամի չափով։ Արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ ՝ 2018 թ.-ին 120 հազար, 2019 թ.-ին՝ 140 հազար և 2020 թ.-ին՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Բավարարվել են նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է առողջապահության ոլորտում: Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի նպատակն է վերազինել արդեն իսկ գործող բժշկական կենտրոնը ամբողջովին նոր սարքավորումներով: Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել մոտ 4 մլրդ ՀՀ դրամ ներդրում. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ։
 

 

Նախատեսվում է պարզեցնել ռեզիդենտության փաստի հիմնավորման գործընթացը
 

Կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցնել ռեզիդենտության փաստի հիմնավորման գործընթացը՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու նպատակով ռեզիդենտության փաստը հիմնավորվում է նաև համապատասխան երկրի իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրոնային համակարգի միջոցով կամ այդ համակարգից գեներացված փաստաթղթով:



Լուծվում են հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները
 


Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում: Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը:
Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա համայնքային հողերը դարձնել մշակովի:
Կառավարության որոշմամբ կնվազեցվի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և գույքը կամրացվի ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Հիմնավորման համաձայն՝ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը Չափագիտության ազգային ինստիտուտին միացնելու արդյունքում վերջինիս է անցել նաև փորձարարական մշակումների գործարանը, որը, սակայն չի օգտագործվում: Ընկերությունը գործարանի պահպանման նպատակով տարեկան կատարում է շուրջ 6,0 մլն. ՀՀ դրամի չափով ծախսեր՝ պահպանության և գույքային հարկերի մասով: Ընկերության առողջացման համար նպատակահարմար է նշված գույքային միավորը տնօրինությունից հանել, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կատարվող ծախսերը, ինչպես նաև կնպաստի նշված գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Գործարանը գտնվում է առանձնացված` պարսպապատ տարածքում, ապահովված է ջրով, բնական գազով և էլեկտրամատակարարումով և կարող է ներդրումային հետաքրքրություն առաջացնել:
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է լուծարել Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում ինստիտուտի հետ պետք է կնքի 2007 թ. հոկտեմբերի 26-ին կնքված անհատույց օգտագործման համապատասխան պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր: Այնուհետև կիրականացվեն ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի հանձնման–ընդունման աշխատանքները և կներկայացվի առաջարկություն դրանց հետագա օգտագործման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է գույքագրել օպտիմալացման արդյունքում ազատված շինությունները և հոկտեմբերին տեղեկանք ներկայացնել դրանց վերաբերյալ՝ քննարկելու նպատակով:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ